Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի: Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ բոլոր նոր վարակվածները նույն շրջանակից են, այսինքն 18 վարակվածներից 11-ը հայտնի նշանդրեքի մասնակիցներից են:
Վարչապետը նշեց, որ ունի եւ լավ եւ վատ նորություններ: «Վատ նորությունն այն է, որ երեկվա եթերից հետո եւս 5 ախտորոշված դեպք ունենք: Այսինքն ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ ունենք 18 դրական ախտորոշում: Լավ լուրերը երկուսն են. առաջինը, որ նոր ախտորոշումները արդեն իսկ մեկուսացված շրջանակից են: Հաջորդ լավ լուրն այն է, որ մեր առաջին պացիենտը, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, դա մարտի 1-ին էր, իր մոտ թեստն արդեն բացասական պատասխան է տվել: Եթե կրկնակի թեստի արդյունքը նորից բացասական լինի, մեր առաջին պացիենտը արդեն առողջացումով դուրս կգրվի»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ ուզում է գնահատանքի տուրք մատուցել առաջին պացիենտին. «Նա Հայաստան էր ժամանել Իրանից, խստորեն հետեւլ էր առողջապահության նախարարությանհրահանգներին եւ հենց իր մոտ ջերմություն էր նկատվել, անմիջապես դիմել են բժշկի, շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր հիվանդանոց եւ նրա գործողությունների արդյունքում մենք կարողացանք խուսափել իր հետ շփված շրջանակի մարդկանց միջոցով վարակի տարածումից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելեց, որ այդ անձի հետ շփված 31 անձանց մեկուսացրել էին «Գոլդեն Փելիս» հյուրանոցում, որից 28-ի թեստը բացասական է եղել եւ նրանք տուն են գնացել: «Ցավոք նրանցից երկուսի մոտ կորոնավիրուսը հաստատվեց, մեկի մոտ չհաստատվեց, բայց քանի որ նա հաստատված դեպքերից մեկի ընտանիքի անդամ էր, նա կշարունակի մնալ մեկուսացման պայմաններում:
Այս պահին 18, փաստացի 17 ախտորոշված դեպքերից 11-ը Էջմիածնի հայտնի նշանդրեքի դեպքերն են: Կարծես թե մենք որոշակի կարծիք ունենք, որ մեզ հաջողվել է մեկուսացնել հայտնի նշանդրեքի մասնակիցներին, նրանց շրջանակը: Այս պահին մոտ 200 մարդ մեկուսացված է: Անկեղծ ասած, այստեղ 100 տոկոսով վստահություն ունենալ չի կարելի»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Ռիսկի գոտում գտնվող մարդ չունենք, որովհետեւ մեր հաստատված դեպքերը մինչեւ 51 տարեկան են, իսկ պրակտիկան ցույց է տալիս, որ 100 տոկոսով բուժում պետք է ունենանք: Միայն մեկ քաղաքացի ունենք, որ 72 տարեկան է, բայց փառք Աստխո, նրա մոտ որեւէ բացասական ախտանշաններ չկան: Այնպես որ հույս ունենք, որ այս պրոցեսը մենք ավելի թեթեւ կտանենք, քան տարել ենք H1N1 վիրուսի դեպքը:
Գիտեմ, որ էլ շատ քաղաքացիներ առողջապահության նախարարության հորդորներին հետեւելով շաբաթ-կիրակին անց են կացնում ընտանեկան միջավայրում: Մենք նույնպես այդպես ենք վարվում:
Յուրաքանչյուրիս պատասխանատվությունը շատ կարեւոր է հետագա պրոբլեմները կանխելու համար»,-նշեց Փաշինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը