05 07 2018

Հայաստանի դեղատներում հայտնվել են Ադրբեջանի և Թուրքիայի սպառողների համար նախատեսված դեղեր

Հայաստանի դեղատներում հայտնվել են Ադրբեջանի և Թուրքիայի սպառողների համար նախատեսված դեղեր

Հայաստանյան դեղատներում վաճառվող կասկածելի ծագման «Ավելոքս» և «Պուրոքսան» դեղերը մեր երկրում հայտնվել են անօրինական ճանապարհով:

Այս մասին ֆեյբուքյան էջում գրել է ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը՝ հավելելով. «Դրանք ՀՀ-ում գրանցված նույնանուն դեղերից տարբերվում են թե արտաքին տեսքով, թե արտադրության երկրով և թե գրանցման սերիական համարով:

Նշված դեղամիջոցներն այս պահին փորձաքննության են ենթարկվում ՀՀ ԱՆ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում:

Կասկածելի ծագման «Ավելոքս» դեղը «Բայեր» ֆիրմայի արտադրության է՝ նախատեսված թուրքական շուկայի համար, ինչը փաստում են նաև դեղի տուփի վրայի նշագրումները: Հայաստանում «Ավելոքս» դեղը գրանցված է, սակայն 400 մգ դեղաչափով 5 հաբանոց տուփերի տեսքով: Իսկ անհայտ ծագման «Ավելոքսի» տուփը 7 հաբ է պարունակում, մեզ մոտ գրանցվածից տարբերվում է արտաքին տեսքով, գույնով:

«Պուրոքսանի» ներդիրն ամբողջությամբ ադրբեջաներեն է՝ հաստատված Ադրբեջանի կողմից 2014 թվականին: Այսպիսի արտադրության դեղամիջոցը ևս չէր կարող օրինական ճանապարհով մուտք գործած լինել Հայաստան:

Մեր երկրում «Պուրոքսանի» գրանցման ժամկետն ավարտվել է, այն այժմ վերագրանցման փուլում է: Մինչ այժմ այս դեղամիջոցը Հայաստան է ներմուծվել՝ ձեռք բերվելով ուղիղ բելգիական արտադրողից:

Փաթեթի տվյալներով՝ այս դեղերը ժամկետանց չեն:

Մանրամասները փոխանցվել են համապատասխան տեսչական մարմնին՝ հետագա անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար:

Միաժամանակ՝ ԱՆ-ն դիմելու է իրավապահներին՝ պարզելու՝ ինչ ճանապարհով են դրանք հայտնվել հայաստանյան շուկայում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ