22 08 2018

Արամ Շահբազյանը նախարարի հետ հանդիպումից հետո դադարեցրել է հացադուլը

Արամ Շահբազյանը նախարարի հետ հանդիպումից հետո դադարեցրել է հացադուլը

Օգոստոսի 22-ի առավոտից մշակույթի նախարարության մոտ անժամկետ հացադուլ հայտարարած ռեժիսոր Արամ Շահբազյանը դադարեցրել է հացադուլը: Արամ Շահբազյանի հացադուլի պատճառը նրա՝ 3 նախարար փոխած «Չնչիկ» ֆիլմն է, որը դեռևս 2010թ պետք է ավարտվեր, սակայն անհրաժեշտ գումարն այդպես էլ չի տրամադրվել, թեև խոստումներ տրվել են:

Մեկ ժամ տևած խոսակցության արդյունքում Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հայտնել է, որ ամեն բան պարզելու համար կսկվի թափանցիկ գործընթաց:

«Իրականում խնդիրը ոչ թե այս շրջանի հետ է կապված, այլ դեռևս 2006 թվականից եկած հարցեր են։ Անհասկանալի կերպով ֆիլմի քննությունը հայտնվել է այն հանձնաժողովում, որը, ի թիվս 43 ֆիլմերի, պետք է քննության անցեր: Պարոն Շահբազյանի հետ պայմանավորվել ենք, որ հացադուլը դադարեցնի, որովհետև այստեղ որևէ մեկը հակառակ բևեռում չի: Մենք կոչված ենք լուծելու այն բոլոր խնդիրները, որոնք տասնյակ տարիներ լուծում չեն ստացել»,- ասել է նախարարը։

Արամ Շահբազյանի խոսքով՝ ինքը Լիլիթ Մակունցի հետ բավականին խորքային և արմատական խոսակցություն է ունեցել: Խոսել են ոչ միայն ֆիլմի մասին, այլև կինոարտադրության ոլորտում առկա խնդիրներին:

Նշենք, որ ֆիլմի ավարտի համար անհրաժեշտ է 18 միլիոն դրամ՝ հետարտադրական պրոցեսն ավարտելու համար։ 2009 թվականին ավարտվել է ֆիլմի նկարահանումները, 2010-ին՝ մոնտաժը, սակայն մինչ այժմ ֆիլմն ավարտված չէ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ