14 12 2021

Շուռնուխում անգամ բուժկետ չկա, Որոտանն էլ ջրի խնդիր ունի. Թագուհի Թովմասյան. «Ժողովուրդ»

Շուռնուխում անգամ բուժկետ չկա, Որոտանն էլ ջրի խնդիր ունի. Թագուհի Թովմասյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մարդու իրավունքների պաշտպանության օրը՝ դեկտեմբերի 10-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գտնվում էր Սյունիքի մարզի առաջնագծում: Նա եղել է Որոտանում, Շուռնուխում, Խոտ եւ մի շարք այլ համայնքներում: Պատգամավորը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ այդ օրը խիստ խորհրդանշական էր, եւ իր համար խիստ կարեւոր էր, որ հենց այդ օրը նա լինի Սյունիքում, քանի որ Սյունիքը դարձել է քաղաքացիների իրավունքների ոտնահարման ամենաշատ դեպքեր արձանագրած մարզը: Ընդ որում՝ այդ ոտնահարման դեպքերի մեծ մասն իրականացվում է ադրբեջանցիների կողմից, ու Հայաստանը մինչեւ հիմա չի կարողանում դուրս գալ այս իրավիճակից եւ համարժեք պատասխան տալ:

Թագուհի Թովմասյանը բարձրաձայնեց նաեւ անվտանգության գոտու խնդիրը, որն անհրաժեշտ է գյուղի մեջ, որպեսզի գյուղացին ուղիղ չշփվի ադրբեջանական զինուժի հետ, ու տեսադաշտում նրանք չլինեն.

«Պետք է խելամիտ եւ անվտանգության գոտի ստեղծվի հրատապ, որպեսզի գյուղացիների հոգեբանական եւ ֆիզիկական ճնշման դեպքերը բացառվեն»: Թագուհի Թովմասյանի խոսքով՝ Շուռնուխում անգամ բուժկետ չկա, իսկ բուժարանի տարածքում տունը կորցրած գյուղապետն է ապրում, բուժսպասարկում իրականացնում է բուժքույրը տնային պայմաններում։ Բացի այս, պատգամավորը ներկայացրեց նաեւ, որ դասապրոցեսն ապահովելու համար ուսուցիչները ստիպված են «Ուրալ» մեքենայով օրական երկու անգամ գնալ Գորիս, գալ, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում։ Բացի այս, Թովմասյանն արձանագրեց նաեւ, որ Որոտանում մարդիկ ջրի, գազի խնդիր ունեն: Ջրի խնդիր ունի նաեւ Շուռնուխը:

Բացի այս, պատգամավորը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ այլընտրանքային ճանապարհը մշտադիտարկվում է ադրբեջանցիների կողմից, այն անվտանգ չէ, անանցանելի է ցածր ավտոմեքենաների համար:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ