29 08 2018

Կարևոր է, որպեսզի պետական աջակցությունը հասնի ուղիղ շահառուին՝ առանց միջնորդավորված օղակների․ վարչապետ

Կարևոր է, որպեսզի պետական աջակցությունը հասնի ուղիղ շահառուին՝ առանց միջնորդավորված օղակների․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարողներին հողերի մշակության համար հասցեական աջակցության տրամադրման վերաբերյալ:

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է այդ նպատակով մշակված ծրագրի նախագիծը, որով առաջարկվում է ուղղակի աջակցություն տրամադրել որոշակի կատեգորիայի գյուղացիական տնտեսություններին: Նախատեսվում է այն իրականացնել որպես պիլոտային ծրագիր` այս տարվա աշնանացանի ժամանակահատվածի համար: Նախարարը նշել է, որ խոսքը գնում է մոտ 2700 հեկտարի մասին, և ակնկալվում է, որ պետական աջակցության ծավալը կկազմի մոտավորապես 185 մլն դրամ: Ծրագրի նպատակը հանրապետությունում վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակի ավելացումն է, հացահատիկային ապահովվածության մակարդակի բարձրացումն է և տարածքային անհամամասնությունների մեղմումն է:

Ա. Խաչատրյանի խոսքով՝ գաղափարը քննարկվել է մարզային այցելությունների ժամանակ, և ընդհանուր առմամբ արձագանքը դրական է: Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում խորհրդակցության մասնակիցներն իրենց կարծիքներն են հայտնել ծրագրի առնչությամբ, հանդես եկել մի շարք առաջարկություններով: Քննարկվել են նախորդ տարիներին պետական աջակցությամբ մի շարք՝ դիզվառելիքի, պարարտանյութի, սերմացուի ծրագրերի արդյունավետությանը և հասցեականությանը, առաջարկվող շահառու համայնքների ընտրությանը, կոոպերատիվների ձևավորմանը վերաբերող և այլ հարցեր:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, ընդգծել է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում գյուղատնտեսության ոլորտին աջակցելու և այդ աջակցության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, և այս առումով կարևոր է, որպեսզի քննարկվող ծրագրով տրամադրվելիք պետական աջակցությունը հասնի ուղիղ շահառուին՝ առանց միջնորդավորված օղակների: «Դիզվառելիքի, սերմացուի ծրագրերը, որոնց մասով մամուլում էլ են տասնյակ հրապարակումներ եղել՝ թե ուր են գնում և ոնց են գնում, պետք է ուղղակի չանել և տրանսֆորմացնել ուրիշ ծրագրերի», - նշել է կառավարության ղեկավարը և հանձնարարել պատասխանատուներին՝ սեղմ ժամկետում քննարկել ներկայացված առաջարկությունները, լրամշակել նախագիծը և վերջնական տեսքով ներկայացնել կառավարության քննարկմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ