Հայաստանում քաղցկեղից տարեկան մահանում է շուրջ 5600 մարդ, ինչը մահացության, այդ թվում` վաղաժամ մահացության պատճառներից 2-րդն է սրտանոթային հիվանդություններից հետո: 2012 թվականի նկատմամբ քաղցկեղի տարածվածությունը 2017-ին աճել է 27%-ով, իսկ հիվանդացության նոր դեպքերի թիվը կազմել է 8389, ինչը 6%-ով ավելին է 2012-ի համեմատ:
Թեև վերջին տարիներին ՀՀ բնակչության շրջանում արձանագրվել է քաղցկեղով հիվանդացության որոշակի կայունացում (2017 թվականին դեպքերի թիվը նախորդ տարվա նկատմամբ ավելացել է ընդամենը 0.2%-ով), այնուամենայնիվ, ԱՀԿ կանխատեսումների համաձայն, մինչև 2030 թվականն ամբողջ աշխարհում քաղցկեղի նոր դեպքերի թիվը կարող է հասնել ներկայիս 12 միլիոնից մինչև 27-ի, իսկ մահերինը` 8-ից 17 միլիոնի:
ՀՀ Առողջապահության նախարարության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչները` Armenia imPACT Review առաքելության շրջանակներում: Այցի նպատակն է խորհրդատվական աջակցություն տրամադրել քաղցկեղի դեմ պայքարի ազգային ռազմավարության մշակման և ներդրման հարցում:
Միջազգային փորձագետները հանդիպել են առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության անձնակազմին: Առաքելության ընթացքում նախատեսվում են նաև քննարկումներ ոլորտի մասնագետների հետ, ինչպես նաև այցելություններ ուռուցքաբանական ծառայություն մատուցող բժշկական կազմակերպություններ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը