ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը տեղեկացրել է, որ պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, որն ընդունվել է։ Եգանյանը գրում է․
«ՀՖՖ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել և այն ընդունվել է: Շնորհակալություն եմ հայտնում Արթուր Վանեցյանին այս ոլորտում ինձ աշխատելու հնարավորություն տալու համար, ՀՖՖ-ն տարբերվում էր իմ նախորդ աշխատավայրերից, քանզի ֆուտբոլն ինձ համար ավելին էր, քան աշխատանքը, շարունակելու եմ խենթի նման սիրել այն ու երկրպագել հայկական ակումբներին ու հավաքականներին:
Շնորհակալություն այն մարդկանց, որոնց հետ պատիվ ունեցա աշխատել, սովորել նրանցից ու կիսվել սեփական փորձով: ՀՖՖ նոր ղեկավարությանը մաղթում եմ հաջողություններ, կարևոր չեն անձերը, կարևորը երկիրն է ու մեր ֆուտբոլի զարգացումը: Ժամանակն է, որ մեր թիմերն ու ազգային հավաքականները գրանցեն լուրջ արդյունքներ ու մասնակցեն խոշոր մրցաշարերի, դրան հասնելու համար առկա է ամեն տեսակի պայման: Կարծում եմ, պակասում է միայն հավատը, մենք դա կարող ենք տղաներ ու աղջիկներ, ոչ մեկն էլ մեզանից առավել չէ: Բարով մնաք, շնորհակալություն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը