16 11 2021

Դիվկորպուսը՝ «քպացման» ճանապարհին. «Փաստ»

Դիվկորպուսը՝ «քպացման» ճանապարհին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Արցախյան պատերազմի ավարտից մեկ տարի անց Հայաստանն ու Արցախը նոր մարտահրավերների են բախվում, քանի որ պատերազմի արդյունքներից կախված՝ անվտանգության միջավայրը փոխվել է, մեծ թվով ռիսկեր են առաջ եկել։ Եվ Ադրբեջանը փորձում է օգտվել իրերի նոր դրությունից՝ իրավիճակն ապակայունացնելու ու հերթական զիջումները կորզելու նպատակով։ Եվ չնայած նոր պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Արցախյան հակամարտության շուրջ բանակցային բուն գործընթացը դեռևս չի մեկնարկել, այնուամենայնիվ, հայկական և ադրբեջանական կողմերի միջև պայքարը ավելի շատ դիվանագիտական դաշտ է տեղափոխվել։

Ադրբեջանը ձգտում է այս հարցում գործի դնել իր ունեցած միջազգային կապերը և հատկապես Թուրքիայի հետ սերտ գործակցելու միջոցով ճնշում գործադրել Հայաստանի վրա։ Գաղտնիք չէ, որ Բաքուն իր նպատակներին հասնելու համար ոչ միայն օգտագործում է նավթի ու գազի մատակարարման իր լծակներն, այլև գործի է դնում ահռելի ֆինանսական ռեսուրսներ արտասահմանյան տարբեր պաշտոնյաների ու գործիչների կաշառելու համար։ Ուստի այս պայմաններում Հայաստանին այլ ելք չի մնում, քան գործի դնել իր դիվանագիտական հնարավորությունների ողջ զինանոցը։ Բայց, ինչպես երևում է, հայկական կողմը դեռևս չի ցանկանում դասեր քաղել տեղի ունեցածից, քանի որ իշխանությունները դիվանագիտական ասպարեզն իրենց համար դարձրել են փորձարկումների դաշտ։

Փաշինյանը շարունակում է մեկը մյուսի հետևից քաղաքական դեմքերի նշանակել դեսպանների պաշտոններում։ Ճիշտ է՝ աշխարհում ևս ընդունված են դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում քաղաքական նշանակումները, սակայն դրանց թիվը ընդհանուր նշանակումների համատեքստում ընդամենը չնչին թիվ է կազմում, իսկ ահա Փաշինյանի կատարած նշանակումների վիճակագրության դեպքում արդեն պրոֆեսիոնալների նշանակումներն են չնչին։ Նախորդ իշխանությունների օրոք Փաշինյանն ու իր թիմակիցները քննադատում էին, որ դեսպանների պաշտոնում քաղաքական դեմքեր են նշանակվում, ինչը Հայաստանի համար չի կարող լավագույն լուծումը լինել։ Սակայն խնդիրն այն է, որ Փաշինյանը ավելի մեծ թափով է անում այն, ինչի դեմ ինքը իբր ամբողջ ուժով պայքարում էր։

Ու հետաքրքիրն այն է, որ Փաշինյանը դիվանագիտական աշխատանքից կիլոմետրերով հեռու գտնվող իր թիմակիցներին նշանակում է առանցքային նշանակություն ունեցող պետություններում, որոնք էական ազդեցություն ունեն մեր տարածաշրջանում։ Բացի նստավայր երկրի պաշտոնական շրջանակների հետ նախատեսվող շփումներից ու հարաբերություններ կառուցելուց, Հայաստանի դեպքում կարևոր է Սփյուռքի համայնքների հետ արդյունավետ գործակցելու անհրաժեշտությունը։ Իսկ շատ դեպքերում Սփյուռքի համար անընդունելի են դառնում պատահական անձանց նշանակումները, որոնք ընդհանրապես ընդունակ չեն հարաբերություններ կառուցել։

Օրինակ՝ Լիլիթ Մակունցի նշանակումն այնպիսի առանցքային երկրում, ինչպիսին ԱՄՆ-ն է, որևէ կերպ չի կարող արդարացված լինել։ Նույն տրամաբանության շրջանակներում էլ վերջերս Գերմանիայում և Իսպանիայում դեսպանների պաշտոններում նշանակվեցին ՔՊ-ականներ Վիկտոր Ենգիբարյանը և Սոս Ավետիսյանը։ Դե, Ռուսաստանում Վաղարշակ Հարությունյանին դեսպան նշանակելու մասին տեղեկություններին անդրադառնալն ինքնին անլուրջ է: Եվ ցավալին այն է, որ դիվանագիտական նշանակումների պրակտիկան այնքան ցածր մակարդակի է հասել, որ մամուլում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, թե այս կամ այն իշխանական ներկայացուցիչը փորձում է ազդել Փաշինյանի վրա, որպեսզի կատարվի իր «մանկության երազանքը» և որևէ առանցքային երկրում դեսպանի պաշտոնում նշանակվի։

Ձևավորվող այսպիսի ավանդույթը կարող է վկայել երկու կարևոր իրողության մասին։ Մի կողմից՝ շատ քիչ են այն պրոֆեսիոնալ դիվանագետները, որոնք ցանկություն ունեն Փաշինյանի հետ աշխատել նրա կողմից տարվող քաղաքականության, «խաղի կանոնների» շրջանակում և, հետևաբար, դրան մաս կազմել։ Մյուս կողմից՝ պրոֆեսիոնալ դիվանագիտական անձնակազմը պարբերաբար ընդվզում է և հաճախ չի ցանկանում կատարել վերևից եկող հակասական ու որոշ դեպքերում նաև երկրի շահերից չբխող հրահանգները։ Այս մասով երկար տարիների փորձ և գիտելիքներ ունեցող դիվանագետները կարող են անգամ լուրջ գլխացավանք լինել Փաշինյանի համար։ Ուստի դրա համար էլ վերջինս փորձում է ինչքան հնարավոր է շատ թիմակիցների խցկել դիվանագիտական ոլորտ, որպեսզի նրանք դառնան անձամբ իր կամակատարները, անկախ իրենց մասնագիտական ու աշխատանքային որակներից։

Այսպիսով, Փաշինյանը կուսակցականացնում է դիվանագիտական ծառայությունը և պետության հաշվին «լավություն» է անում արտաքին քաղաքականության ասպարեզից գլուխ չհանող իր թիմակիցներին, որպեսզի հետո նրանք էլ պարտական լինեն իրեն։ Թերևս նաև պատահական չէր, որ Արա Այվազյանի հրաժարականից հետո կադրային դիվանագետներից ոչ ոք չցանկացավ Փաշինյանի կառավարության կազմում աշխատել արտգործնախարարի պաշտոնում։ Իսկ Փաշինյանը ստիպված այդ պաշտոնում նշանակեց իր թիմակցին՝ Արարատ Միրզոյանին, որը նույնիսկ ԱԺ նախագահ եղած ժամանակ լիովին տապալել էր խորհրդարանական դիվանագիտությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ