22 10 2024

Լևոն Ջուլֆալակյանը կընդգրկվի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի համակարգում

Լևոն Ջուլֆալակյանը կընդգրկվի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի համակարգում

1988 թվականի Սեուլի Օլիմպիական խաղերի օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ հավաքականի կազմում հանդես եկած Լևոն Ջուլֆալակյանը, ով Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել, կընդգրկվի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի համակարգում:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության նախագահ Միխայիլ Մամիաշվիլին:

«Լևոն Ջուլֆալակյանը մեր մարզաձևի վառ ներկայացուցիչ է, նրա ողջ կյանքը կապված է ըմբշամարտի հարթակի հետ։ Նրա հսկայական փորձը հնարավորություն է տվել նրան հաջողությունների հասնել Հայաստանի հավաքականի հետ շատ բարդ պայմաններում: Նա նրանցից է, ով 1988 թվականին Ալեքսանդր Կարելինի, ձեր խոնարհ ծառայի և Քամանդար Մաջիդովի հետ միասին հաղթել է Սեուլի Օլիմպիական խաղերում: Նա անպայմանորեն կլինի ՖՍԲՌ-ի կառուցվածքում՝ որպես խորհրդատու, բարեկամ և ընկեր»,- ասել է Մամիաշվիլին։

Նա նշել է, որ Ջուլֆալակյանի որդին՝ Լոնդոնի Օլիմպիական խաղերի մրցանակակիր Արսեն Ջուլֆալակյանը, տասնամյակ շարունակ հանդիսանում էր կրկնակի օլիմպիական չեմպիոն Ռոման Վլասովի հիմնական մրցակիցներից մեկը:

«Արսեն Ջուլֆալակյանի և մեր մեծագույն Ռոման Վլասովի մրցակցությունը տևեց մոտ մեկ տասնամյակ, ինչը միշտ մեծ հետաքրքրություն էր առաջացնում: Այսօր Արսենը հանդիսանում է Միացյալ ըմբշամարտի աշխարհի (UWW) բյուրոյի անդամ, և նրա դիրքորոշումը Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից մեզ պարտադրվող սահմանափակումների հարցում բաց, հասկանալի և պրագմատիկ էր»,-ընդգծել է Մամիաշվիլին։

Լևոն Ջուլֆալակյանը 60 տարեկան է, 1999-2019 թվականներին եղել է Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը: 2002 թվականից հանդիսանում է Հայաստանի սպորտային ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահը, իսկ 2003 թվականից՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի անդամ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ