«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Այն, որ երկրի գլխին եկած թավշահեղափոխական կառավարության անդամները չեն տառապում ավելորդ համեստությունից, կարծես առանց հավելյալ մեկնաբանությունների էլ պարզ է: Բայց ա՞յս աստիճան:
Հերթական սյուրպրիզը մատուցեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Յուր ֆեյսբուքյան գրառմամբ նա հանրությանը մասնավորապես ավետեց հետևյալը. «Տեղեկացնում եմ, որ Հայաստանի պատմության թանգարանում 5-օրյա ժամկետում կհատկացվի ցուցասրահ՝ նվիրված թավշյա հեղափոխությանը: Երկուշաբթի օրը աշխատանքային խումբը կապ կհաստատի թանգարանի տնօրեն պարոն Գրիգորյանի հետ և հնարավորինս սեղմ ժամկետներում կսկսի ցուցասրահը համապատասխան նմուշներով համալրելն ու կահավորելը: Ցուցասրահի պաշտոնական բացման մասին կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»:
Նախարար Մակունցը, ինչ խոսք, սայթաքել է: Ու բավականաչափ անհաջող:
Չէ՞ որ այդ հեղափոխությունը դեռ մի կարգին պատմություն էլ չի դարձել: Շատերն անգամ ասում են, որ այն չի էլ ավարտվել (դե՝ հեղափոխություններն սկիզբ ունենում են, ավարտ՝ ոչ, սա հանրահայտ է):
Իսկ առհասարակ եղե՞լ է հեղափոխություն, թավշյա թե անթավիշ: Դեռ իշխանափոխություն է եղել ընդամենը: Նախկին պաշտոնյաներին փոխարինել են նոր, փողոցում հավաքված հայրենակիցների բացականչություններով «ընտրված» վարչապետը և նրա ընտրած ընկեր-ծանոթ-մերոնքական, մի քիչ էլ՝ «ժողովրդին միացած» ծառուկյանական ու դաշնակցական նախարարներ։
Չէ, բայց միտք է: Ցուցասրահում կլինեն Նիկոլ Փաշինյանի ցուպը, կպչուն ժապավենով շարքից հանված արագաչափը, վրանը, անձրևանոցը, գլխարկը, բոթասը, ձեռքի վիրակապը: Հա, անպայման «Մերսեդեսի» ձայնային ազդանշանի հարմարանք, վուվուզել, շերեփ և կաթսա, փողոց փակելու ժամանակ գործածված աղբաման, Չալոյի մոմե արձանիկը, բարձրախոս, «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի խոսափողը, կհնչի Հայկոյի ձայնը՝ «իշքա՜մ, շքա՜մ...»: Նիկոլ Փաշինյանի ձայնը՝ «Հայաստանի հպա՜րտ քաղաքացիներ...»: Մի խոսքով, ահագին ցուցադրելու թավշյա հանգամանքներ կան:
Իսկ եթե լուրջ, ապա շարունակ այնպիսի տպավորություն է, որ նոր նախարարները հատուկ ուզում են անել ամեն ինչ, որ անդադար կրկեսային ներկայացման հետևելու տպավորություն թողնեն»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը