Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծը:
Ինչպես հայտնում է Առողջապահության նախարարությունը, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դեղատոմսով պետք է բաց թողնվեն հետևյալ դեղային խմբերը` հսկվող դեղերը և դեղանյութերը (թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող), անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, ինչպես նաև համակարգային ազդեցությամբ հակավարակային դեղերը (հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերը, իմունային շիճուկները և իմունոգլոբուլինները, պատվաստանյութերը), ինչպես նաև միզոպրոստոլ պարունակող դեղերը: Սրանք կազմում են Հայաստանում գրանցված դեղերի շուրջ 13%-ը:
Մնացած բոլոր դեղատոմսային դեղերի համար կարգը կկիրառվի 2023 թվականից՝ էլեկտրոնային առողջապահության լիարժեք ներդրումից հետո, որը կապահովի նկարագրված գործընթացների դյուրացում՝ ապահովելով ցանկացած դեղատնից դեղատմոսում դուրս գրված դեղի մնացորդային քանակները ձեռք բերելու հնարավորություն:
Նշենք, որ որոշմամբ սահմանվել են պահանջներ թղթային և էլեկտրոնային դեղատոմսեր գրելու համար:
Վերանայվել են թղթային դեղատոմսային ձևաթղթերը՝ առանձնացնելով դրանք թմրամիջոցներ պարունակող դեղերի (N 1), հոգեմետ նյութեր պարունակող դեղերի (N2), փոխհատուցվող դեղերի համար(N 3), դեղերի և դեղանյութերի մեկանգամյա կամ բազմակի բաց թողնման համար (N 4), ընդ որում դեղատոմսերը կարող են լրացվել գրիչով, կամ տպագրվել, որոշ տվյալների համար կարող են կիրառվել պատրաստի դրոշմակնիքներ:
Հանվել է «ԲԺՇԿԻ ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ» հատվածը՝ բլանկների տպագրության գործընթացը հեշտացնելու և դեղատոմսի դարձերեսը ազատ թողնելու նպատակով՝ անհրաժեշտության դեպքում հետագա լրացումներ կատարելու համար:
Հստակեցվել են բլանկների կենտրոնացված և ապակենտրոնացված տպագրության, ինչպես նաև համարակալման և հաշվառման գործընթացները:
Դեղը բազմակի բաց թողնելու համար սահմանվել է երկու հնարավորություն՝ դեղը գրվում է մի քանի ամսվա կուրսի համար մեկ ձևաթղթի վրա և պացիենտը դեղատոմսը թողնում է դեղատանը՝ հետագայում դեղը նույն դեղատնից ձեռք բերելու պայմանով, կամ բժիշկը նույն օրը գրում է երկու կամ երեք դեղատոմս, յուրաքանչյուրը 2-ական ամիս բուժման համար: Եթե պացիենտը չի կարող ամբողջական փաթեթով դեղը ձեռք բերել, կրկին դեղատոմսը թողնում է դեղատանը և հետագայում նույն դեղատնից ստանում մնացած քանակները:
Վերանայվել են միայն ամբուլատոր քարտի մասին նշում կատարելու պահանջը, լեզվական սահմանափակումները՝ առանձնացնելով այն դաշտերը, որտեղ կարող են կատարվել նաև անգլերեն կամ լատիներեն գրառումներ:
Սահմանվել են դրույթներ դեղագետի գործողությունների վերաբերյալ՝ դեղատոմսերում սխալներ կամ անճշտություններ հայտնաբերելու դեպքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը