«Փաստ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական անգամ կհանդիպի արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։
«Փաստ» թերթի տեղեկություններով, հանդիպման օրակարգը բավական հագեցած է, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանների հստակեցման նպատակով ենթադրվող սահմանագծման և սահմանազատման խնդիրը, այդ գործընթացում ՀՀ կողմից կիրառվող փաստաթղթերի, քարտեզների օգտագործման հարցը, հայ-թուրքական օրակարգի հետ կապված թեման և այլն: Կան նաև կրթական համակարգին առնչվող հարցեր, որոնցից մեկը վերաբերում է բուհերում հասարակագիտական առարկաների վերանայմանն ու ամբիոնների աշխատանքի վերաիմաստավորմանը: Այս ամենի հետ մեկտեղ, մեր ձեռքի տակ գտնվող օրակարգում կա երկու հարց, որոնք բավականին ուշագրավ են: Դրանցից մեկն այսպիսի ձևակերպում ունի. «Արտաքին քաղաքական հնարավոր զարգացումներ. ՀԱՊԿ և ԵԱՏՄ ՀՀ անդամակցության դադարեցման և հնարավոր այլընտրանքների քննարկում»:
Ի դեպ, հաջորդ իսկ կետը վերաբերում է եվրաինտեգրման գործընթացի խթանմանը: Փաստացի, հաստատվում են տեղեկությունները, որ իշխանական ու իշխանամերձ շրջանակներում շատ ակտիվ քննարկվում է ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության դադարեցնելու հարցը, թեպետ Փաշինյանն իր վերջին ասուլիսում նշել էր, թե չի կարծում, թե կդիտարկվի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը: Ի դեպ, արտախորհրդարանական ուժերի այս միավորը, որ ստեղծվել է Փաշինյանի նախաձեռնությամբ, արդեն գրեթե ամբողջությամբ կազմված է մերձիշխանական ուժերից, առավելապես՝ արևմտապաշտ, առավել ևս, որ վերջերս խորհրդի կազմը լքեց նաև «Ալ յանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը