Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտնում է, որ ավելի քան երկու շաբաթ առանց որևէ շփման իրավունքի գտնվելով մեկուսացման մեջ՝ Ռուբեն Վարդանյանին առաջին անգամ թույլատրվել է կապ հաստատել ընտանիքի հետ։ Դա տեղի է ունեցել հրատապ կոչով միջազգային հանրությանը դիմելուց և Ռուբեն Վարդանյանի կողմից հացադուլ սկսելու մասին հայտնելուց հետո։
Հայտարարության մեջ նաև ասվում է․ «Հեռախոսազանգի ժամանակ Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ այս ընթացքում եղել է լիակատար մեկուսացման մեջ և անգամ կարդալու հնարավորություն չի ունեցել։ Որքանով մեզ է հայտնի՝ նրա միայն արյան ճնշումն են չափել և ուրիշ ոչինչ, ինչը մեզ ավելի է անհանգստացնում նրա առողջական վիճակի վատթարացման առումով։ Ռուբեն Վարդանյանը վերջում ասել է. «Ես հիմա ավելի քան երբևէ համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն առավել կարևոր են, քան նույնիսկ կյանքը»:
Մենք պահանջում ենք, որ Ադրբեջանը թույլ տա Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին անհապաղ կերպով այցելել նրան, որպեսզի նրա առողջական վիճակի մասին ունենանք անկախ ապացույցներ և համոզված լինենք, որ հացադուլի ընթացքում նրան ցուցաբերվում է պատշաճ բժշկական օգնություն:
Ի հավելումն՝ մենք վերահաստատում ենք Ռուբենի պահանջը՝ անհապաղ կերպով և անվերապահորեն ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին։
Մենք երախտագիտություն ենք հայտնում միջազգային հանրությանը, լրատվամիջոցներին և բոլոր նրանց, ովքեր այս օրերին գրում և խոսում են Ռուբենի մասին։ Հենց այդ ջանքերի շնորհիվ է հնարավոր դարձել ավելի քան երկու շաբաթ անց նրա առաջին հեռախոսկապը ընտանիքի հետ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը