«Փաստինֆո»-ն գրում է․ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ միայն մեկ ցուցմունք է, որն անմեղության կանխավարկածը չի հաղթահարում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավորվել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք բաժանելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում՝ Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանի ցուցմունքի հիման վրա։ Ընդ որում՝ ենթադրյալ ընտրակաշառք որպես նշվում է համայնքի բնակիչներին տրված սոցիալական օգնությունը։ Երեկ ՀՔԾ-ն նախաքննության ավարտ է հայտարարել քրեական գործով։
Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ քրեական գործի նյութերը բաղկացած են չորս հատորից, թեև պաշտպանության կողմը յոթ օր է պահանջել՝ քրեական գործի նյութերին ծանոթանալու համար, դեռևս կոնկրետ ժամկետներ նշված չեն, ամենայն հավանականությամբ, յուրաքանչյուր հատորին ծանոթանալու համար կտրվի մեկ օր։ Ըստ գործի նյութերի՝ Առուշ Առուշանյանի դեմ միայն Լուսինե Ավետյանի ցուցմունքն է, այն էլ՝ պաշտպանի դիտարկմամբ՝ խիստ հակասական։ Քրեական գործով անցնող մյուս բոլոր վկաները ցուցմունք են տվել Լուսինե Ավետյանի դեմ։ Պաշտպանը հայտնեց, որ քրեական գործի վարույթն Առուշանյանի մասով կարճելու մասին միջնորդություն է պատրաստվում ներկայացնել։
«Փաստացի ունենք մեղադրական բնույթի մեկ ցուցմունք, մեկ ապացույց, որը Լուսինե Ավետյանի ցուցմունքն է, այն էլ՝ հակասական, որն առհասարակ հավատ չի ներշնչում և գործում առկա այլ ապացույցների, փաստական տվյալների հետ առհասարակ չի հաստատվում։ Այս ցուցմունքն անմեղության կանխավարկածը չի հաղթահարում և ապացույցների բավարարության շեմը չի ապահովում, հետևաբար, քրեական գործը ենթակա է կարճման»,- նշեց Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո հարուցվել էր քրեական գործ՝ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տալու վերաբերյալ, ընդ որում, ըստ ՀՔԾ-ի, որպես ընտրակաշառք է ներկայացվել դրամական աջակցությունը։ Քրեական գործի շրջանակներում նախ՝ հուլիսի 5-ին ձերբակալվել էր Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու հատկանիշներով։
Ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացվել, սակայն մինչ դատարանը կքններ Ավետյանի ձերբակալման իրավաչափության հարցը, վարույթն իրականացնող մարմինը շտապեց մեղադրանք առաջադրել Ավետյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացնել դատարան, որը բավարարվել էր, իսկ օրեր անց՝ դատախազի որոշմամբ Ավետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով։ Ընդ որում՝ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Լուսինե Ավետյանը գործարքի է գնացել իրավապահ մարմինների դեմ՝ ցուցմունք տալով Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ, ինչի դիմաց ազատ է արձակվել։ Ավելին՝ Առուշանյանի դեմ ցուցմունք տալուց հետո Ավետյանի ազգականներից մեկն աշխատանքի է անցել դատախազությունում։
Ավետյանի ցուցմունքի հիման վրա Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը