Հայ նշանավոր կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը հունվարի 27-ին կտոնի ծննդյան 80-ամյակը։ Հոբելյանական տարեդարձի առթիվ մաեստրոն մի շարք համերգային երեկոներ է նախատեսել, որոնցից առաջինը կկայանա հենց ծննդյան օրը Լոս Անջելեսում։ Երևանում եւս նախատեսված է մաեստրոյի անցած ճանապարհին նվիրված համերգային երեկո, որը տեղի կունենա հունվարի 30-ին՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։
Մինչ այդ Մանսուրյանը հունվարի 25-ին հանդիպեց լրագրողների հետ և պատասխանեց նրանց հարցերին: Խոսելով իր անցած ճանապարհից՝ մեծանուն կոմպոզիտորն այն բնութագրեց՝ «ծայրահեղ հագեցած»․
«Երաժշտության ճանապարհ մտնելու սկզբից մինչ այսօր տեւական մի մեծ կռիվ կա կայացման։ Այդ պահը, որ պետք է վերջապես տոնեմ իմ հաղթանակը, դեռեւս չկա»։
Հարցին, թե ինչպես է կարողացել հաղթահարել տարիների ընթացքում իրեն հանդիպած դժվարություններն ու հիասթափությունը՝ պահպանելով կայուն դիրքերը, պատասխանեց՝ «Գիտե՞ք՝ պարտվել իմանալ է պետք։ Ես իմ կյանքի տասը տարիները նվիրել եմ Ֆոլկներին։ Այնպես, ինչպես ինքն է ինձ սովորեցրել իմանալ պարտվելը, ոչ ոք չի սովորեցրել։ Երկրորդ կուրսից դուրս է մնացել, այդպես էլ կրթություն չի ստացել, բայց ինչպե՞ս է հասել Նոբելյան մրցանակի․․․ Այդ ընթացքում ինչ պարտությունների միջով է ացել․․․ Պետք է կարողանալ պարտվել՝ հանուն հիմնականի, որ չկորցնես քո հիմնականն ու քո հավատքը։ Դա է ուժ տալիս մարդուն»։
Խոսելով այսօրվա մշակույթի մասին՝ նշում է․
« Սովետի տարիներին հսկվում էր, որ ռաբիզը ռադիոյով չհնչի, որեւէ օտարամուտ բան չմտնի եթեր։ Հիմա այդպես չէ։ Այս խառնակությունը չափազանց մեծ է։ Բնական է, եթե լիներ արգելքի այդ փայտիկը, դա չէր լինի, բաց մենք հրաժարվեցինք այդ ձեռնափայտից․․․ Բոլոր բնագվառներում հրաժարվեցինք»։
Հարցին, թե Հայաստանում կարո՞ղ է լինել մշակութային հեղափոխություն, մաեստրոն բացասական արձագանքեց` նշելով, որ կտրուկ փոփոխություններ կարող են լինել, սակայն հեղափոխություն չի կարող լինել:
«Մարտիրոս Սարյանն ասում էր`այնպես չէ, որ եթե եկավ նոր մշակութային շարժում, ապա պետք է ամբողջությամբ արժեզրկի նախորդ արժեքները: Մեկը մյուսին է շարունակում»,- ասաց մաեստրոն:
Հուվարի 30-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայանալիք մաեստրոյի հոբեյանական համերգի մուտքն ազատ է։ Երեկոյի ընթացքում կհնչեն Մանսուրյանի կամերային ստեղծագոծությունները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը