«Փաստ» օրաթերթը գրում է․ Հաճախ է խոսվել այն մասին, որ Փաշինյանի իշխանության օրոք հայ-ռուսական հարաբերություններում յուրահատուկ սառնություն և անվստահություն է նկատվում։ Թերևս հենց Նիկոլ Փաշինյանի պատճառով Ռուսաստանի հետ գործընկերության խաթարման արդյունքում է, որ Հայաստանը տարածաշրջանային զարգացումների արդյունքում վատթարագույն վիճակում է հայտնվել։
Ու պետք է նկատի ունենալ, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում ամենից մեծ ազդեցություն ունեցող երկիրն է, և հասկանալի է, որ տարածաշրջանում հետաքրքրություններ ունեցող մյուս ուժերը չեն կարող հաշվի չնստել Ռուսաստանի հետ։ Սակայն ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները շարունակում են խոսել Ռուսաստանի հետ դաշնակցային ու ռազմավարական գործընկերության մասին, սակայն, ինչպես ցույց են տալիս իրադարձությունները, այդ գործընկերությունն ավելի շատ միակողմանի բնույթ ունի։ Եթե ուշադրություն եք դարձրել, ապա Փաշինյանն ամեն տարի մի քանի անգամ մեկնում է Մոսկվա Պուտինի հետ հանդիպելու ու բանակցելու նպատակով (օրինակ՝ այս տարի արդեն 4-րդ հանդիպումը տեղի ունեցավ), սակայն ՌԴ նախագահը վերջին երեք տարվա ընթացքում այդպես էլ որևէ անգամ պաշտոնական այցով Հայաստան չայցելեց։
Չէ, մենք չենք մոռացել, որ Պուտինը 2019 թվականին Հայաստան այցելել է, սակայն դա պարզապես պայմանավորված էր Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովի աշխատանքներին մասնակցելու անհրաժեշտությամբ։ Այդ ժամանակ Պուտինը Հայաստանում գտնվեց ընդամենը մի քանի ժամով, սակայն որպեսզի իր ձախողված քաղաքականությունն արդարացնի ու ցույց տա, որ հայ-ռուսական հարաբերությունները «փայլուն» են, Փաշինյանը հասցրեց այդ ժամերի ընթացքում երկու անգամ հանդիպել Պուտինի հետ։ Առավել ևս, որ մեկնելուց առաջ Պուտինը հանդիպել էր այդ օրերին անազատության մեջ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամներին, ինչը պարզապես ցնցակաթվածի էր հասցրել Փաշինյանին:
Ինչևէ... Ինչպես ասում են, դիվանագիտության ասպարեզում ոչինչ պատահական չի լինում, և հանդիպումների մակարդակն ու ձևաչափը մեծ նշանակություն ունեն հարաբերությունների որակն ընդգծելու համար, իսկ առկա իրողությունը ևս մեկ անգամ փաստում է հայ-ռուսական հարաբերություններում առկա սառնության մասին։ Ընդ որում, իշխանություններին այնքան էլ չի մտահոգում այն հանգամանքը, որ հայ-ռուսական հարաբերություններն ամբողջովին ասիմետրիկ բնույթ են ստացել։ Այսինքն, Հայաստանը միշտ Ռուսաստանից օգնություն խնդրողի դերում է հանդես գալիս և իր ռուս գործընկերներին ոչինչ չունի առաջարկելու։
Բացի դրանից, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, Հայաստանը, կարծես, դադարել է գոյություն ունենալ, քանի որ Հայաստանին վերաբերող հարցերով սկսել է Ռուսաստանը զբաղվել։ Թերևս դրանով է պայմանավորված, որ Ալիևը հայտարարում է, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման համար Հայաստանի հետ խոսելու կարիքն անգամ չկա, կարելի է միանգամից ռուսական կողմի հետ բանակցել այդ հարցով։ Սակայն յուրաքանչյուր հարցում Ռուսաստանի աջակցությանն ապավինելը չի խանգարում, որպեսզի Փաշինյանն, օրինակ՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով ձգտի ստանալ վրացական կողմի միջնորդությունը, ու Վրաստանի վարչապետին էլ խնդրի, որ Թուրքիայի նախագահի հետ հանդիպելու իր առաջարկը փոխանցի Էրդողանին։ Իհարկե, հայ-վրացական հարաբերությունները միշտ էլ պետք է զարգացնել, բայց խնդիրն այն է, որ նման քայլերով Փաշինյանն ուղղակի կարող է գրգռել ռուսական կողմին՝ մանավանդ, որ Լավրովը հայտարարել էր, թե իրենք պատրաստ են միջնորդել հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հարցում։
Հայկական կողմի անխոհեմ արտաքին քաղաքականության արդյունքում է, որ ՌԴ նախագահը Ալիևի հետ հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնում վերջինիս փոխզիջումային լուծումներ դտնելու հարցում, իսկ հունիսի 20-ի ընտրություններից անմիջապես հետո արդեն Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում ընդգծում է, որ Փաշինյանի՝ ընտրություններին ստացած վստահությունից հետո սպասվում են ծանր, դժվար հարցեր և լուծումներ: Եվ հոկտեմբերի 12-ին Փաշինյան-Պուտին վերջին հանդիպման ընթացքում ՌԴ նախագահն արդեն պատրաստակամություն էր հայտնում «ճշգրտել ժամերը», խոսել բոլոր հարցերի շուրջ, որոնք իրենք մանրամասն քննարկել են վերջին ժամանակների ընթացքում, և որոնք իրենց որոշումների կարիքն ունեն։ Բնականաբար, հասկանալի է, որ Պուտինը խոսում է Հայաստանի համար ծանր, դժվար հարցերի մասին, որոնց շուրջ Փաշինյանը բանակցել է։
Թերևս այդ հանգամանքով է պայմանավորված, որ արդեն «կուլիսներում» տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանին վերաբերող ինչ-որ փաստաթուղթ կամ փաստաթղթեր են պատրաստվում։ Այս ամենը մեկ անգամ ևս ապացուցում է, որ Փաշինյանը, որպես պարտության խորհրդանիշ, ուղղակի ընդունակ չէ մինչև վերջ պնդելու հայկական կողմի դիրքորոշումը։ Նա հակված է օր առաջ, թեկուզ նոր կապիտուլ յացիայի գնով հռչակել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ նոր «խաղաղության ժամանակաշրջանի» հաստատման մասին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը