24 05 2018

Ինչո՞ւ ես տեղյակ չեմ, ո՞ւմ եք զեկուցել. Վարչապետը դժգոհեց

Ինչո՞ւ ես տեղյակ չեմ, ո՞ւմ եք զեկուցել. Վարչապետը դժգոհեց

«Ես տեղեկացա, որ սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավար Իշխան Կարապետյանը մայիսի 10-ին եւ մայիսի 16-ին նամակներ է ստացել ՌԴ «Ռոսսելխոզնադզոր» կազմակերպությունից եւ ինձ համար անակնկալ էր, որ ես տեղյակ չեմ այդ նամակների մասին»,- կառավարության՝ մայիսի 24-ի նիստի մեկնարկին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և դիմելով Իշխան Կարապետյանին՝ ասաց. «Պարոն Կարապետյան, ես ուզում եմ իմանալ ձեր գործողությունները այս նամակները ստանալուց հետո: Ես վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո զանգել եմ ձեզ եւ հարցրել, թե արդյոք խնդիրներ ունենք գյուղմթերքի արտահանման ոլորտում, դուք ասել եք, որ խնդիր չկա: Դրանից հետո դուք ստացել եք երկու նամակ: Իմանալով, որ ես այդ հարցով հետաքրքրված եմ, դուք ո՞ւմ եք զեկուցել եւ ի՞նչ գործողություն եք ձեռնարկել խնդիրը լուծելու համար: Գյուղնախարարին, փոխվարչապետերին, վարչապետին զեկուցե՞լ եք»:

Խոսքը վերաբերում էր ռուսական կողմից հայկական լոլիկի ներմուծման արգելքներին:

Իշխան Կարապետյանը նշեց, որ նման նամակները կրում են պարբերական բնույթ, իսկ այս հարցով քննարկումներ են արել ռուս գործընկերների հետ: Հսկողությունն ուժեղացրել են՝ փորձելով հասկանալ, թե ինչ խնդիր է ի հայտ եկել:

Տվյալ բեռում հայտնաբերվել է անհամապատասխանություն, բեռը հետ է ուղարկվել: Համապատասխան խմբաքանակը առանձնացնել է եւ հետ է վերադարձվել արտահանողին, իսկ մնացածը կրկին վերաարտահանվել է:

«Ակնկալում եմ, որ վերջին անգամ ենք այս հարցը քննարկում: Արտահանումը պետք է իրականացվի գյուղմթերքների պահանջներին խիստ համապատասխան: Գյուղմթերքի արտահանման ծավալները մեծանալու են եւ ես խնդրում եմ, որ ձեր ծառայությունը, գյուղնախարարությունը, ՊԵԿ-ը, բոլոր ջանքերը գործադրել, որ գյուղմթերքի արտահանումը տեղի ունենա բնականոն ռեժիմով»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ