29 01 2022

«Հայփոստ»-ի մի քանի ծառայությունների գներ կթանկանան. «Ժողովուրդ»

«Հայփոստ»-ի մի քանի ծառայությունների գներ կթանկանան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայփոստ» ընկերությունը մտադիր է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագները վերանայել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել «Հայփոստ» ՓԲԸ-ի՝ սակագների վերանայման հայտը: Տեղեկացնենք, որ սակագների վերանայման հայտ ընկերությունը հանձնաժողով ներկայացրել է դեռեւս հունվարի 13-ին:

Մեզ հայտնի դարձավ, որ, օրինակ, մինչեւ 20 գրամ քաշով հասարակ նամակի ներկայիս սակագինը կազմում է 230 դրամ, բայց ընկերությունն առաջարկում է բարձրացնել՝ դարձնելով 520 դրամ, 101-250 գրամ նամակի գործող գինը 410 դրամ է, այն առաջարկվում է բարձրացնել՝ հասցնելով 560 դրամ: Իսկ, ահա, 501-1000 գրամ քաշով նամակի արժեքը 1260 դրամ է, բայց ընկերությունն առաջարկում է այն նվազեցնել՝ դարձնելով 1100 դրամ: Ուշագրավն այն է, որ «Հայփոստ»-ն առաջարկում է բարձրացնել պաշտոնական պարբերականների առաքման ծառայության սակագինը գյուղական վայրեր. տեղեկացնենք, որ ներկայումս այս ծառայության գործող սակագինը կազմում է 38 դրամ, բայց ընկերությունն առաջարկում է վերանայել եւ սահմանել 175 դրամ:

Թե ինչ կորոշի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ցույց կտա ժամանակը, բայց նշենք, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն նախորդ տարվա փետրվարի 1-ից մի շարք ծառայությունների գներ արդեն բարձրացրել էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ