22 04 2023

Կիրակնօրյա long read. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի»․ Նիկոլ Փաշինյան

Կիրակնօրյա long read.  «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի»․ Նիկոլ Փաշինյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հեռավոր ու անցած կյանքից թվացող երկուհազարականների վերջերին pashinyan.com կայք կար, որտեղ Նիկոլ Փաշինյանի անունից հրապարակվում էին վերլուծական հոդվածներ։ Եվ ահա 2009 թվականի մարտի 26-ին մակագրված Նիկոլ Փաշինյան հեղինակի անունով, հրապարակվում է մի վերլուծական, որտեղ մարտի 1-յան իրադարձություններից հետո, արդարադատությունից խուսափող Նիկոլը մտորումների մեջ է, թե ինչ պետք է անի Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխաիլ Սահակաշվիլին, 2008 թվականի «5 օրյա պատերազմից» հետո, որպեսզի վրաց ժողովուրդը դուրս գա պարտվածի պիտակից։
Մեջբերեմ հատված․
«Վրաստանը նախորդ տարվա ամռանը ահավոր, ուղղակի ահավոր հարված ստացավ, եւ սա այն դեպքն է, երբ իշխանությունը պետք է ունենա բավարար պետականասիրություն` իր վրա վերցնելու հարվածը, պարտության պատասխանատվությունը, սա այն դեպքն է, երբ իշխանությունը իրեն պետք է պարտված ճանաչի` հայրենիքը պարտվածի պիտակից փրկելու համար, մանավանդ որ` հենց Վրաստանի գործող իշխանությունն է այդ պարտության թիվ մեկ պատասխանատուն»:
Ինչ խոսք, շատ սթափ վերլուծում և պարզ բացատրում է, այն ինչ, իր կարծիքով չէր հասկացել Սահակաշվիլին գրեթե 1 տարի անց, հնգօրյա պատերազմից հետո, պարզ ասում է՝ ինչ է պարտավոր է անել, ինչի համար, եթե, իհարկե, պետականասեր է և պատասխանատու։
Շարունակենք․ «Եթե Սահակաշվիլին մնա իշխանության ղեկին, նախորդ տարվա պատերազմի պարտությունը ու դրա բարոյահոգեբանական հետեւանքները ծանրանալու են Վրաստանի վրա, իսկ եթե Սահակաշվիլին հեռանա, այդ պարտությունը կծանրանա նրա անձի, նրա թիմի վրա, բայց երկիրը կազատվի այդ մղձավանջային զգացողություններից. Համենայնդեպս, նոր կյանք սկսելու, նոր եռանդ ձեւավորելու հնարավորություն կստանա»:
Քաղաքական պայքարի թոհուբոհից կտրված, ընդհատակում գտնվող երիտասարդ գործիչ Նիկոլ Փաշինյանը, այս տողերում էլ բավականին մոտ կանխատեսում է այն, ինչը իրոք տեղի ունեցավ Վրաստանում, մինչ Սահակաշվիլու իշխանությունից հեռանալը՝ 2013 թվականին։ Վրացիները այդպես էլ չկարողացան շունչ քաշել, այդ պարտվածի պիտակից դուրս գալ, իշխանությունը, ակնհայտ բոլոր մեղքերը գցում էր ռուսների վրա, թե օկուպանտ են, զավթել են, թշնամի են՝ որևէ կերպ իր մեղքը չընդունելով։
Քաղաքացիները սկսեցին ատելով ատել դարավոր բարեկամ ռուս ժողովրդին, հրաժարվում էին խոսել անգամ ռուսերեն լեզվով, չնայած որ բնակչության գրեթե 100%-ը տիրապետում էր փայլուն ռուսերենի, ատում էին բոլոր-բոլորին, միմիանց, անգամ իրենք իրենց, մի բանի համար, որի մեղավորն արկածախնդիր իշխանությունն էր: Բայց քանի իշխանությունն իր աթոռը չեր թողնում, ընկած սլաքներ էր ուղղում այս ու այն կողմ, բոլորով մի տապակայի մեջ եռում էին՝ստորացումից ու նոր պատերազմի վախից տառապելով։
Երիտասարդ Փաշինյանը իր հոդվածում շարունակում է․ «Ինչ խոսք, Վրաստանը անվերադարձ է կորցրել Աբխազիան եւ Հարավային Օսիան, բայց եւ չի երաշխավորված ավելին կորցնելու վտանգից։ Եթե անգամ Սահակաշվիլին կարողանա նման երաշխիքներ ստեղծել, վրացիներն, ամեն անգամ նրա դեմքը տեսնելիս, հիշելու են 2008-ի մղձավանջը, ազգային ստորացումը, որը վերաբերում է ինչպես պետությանն`ընդհանուր առմամբ, այնպես էլ երկրի ամեն քաղաքացու։ Եւ այս մղձավանջի ամենօրյա հուշը, զգացողությունը մարդկանց զրկելու է առաջ նայելու հնարավորությունից»:
Այս տողերը կարդալով, վստահ եմ, բոլորդ կգտնեք այդ նույնանման տողերը 2020 թվականի 44-յա պատերազմից հետո հրապարակված հոդվածներում, վերլուծական մտքերում, ինքներս ենք շատ անգամներ մտածել, թե լավ՝ ո՞րն է ելքը, ի՞նչ կարող ենք անել, որ մղձավանջի ցավը փոքր-ինչ թեթևանա, առաջ նայելու հնարավորություն բացվի և եկել ենք հենց այդ՝ նույն Նիկոլ Փաշինյանի մտքին, որը իհարկե, վերաբերում էր Վրաստանին, որ պետք է իշխանությունը իր վրա վերցի, և հանի ստորացվածի ու պարտվածի բեռը ազգի վրայից, ինքը կրի իր վրա՝ հաշվի առնելով, որ հենց ինքն է համար մեկ պատասխանատուն։
Այնուհետ, 2009-ի գործիչ Նիկոլը նույնպես արդարացիորեն նկատում է․ «Հիմա Վրաստանի իշխանությունները իրենց գործողություններով, ձերբակալություններով իբր ուզում են ցույց տալ, որ կանխում են Ռուսաստանի կողմից «պատվիրված» իշխանափոխությունը։ Չխորանալով մանրամասների մեջ` ընդգծեմ միայն, որ տվյալ իրավիճակում Ռուսաստանի հետ հանդուրժողական հարաբերությունների հաստատումը բխում է հենց Վրաստանի շահերից, իսկ որ Սահակաշվիլին չի կարող նման հարաբերություններ հաստատել` ակնհայտ է»:
Կարծում եմ, եթե այս միտքը նույնությամբ գրվեր հիմա, մեր պատմության, վերջին պատերազմի ու իշխանության վարքի վերաբերյալ, այդ տողերի տակ շատ ու շատ այսօրվա վերլուծաբաններ կստորագրեին: Ինքս նույնպես կիսում եմ այս կարծիքը՝ վստահաբար։
Եթե Փաշինյանը ազնիվ ու սկզբունքային մարդ լիներ, թեկուզ այս օրերին իր էջում կտեղադրեր 14 տարի առաջ գրած, իր այս հոդվածը, պետության, ղեկավարի և այլ անունները կփոխեր մերով և վերջում խորհրդանշական կավելացներ՝
«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ես կատարում եմ, ինքս իմ հորդորը, հրաժարական եմ տալիս»․ Նիկոլ Փաշինյան
Հ․Գ․ Սահակաշվիլու այսօրվա վիճակը տեսնելով, կարծում եմ, Փաշինյանը այդ օրը չի ընկնի, ինչ ուզում եք ասեք, այդքան խելք ունի, ձևը կգտնի. մնում է մի քիչ էլ մտածի ազգի ու պետության մասին։ Հուսով եմ, որ կմտածի։
Հ․Գ․2 Այս հոդվածը գտել և հրապարակել է Գառնիկ Զաքարյանը, որի համար շնորհակալ եմ, կարծում եմ շատ արժեքավոր նյութ է, պետք է հաճախ հիշեցնել, հնարավորության դեպքում՝ ուղիղ հարց տալ հեղինակին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ