«Փաստ» օրաթերթը գրում է
Անցած տարի այս օրերին, որպես պետություն, մեր պատմության մեջ ամենածանր շրջաններից մեկն էինք ապրում: Այն առաջինը չէր, գուցե, ցավոք, վերջինն էլ չլինի: Սոցիալական ցանցերը, որոնք մեր հիշողությունն են դարձել, մեր առօրյայի անբաժան մի մասը, հիմա հիշեցնում են, թե ինչ ապրեցինք, ինչ տեսանք: Երբեմն նայում եմ նկարները, որոնցով կիսվել եմ նախորդ տարի, ու չեմ համարձակվում նորից անդրադառնալ դրանց, նորից տարածել, ու ինձ նման շատերն են նույն կերպ վարվում: Իսկ եթե նկարի միջի տղաները չկան, իսկ եթե… Եթե-ները շարունակում են կրծել մեզ:
Օդում ծանրացած դառնահամ, աղետաբեր լռությունը, անասելի ցավը չի անցնում, չենք կարողանում թոթափել այս պարտությունը, չնայած բոլորիս կյանքն էլ թվացյալ շարունակվում է: Կարողանո՞ւմ ենք համարձակորեն, առանց հայացքներս փախցնելու նայել զոհված տղերքի լուսանկարներին կամ էլ հաշմանդամություն ձեռք բերած տղաների մասին տեսանյութերը: Մեղքի զգացում ունենք, մեղքի զգացում անգամ նրանց առջև, որոնք, հնարավոր ամեն ինչ արած, վերադարձել են պատերազմից:
Իրենց հարցազրույցները լսելիս տպավորություն է, որ ողջերն իրենց ամենամեղավորն են զգում անմահացածների առջև, երբեմն ոմանք անգամ հարց են տալիս՝ իսկ ինչո՞ւ մենք ողջ մնացինք, ինչո՞ւ կողք կողքի կռվող մի քանի տասնյակ տղաներից, օրինակ՝ երկուսն են ողջ մնացել՝ հավանաբար միայն ֆիզիկապես, որովհետև նրանք պատերազմ են տեսել, ընկերներ են կորցրել, նրանք արհավիրքի միջով են անցել, ու դա մատնում են նրանց աչքերը, իսկ արդյունքում ոչինչ չունեն, գոնե հայրենիքի սահմաններն անխախտ մնային… Այսօր տղաներից մեկի ծնունդն էր, դարձավ 20 տարեկան, հաջորդ օրը մյուսի ծնողներն ու հարազատներն առանց նրա կնշեն նրա տարեդարձը, մեկի երեխան ծնվել է հոր զոհվելուց ամիսներ անց, և երկուսի առաջին հանդիպումը ոչ թե հիվանդանոցի բակում, այլ Եռաբլուրում է տեղի ունենում, մյուսն էլ համբուրում է նկարը և առաջին անգամ պապ կանչում: Մեկը մինուճարին է կորցրել, եզրագծին է, ասում է՝ էլ կորցնելու ոչինչ չունեմ, մյուսը՝ երկու որդիներին, որոնցից մեկի մարմինը պատերազմի ավարտից ինն ամիս անց են հայտնաբերել:
Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներից փրկարարները շարունակում են տարհանել տղաների աճյունների մասունքները, որոնք դեռ երկար «ճանապարհ» ունեն անցնելու՝ մինչև կհասնեն իրենց ծնողներին: Մենք ամեն օր այս մասին տեղեկություններ ենք ընթերցում, այն դանդաղորեն սողոսկում է մեր ենթագիտակցության մեջ ու սրանով հանդերձ մենք շարունակում ենք ապրել: Սա «հերթական» լուրն է դարձել՝ հոգի մաշող, մեզ կես մարդ դարձնող «հերթական» լուրը: Նորից կրակոցներ են՝ արդեն հայ-ադրբեջանական սահմանին, Գորիս-Կապան ճանապարհը փակեցին և իրենցով արեցին, կառավարության մուտքի մոտ հադրութեցիները բողոքի ակցիա իրականացրեցին և այսպես շարունակ: Սրանք նորից «հերթական» լուրերն են, մինչդեռ իրականում պետականությունը կորցնելու նախանշաններն են: Մեզ ասում են, թե ինչպես են խոշտանգել մեր տղաների մարմինները, անգամ չենք կարող պատկերացնել, թե ինչպիսի վիճակում են մեր ռազմագերիներն Ադրբեջանում, մենք անգամ չգիտենք՝ քանիսն են նրանք, լիակատար անհայտության մեջ ենք, բայց շարունակում ենք ապրել: Ինչպե՞ս, ինքներս էլ չգիտենք, երևի իներցիայով:
Փողոցներում աղմուկ է, բակում երեխաները վեր ու վար են անում, և եթե մեկ այլ անգամ հարևանները կբղավեին ու բոլորին տուն կամ էլ բակի հեռավոր անկյուն կուղարկեին խաղալու, հիմա լռում են, քանի որ մենք կարիք ունենք հենց այս տեսակ աղմուկի, կարիք ունենք զգալու, որ մեր երկրում կյանքը շարունակվում է, կարիք ունենք զգալու, որ մենք չենք մահացել, գոնե ֆիզիկապես ապրում ենք, շնչում ենք: Լիարժեք կվերականգնվե՞նք, գուցե, արժանապատվությունը կվերականգնե՞նք, գուցե: Անորոշության ու անհայտության շարունակվող շրջապտույտի մեջ ենք: Իսկ իրականում շատերիս համար կյանքը կանգ առավ 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին, բայց վերջնականապես դադարեցինք շնչել նոյեմբերի 9-ին: 1992 թ.-ին Շուշիի ազատագրումից հետո Սուրբ Ամենափրկիչում ծնկաչոք արտասվող տղամարդը մեր խիղճն էր, ապագայի հույսն էր, աշխարհի երեսից չվերանալու ապացույցը: Արցախյան առաջին պատերազմի ընթացքում և հետո մարդկանց ապրեցնում էր հույսը, ապագայի հանդեպ հավատը, երբ անհայտության մի նոր ու իրականում վախենալու փուլ էր մտել մեր երկիրը:
Բայց մարդիկ քնում ու արթնանում էին լավագույնի սպասումով: Էլի պատերազմ էր, կյանքի ու մահու գոյամարտ, զոհեր ունեինք, բայց թույլ տվեք ասել, որ Արցախի ազատագրումը սփոփանք դարձավ ծնողների համար, որոնք կորցրեցին իրենց որդիներին, երեխաների համար, որոնք զրկվեցին իրենց ծնողներից: Սփոփանք չէր, չէ, քանի որ սիրելիների մահը որևէ բանով սփոփել չես կարող, բայց դարման էր վերքին, որ տարիներ ի վեր, անգամ սպիանալուց հետո, շարունակում էր ցավել, բայց չէր արնահոսում: Այդպես էր նաև Ապրիլ յան պատերազմից հետո: Այդպես չեղավ 44-օրյա պատերազմից հետո: Մեր բաց վերքը շարունակում է արյունահոսել...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը