30 06 2018

Ի՞նչ անել սննդային թունավորումներից խուսափելու համար

Ի՞նչ անել սննդային թունավորումներից խուսափելու համար

Շոգ եղանակին բարձրանում է վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման և տարածման վտանգը: Այս առումով առողջապահության նախարարությունը տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է ճշգրիտ կերպով պահպանել մթերքի պատրաստման և իրացման պայմանները, իսկ քաղաքացիներին՝ զերծ մնալ  արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող  սննդամթերքը (միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք,  կրեմային հրուշակեղեն,  մանկական սնունդ, չփաթեթավորված սննդամթերք,  կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ, գրիլ, արագ փչացող սննդատեսակներով սենդվիչներ, ձկնեղեն  և այլն)   բացօթյա պայմաններում և այդ նպատակի համար չնախատեսված վայրերից գնելուց:

Առավել ռիսկային է  սննդամթերքի  բացօթյա պատրաստումը և վաճառքը, որի դեպքում չի բացառվում  սննդամթերքի մանրէային  երկրորդային աղտոտումը, ինչը կարող է սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների  և սննդային թունավորումների  առաջացման ու տարածման պատճառ հանդիսանալ:

Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է.

  • սննդամթերքը (միրգ-բանջարեղեն)  լավ լվանալ հոսող մաքուր ջրով,
  • պահել սննդամթերքը պատշաճ ջերմային պայմաններում` սառնարանում,
  • ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք,
  • չգնել  արևի տակ, բաց օդում, փողոցներում, բակերում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն,
  • ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր,
  • սննդամթերքը պահել փակ տարաներում՝ ճանճերի կողմից աղտոտումը կանխարգելելու նպատակով,
  • առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղեն և այլն),
  • սնունդը լավ եփել կամ տապակել` առնվազն 700C պայմաններում,
  • պատահական վայրերից սունկ չգնել: Գնված սունկը լվանալիս պետք է լինել ուշադիր և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ
  • հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց  և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո։

Վարակիչ հիվանդությունների նկատմամբ հատկապես ընկալունակ են երեխաները: Այդ պատճառով սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակներից խուսափելու համար ԱՆ-ն հորդորում է նախադպրոցական ուսումնական և երեխաների ամառային հանգստի կազմակերպման հաստատություններում ուժեղացնել հսկողությունը ՀՀ տարածքում գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջների նկատմամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով սննդի ձեռք բերման, պատրաստման, պահպանման, իրացման պայմանների նկատմամբ, մասնավորապես՝ բացառել առանց որակն ու անվտանգությունը հավաստող փաստաթղթերի պարենահումքի և սննդամթերքի օգտագործումը:

Հարկ է նաև ուժեղացնել հսկողությունը հանրային սննդի, սննդարդյունաբերական, առևտրի կազմակերպություններում սննդամթերքի անվտանգության ուղղությամբ սահմանված պահանջների նկատմամբ, հատկապես կաթի և կաթնամթերքի արտադրության ժամանակ՝ հումքի ընդունման, վերամշակման, կաթնամթերքի արտադրության, տեղափոխման, իրացման և պիտանելիության ժամկետերի առումով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ