Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում մարտի 13-ին քննարկել են «Արմենիկում» կլինիկական կենտրոնի հետագա ճակատագրի, «Արմենիկում» դեղամիջոցի հեռանկարների և ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնին տրվող պետական ֆինանսավորման դադարեցման և կենտրոնի հնարավոր փակման հարցերը:
«Արմենիկումի» կլինիկական ծառայությունների ղեկավար Վիոլետա Սարգսյանը ներկայացրել է կենտրոնի ծառայությունները՝ նշելով, որ այս տարիների ընթացքում «Արմենիկում» դեղամիջոցի արդյունավետությունը զգացվել է ոչ միայն ՄԻԱՎ վարակակիրների կյանքի որակը փոխելու, հիվանդության հետևանքները մեղմելու, այլև իմունային անբավարարությամբ ուղեկցվող մի շարք այլ հիվանդությունների դեպքում: Բացի այդ, դեղամիջոցի դրական ազդեցությունը զգալի է համակարգային կարմիր գայլախտի, վիրուսային հեպատիտ «C»-ի, հետճառագայթային այրվածքներից առաջացած վերքերի և պառկելախոցերի բուժման ժամանակ:
Հայրապետ Գալստյանը նշել է, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում համապատասխան փորձարկումների արդյունքում հաստատվել է «Արմենիկում» քսուկի դրական ազդեցությունը օնկոլոգիական վիրահատություններից հետո բորբոքումների և վերքերի արագ ապաքինման գործում:
«Արմենիկումի» տնօրենը ներկաներին հայտնել է, որ «Արմենիկում» դեղամիջոցը պաշտոնապես գրանցված է նաև Ռուսաստանի Դաշնությունում և տեղեկացրել է այնտեղ կատարված վերջին փորձարկումների արդյունքների մասին, ըստ որոնց «Արմենիկում» քսուկը դրական ազդեցություն է գործել արգանդի վզիկի նախաքաղցկեղային ախտանիշների ժամանակ: Լևոն Գևորգյանի խոսքով՝ դեղամիջոցի շնորհիվ հնարավոր է եղել փրկել նաև Н1N1 (խոզի գրիպ) վիրուսով վարակված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների կյանքը:
Ներկաները տարակուսանք են հայտնել հիվանդանոցի հնարավոր փակման վերաբերյալ՝ նշելով, որ, ընդհակառակը, անհրաժեշտ է պետական աջակցությամբ դեղամիջոցն առավել կիրառելի դարձնել: «Արմենիկումի» տնօրենը նշել է, որ կլինիկայի հետագա ճակատագրի վերաբերյալ իրենց հետ որևէ քննարկում չի եղել, միայն տեղեկացել են, որ 2018 թվականին ֆինանսավորումը դադարեցվելու է:
ՀՀ առողջապահության նախարարության դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրենի խոսքով՝ նախարարությունը ստեղծել է հանձնաժողով, որը պետք է քննարկի «Արմենիկում» բուժհաստատության հետագա գործունեության հարցը: Միաժամանակ նա հայտնել է, որ իրավասու չէ մեկնաբանել նախարարության որոշման դրդապատճառները:
Այնուամենայնիվ, ներկաները խնդիրը դիտարկել են առողջապահական ոլորտում օպտիմալացման ծրագրի իրականացման համատեքստում, ինչը տվյալ պարագայում արդարացված չէ:
Հանրային խորհուրդը քննարկման արդյունքների և եզրակացությունների վերաբերյալ տեղեկանք կներկայացնի ՀՀ նախագահին ու վարչապետին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը