24 02 2022

Ուկրաինական ճգնաժամի առաջացրած ցնցումները և Արևմուտքի բազմակի ստանդարտները. «Փաստ»

Ուկրաինական ճգնաժամի առաջացրած ցնցումները և Արևմուտքի բազմակի ստանդարտները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Ներկայիս փուլում աշխարհաքաղաքական ակտիվ վերադասավորումներ են տեղի ունենում։ Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի խորացումը և Ռուսաստանի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչումը ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային նշանակություն ունեցող իրադարձություններ են։ Եվ պատահական չէ, որ բազմաթիվ վերլուծաբանների կողմից առաջ է քաշվում այն կարծիքը, որ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումների էվոլ յուցիայի արդյունքում գործող աշխարհակարգն էական փոփոխությունների է ենթարկվելու։ Խնդիրն այն է, որ Ուկրաինայի հակամարտությունը դուրս է Ռուսաստանի և Ուկրաինայի շրջանակներից։

Այսինքն, դրանում ներգրավված են անհամեմատ մեծ թվով միջազգային դերակատարներ։ Մասնավորապես, ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական բլոկը ԱՄՆ-ի գլխավորությամբ հանդես է գալիս Ուկրաինայի շահերի պաշտպանության դիրքերից և այդ երկրին ՆԱՏՕ-ի մեջ ընդգրկելու քաղաքական ուղեգիծ է որդեգրել, ինչն էլ հարուցում է Ռուսաստանի անհանգստությունը և դիմակայությունը։ Իսկ Ռուսաստանն իր անվտանգության համար սպառնալիք է համարում ՆԱՏՕ-ի աշխարհագրական ընդլայնման շարունակությունը և իր սահմանների մոտ այդ ռազմաքաղաքական բլոկի կողմից ռազմաբազաների ու հարվածային զենքերի տեղակայումը։

Միևնույն ժամանակ, Մոսկվան հանդես է գալիս Ուկրաինայում բնակվող ռուսախոս բնակչության՝ մասնավորապես Դոնբասում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության դիրքերից, և Ուկրաինան, ընդհանուր առմամբ, դիտարկում է այն տեսանկյունից, որ այն եղել է Ռուսական Կայսրության պատմական մաս։ Դոնբասի երկու ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչմանը, դրանց տարածքում ռուսական զորքերի տեղակայմանը և, ընդհանրապես, Ուկրաինայի հետ կապված ռուսական գործողություններին ի պատասխան Արևմուտքը պատժամիջոցներով է սպառնում։

Պատժամիջոցների առաջին փաթեթը սկսել է գործի դրվել, որի շրջանակներում անգամ Գերմանիայի կողմից կասեցվեց էներգետիկ առումով այնպիսի մեծ կարևորություն ունեցող նախագծի հավաստագրումը, ինչպիսին «Հյուսիսային հոսք-2» գազատարն է։ Թեկուզ և դեռևս չգործող... Սակայն պատժամիջոցների ծավալը միայն սրանով չի սահմանափակվելու, և հատկապես ծանր հարված են խոստանում Ռուսաստանի ֆինանսաբանկային ոլորտի նկատմամբ նախատեսվող սանկցիաները։ Տևական ժամանակ է, ինչ խոսվում է նույնիսկ Ռուսաստանին SWIFT վճարահաշվարկային համակարգից անջատելու հնարավորության մասին։ Իսկ Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ այսպիսի խոր պատժամիջոցային ճնշումը պատճառ է դառնում Ռուսաստան-Չինաստան հարաբերությունների խորացման և համագործակցության ընդլայնման համար։

 

Հարցն այն է, որ Չինաստանը, որը Թայվանի հարցով, ինչպես նաև Հարավչինական ծովում գերակայության համար պայքարի ու տնտեսական առաջատարի դիրքերը զբաղեցնելու շրջանակներում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հետ երկարաժամկետ դիմակայության մեջ է հայտնվել, կարող է օգնել Ռուսաստանին հաղթահարելու պատժամիջոցների արդյունքում առաջ եկած տնտեսական դժվարությունները։ Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա այս տարածաշրջանում Արցախյան պատերազմից հետո Թուրքիայի դիրքերն անհամեմատ ուժեղացել են։ Եվ Անկարան մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում այն հարցում, որ ուկրաինական ճգնաժամը խորանա, ռազմական էսկալացիան դառնա անխուսափելի, և Ռուսաստանի հիմնական ուշադրությունը կենտրոնանա միայն արևմտյան ուղղությամբ տեղի ունեցող իրադարձությունների վրա։

Այդ դեպքում Թուրքիայի ձեռքերը Հարավային Կովկասում կարող են ազատվել։ Պատահական չէ, որ տևական ժամանակ Անկարան զինում է Ուկրաինային՝ փորձելով նաև այդ երկրում թուրքական ԱԹՍ-ների արտադրություն կազմակերպել։ Միևնույն ժամանակ, Թուրքիան ցույց է տալիս, թե իբր շահագրգռված է Ուկրաինայի շուրջ ստեղծված հակամարտության դիվանագիտական լուծմամբ։ Էրդողանը հայտարարում էր իր միջնորդությամբ Թուրքիայում Պուտինի ու Զելենսկու միջև հանդիպում կազմակերպելու մտադրության մասին, սակայն երբ պետք էր արդեն այդ ուղղությամբ կոնկրետ գործնական քայլերի անցնել, «հանկարծ» պարզվեց, որ Էրդողանը կորոնավիրուսով է վարակվել (փաստացի կորոնավիրուսը բավականին լավ «փրկիչ» է դառնում երկրների ղեկավարների համար)։

Թերևս կասկած չկա այն հարցում, որ ուկրաինական ճգնաժամի սրմանը զուգահեռ Թուրքիան փորձելու է ուժեղացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում ու դուրս մղել Ռուսաստանին մեր տարածաշրջանից, ինչը Հայաստանի համար նոր անվտանգային սպառնալիքներ է ստեղծում։ Այս հարցում Թուրքիան հաշվի է առնում, որ կարող է ստանալ Արևմուտքի տեսանելի աջակցությունը։ Եվ ընթացիկ իրադարձություններից պարզ է դառնում, որ իրեն ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկ հռչակած կոլեկտիվ Արևմուտքը շատ հեռու է այդպիսին լինելուց և առաջնորդվում է երկակի, կարելի է ասել՝ հաճախ եռակի, քառակի, բազմակի ստանդարտներով։

 

Արևմուտքի մաս կազմող երկրները մտահոգություն են հայտնում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, մեծ աղմուկ բարձրացնում և պատժամիջոցներով սպառնում, սակայն երբ Ադրբեջանը Թուրքիայի բացահայտ աջակցությամբ և ահաբեկիչ վարձկանների ներգրավվածությամբ ռազմական հանցագործություններ էր իրականացնում Արցախում, նույն արևմտյան պետությունները լուռ են և որևէ ցանկություն չունեն Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ որևէ գործողություն ձեռնարկել։

Արևմուտքը լռության ուխտը պահում է նաև հիմա, երբ Ադրբեջանը ցանկանում է Արցախից բռնազավթված տարածքներում ավարտին հասցնել մշակութային ցեղասպանությունը և իսպառ ջնջել հայկական հետքը։ Նույնիսկ այս դեպքում պատժամիջոցների կիրառման մասին խոսք անգամ չի գնում։ Ավելին, մի շարք եվրոպական պետություններ սկսել են ավելի փայփայել Ադրբեջանին, որպեսզի այդ երկիրը Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների արդյունքում էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին ավելացնի դեպի Եվրոպա մատակարարվող գազի ծավալները։ Սա է կոլեկտիվ Արևմուտքի իրական դեմքը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ