Շտապ բժշկական օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Շտապօգնության աշխատակիցներից ոչ մեկը այսօրվա դրությամբ չի մեկուսացվել կորոնավիրուսի պատճառով։
Շտապօգնության երեք աշխատակիցներ կարանտինի մեջ են պահվել կորոնավիրուսով ամենաառաջին պացիենտի հետ շփման պատճառով։ Սակայն 14 օր անց 3-ի թեստերի պատասխանները բացասական են եղել, եւ նրանք աշխատանքի են վերադարձել։
Թագուհի Ստեփանյանի խոսքերով՝ շտապօգնության բոլոր աշխատակիցների մոտ կորոնավիրուսից պաշտպանության համար անհրաժեշտ ամեն ինչ կա։
Թագուհի Ստեփանյանը նշեց, որ որոշ մարդիկ, որոնք շփվել են կորոնավիրուսով վարակվածների հետ, թաքնվել են բժիշկներից։
«Անհասկանալի է, թե ինչու են այդպիսի մարդիկ թաքնվում։ Նրանք պետք է գտնվեն մասնագետների հսկողության տակ եւ հասկանան, որ կարող են վտանգ ներկայացնել շրջապատի համար։ Պետք է նրանք իրենց ավելի գիտակից պահեն, միայն այդպես կարելի է դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Ինչպե՞ս կարելի է թաքնվել»,- նշեց Ստեփանյանը։
Նա հավելեց, որ եթե շտապօգնության բժիշկներին զինեն կորոնավիրուսի ռապիդ-թեսթերով, դա նկատելիորեն կնվազեցնի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմի ծանրաբեռնվածությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը