«168 ժամ»-ը հարցազրույց է արել ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ։
- Կառավարության հնգամյա ծրագիրը բուռն քննարկվեց և առանց խնդիրների ընդունվեց։ Կարո՞ղ եք հիմա, ավելի հանդարտ պայմաններում, տալ գնահատականներ
- Եթե հարցնեք ցանկացած քաղաքացու, թե ինչը հիշվեց, ինչը տպավորվեց այս ծրագրից, կասի՝ ԱԺ ծեծկռտուքը, հայհոյանքը։ Եվ սա ամենախոսուն փաստն է։ Ես չեմ հավատում, որ նման մթնոլորտում կարող է հեռանկարային, ծրագրային փաստաթուղթ ծնվել, ես չեմ հավատում, որ նման մթնոլորտում կարող է կյանքի կոչվել նույնիսկ ամենալավ փաստաթուղթը։ Ի վերջո, ո՞վ պետք է այն իրականություն դարձնի. պետական համակարգը, քաղաքական համակարգը, հասարակությունը։ Իսկ դա անհնար է, քանի կա այս ներքին թշնամանքի, ատելության, անլրջության և համատարած անսխալականության մթնոլորտը։ Իմ կարծիքով՝ մենք գտնվում ենք անցյալի և ներկայի անիմաստ հակադրման փուլում, որի ժամանակ մսխում ենք ապագան։
- Կարո՞ղ եք շատ պարզ ձևակերպումներով ասել ձեր տեսլականը. այսօրվա Հայաստանին ի՞նչ ծրագիր է պետք։
- Ես ուզում եմ մեջբերել 2016 թվականին լրատվամիջոցներից մեկին տված իմ հարցազրույցից։ Որպես Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ես ասել եմ. «Իմ կարծիքով, մեր առջև ծառացած գլոբալ մարտահրավերները երեքն են՝ կրթություն, արդարություն և խաղաղություն: Սրանք այն անհրաժեշտ նախադրյալներն են, որոնք պետք է ապահովեն երկրի կայուն և բեկումնային զարգացումը: Մենք պետք է նաև որոշենք զարգացման օպտիմալ տնտեսական մոդելը՝ հաշվի առնելով ինչպես աշխարհքաղաքական և կոմունիկացիոն իրողությունները, այնպես էլ՝ երկրի ներքին ներուժը»:
Ես օրեր առաջ վերընթերցում էի այդ հարցազրույցը և գիտակցեցի, որ հինգ տարի անց, այսքան բանի միջով անցնելուց հետո էլ այս կետերը ոչ միայն չեն կորցրել իրենց ուժը, այլև դարձյալ առաջնային են։ Երանգների փոփոխություններ, անշուշտ, կան։
Ինչպես հինգ տարի առաջ, այսօր էլ ես համարում եմ, որ Հայաստանի պոտենցիալ մրցակցային առավելություններից մեկը կարող է լինել տեխնոլոգիական գերազանցության կենտրոն դառնալը և հենց դրանով պետք է պայմանավորված լինի երկրի բեկումնային զարգացումը: Մենք ունենք այն, ինչը շատերը չունեն՝ մտավոր ներուժ և մարդկային ռեսուրս:
-Երբ դուք խոսում եք քաղաքակրթային առաքելության անավարտության մասին, ի՞նչ նկատի ունեք։ Ձեր ձևակերպումը, անկեղծ ասած, այսօրվա իրականությունից մի տեսակ կտրված է և դժվար է ընկալվում։
-Նախ պետք է նկատի ունենալ, որ հայ ժողովուրդը ոչ միայն Հայաստանում ապրող հայերն են։ Ճակատագրի բերումով մենք ունենք աշխարհասփյուռ հայություն, որը կարող է իր զգալի ներդրումն ունենալ մարդկության զարգացման մեջ։ Ըստ էության, այսօրվա իշխանությունը փորձում է անընդհատ հերքել մեր անցյալը, այն ամենը, ինչն ասոցիացվում է նախկին իշխանությունների հետ։ Բայց այդ նույն նախկինների օրոք մեր երկրում ստեղծվել է Թումոն, որը դարձել է մեր երկրի այցեքարտերից մեկը։ Օրերս հայտնի դարձավ, որ IT ձեռնարկություններից մեկը, որը ժամանակին ստեղծվել է ՀՀ կառավարության մասնակցությամբ, իր շուկայական կապիտալիզացիայով հասել է մեկ միլիարդ դոլարի։ Խոսքը Պիքսարտի մասին է։ Մենք հպարտանում ենք մեր հայրենակից Նուբար Աֆեյանով, որի ձեռնարկությունը ստեղծել է կորոնավիրուսի դեմ ամենալավ պատվաստանյութերից մեկը և ունի համաշխարհային համբավ։ Փորձենք մեզ հիմա մի պահ նայել կողքից. ինչի՞ հետ ենք ասոցիացվում մենք արտաքին աշխարհի համար. պարտության և պառլամենտում ծեծկռտուքի։
Հաջորդը՝ չպետք է մոռանալ, որ հայերն աշխարհում ընկալվում են՝ որպես քրիստոնեական արժեքների և մշակույթի կրող։ Վստահ եմ, որ առաջընթացի ցանկացած տեմպի և ժամանակակից մարդկության զարգացման առանձնահատկությունների պայմաններում, այն միշտ վերադառնալու է ավանդական քրիստոնեական արժեքներին և կրողներին։
-Ձեր ելույթի կրթական հատվածին հակադարձեց Ն. Փաշինյանը, նա նույնիսկ մեղադրական տոնով խնդիրը դրեց իբր երեխաների բաժանումը՝ սպիտակների և սևերի, կրթական հարցով։ Ինչո՞ւ այդպիսի արձագանք, դա կրկին պրոբլեմի ժխտո՞ւմ էր, թե՞ դարձյալ նույն վերաբերմունքը նախկինների հանդեպ։
-Տեսեք, երբ ես վկայակոչում էի վիճակագրությունը, այն էլ՝ միջազգային կազմակերպության, ելնում էի այն մտքից, որ պետք է արձանագրել առկա վիճակը։ Սա շատ կարևոր է՝ ճիշտ որոշումներ կայացնելու համար, ու նաև ցանկացած իշխանության համար կարևոր է իր գործունեության արդյունավետությունը գնահատելու նպատակով։ Այսպես.
Համաշխարհային բանկի հետազոտության համաձայն՝ Հայաստանում կրթական աղքատության մակարդակը 35 տոկոս է: Սա նշանակում է, որ 10 տարին չլրացած յուրաքանչյուր 3-րդ աշակերտը չի կարող սահուն կարդալ և հասկանալ տարիքին համապատասխան տեքստը: Վրաստանում այդ ցուցանիշը 13.8 % է, իսկ Ադրբեջանում՝ 23.3%:
Իմ երկրորդ դիտարկումն այն էր, որ «հեղափոխական փոփոխությունները» չեն բերել երկրում մարդկային զարգացման ցուցանիշների լավացմանը, թեև իշխանությունները պնդում են, որ պետությունն ավելի լավ պայմաններում է՝ հնարավորությունների և ազատությունների առումով։ Մեր հարևանները առանց «հեղափոխական փոփոխությունների» արձանագրել են նկատելիորեն ավելի մեծ առաջընթաց։ ՄԱԿ-ի մարդկային զարգացման տարեկան ինդեքսի մեջ նշանակալին նաև դրանց փոփոխության դինամիկան է: Օրինակ՝ Վրաստանը 2018-ին 70-ից՝ հասել է 2020-ին 61-րդ տեղը, Թուրքիան` 2018-ին 64-ից՝ 2020-ին հասել է 54-րդ տեղը, Ղազախստանը 2018-ին 58-ից՝ 2020-ին հասել է 51-րդ, իսկ Հայաստանը 2018-ին 83-ից՝ 2019-ին հասել է 81-րդ և մնացել 2020-ին նույն դիրքում:
Միշտ բարձր կրթական ցենզով ու մարդկային ներուժով Հայաստանն այսօր կորցնում է այդ կապիտալը։ Ասել եմ ու նորից կրկնեմ. այս ցուցանիշներով կերտվում է վաղվա Հայաստանի նկարագիրը, և այն խորապես մտահոգիչ է։ Սա նաև երկարատև պարտությունների հիմքն է դնում։
-Տպավորություն է ստեղծվում, թե իշխանությունը հարցականի տակ է դնում երկրում կրթված մարդկանց անհրաժեշտությունը։
-Մի խորհուրդ բոլոր իշխանավորներին. ստացած կրթությամբ կարելի է և պետք է միայն հպարտանալ։ Ես ինքս հպարտ եմ իմ կրթությամբ։ Ես այն ստացել եմ դրսում՝ իմ ուժերով ու առանց որևէ օգնության և, ի տարբերություն շատ-շատերի, 1997-ին վերադարձել եմ Հայաստան՝ այստեղ աշխատելու համար, թեև ունեի բոլոր հնարավորությունները՝ մնալու արտերկրում՝ զբաղվելու գիտությամբ և բիզնեսով։ Ես շարունակել եմ կրթությունս նաև ավելի հասուն տարիքում (2015 թ. ԱՄՆ), երբ թվում էր, թե չկա դրա կարիքը։ Իմ երեխաները միշտ սովորել են և հիմա էլ սովորում են երևանյան տարբեր դպրոցներում։ Եվ նաև հենց այդ պատճառով եմ ես քաջատեղյակ ու մտահոգ՝ մեր կրթական համակարգի խնդիրներով։ Իմ խորհուրդն է՝ սովորեք, անընդհատ ստացեք նոր գիտելիքներ, դրանք ձեզ համար կբացեն նոր հնարավորություններ։ Նրանք, ովքեր չեն սիրում կամ ուզում սովորել և կարծում են, թե ամեն ինչ գիտեն, շատ վտանգավոր են միջավայրի համար, իսկ երկրի մասշտաբներով՝ ուղղակի պոտենցիալ ռիսկ են մեր կայունության և անվտանգության համար։
-Իշխանությունը ցանկացած առաջարկի, ցանկացած առարկության վերաբերվում է մեծ խանդով։ Կա տպավորություն, որ իշխանությունը ապրում է «մեր դեմ խաղ չկա»-ի չարաբաստիկ մթնոլորտում։ Սա ինչի՞ կբերի։
-Գիտեք, ԱԺ դահլիճում խայտառակ տեսարաններից հետո ես այն համոզմանը եկա, որ եթե երկրում՝ դահլիճի պատերից դուրս, լիներ այլ մթնոլորտ, ապա դահլիճում նման բան կբացառվեր։ Ամեն ինչ փոխկապակցված է։ Ես ասում եմ մեծ ցավով, բայց երկրում հիմա ընդհանուր դեգրադացիոն միտումներ են։ Ադրբեջանը փակում է մեր միջպետական ճանապարհը, Սյունիքը կտրում, կաթվածահար անում Իրան-Հայաստան ճանապարհը. սա արտակարգ վիճակ է, իսկ Երևանում՝ անտարբերություն։ Մեր պետության մեջ պետություն չունենալու մթնոլորտ է։ Ինձ սա ավելի շատ է մտահոգում, քան՝ կառավարության ծրագրում այս կամ այն դրույթի անկատար լինելը, քան այս կամ այն նախարարի կամ պաշտոնյայի որակը։ Մեզ մոտ առկա է ստեղծված իրավիճակի ու մեր լրջության անհամապատասխանություն։ Ի՞նչ հանգրվանի կբերի սա, վախենում ես նույնիսկ բարձրաձայնել։ Ես ուզում եմ հասկանալ՝ ո՞րն է այն կետը, որից գործող իշխանությունը կսկսի վերցնել պատասխանատվությունը և այլևս այն չի բարդի նախորդ բոլոր իշխանությունների վրա։ Չեմ բացառում, որ այդ կետը երբևէ չգա։
-Ըստ Ձեզ՝ ունի՞ արդյոք Հայաստանն այս վիճակից պետական և ազգային վերելքի հնարավորություն, և ինչի՞ց է պետք սկսել՝ առաջին, երկրորդ, երրորդ քայլերը որո՞նք են։
-Միանշանակ ունի։ Իսկ առաջին քայլը մթնոլորտի փոփոխությունն է։ Թշնամական սեգմենտների բաժանված հասարակությունը չի կարող դիմակայել այս ծավալի ու բարդության խնդիրներին։ Բայց մթնոլորտ փոխելու հիմնական լծակները գտնվում են իշխանության ձեռքում, որից էլ առայժմ ոչ մի ազդակ չկա։ Հնարավոր չէ կազմակերպել հարձակումներ ընդդիմադիր պատգամավորների վրա՝ դա կլինի բռունցքների թե ուղղորդված քրեական գործերի տեսքով, ու սպասել, որ երկրում կձևավորվի աշխատանքային պոզիտիվ մթնոլորտ։ Պետք է կարողանալ իրավիճակին և հեռանկարին նայել ավելի լայն՝ քան առաջին հայացքից հնարավոր է։ Այդ դեպքում կգտնվեն հետաքրքիր լուծումներ։ Չի կարելի մնալ պարտվածի հոգեբանության մեջ, և վերջապես բարդ խնդիրների լուծելու համար որոշակի պաշարի գիտելիքներ և փորձ է պետք։ Ամեն դեպքում, իշխանության հարցը երկրում փակված չէ:
-ԱԺ ելույթներում ծրագրային քննարկումների փոխարեն՝ քիչ չէին միմյանց հասցեին հնչող մեղադրանքները, որոնցից բաժին հասավ նաև ձեզ։ Շատերն արձագանքեցին, ոմանք՝ ոչ, այդ թվում՝ նաև դուք։ Ինչո՞վ սա կբացատրեք։
-Իսկ ո՞րն է արագ արձագանքի իմաստը։ Ես պետք է օլիգարխիայի հիմնադիրներից մեկին բացատրեմ, որ 100 մլն դոլար չունե՞մ։ Ինչ-ինչ, բայց օլիգարխները փող հաշվել գիտեն, և շատ լավ գիտեն, թե ինչ է 100 մլն դոլարը։ Գիտեք, երբ իշխանությունը և´ դատախազ է, և´ դատավոր, և´ քննիչ, և´ գործարար, ապա դժվար է հասկացվում գրագետ պատասխանի իմաստը։ Այնուհանդերձ, իմ փաստաբանը հերքեց բոլոր անհիմն մեղադրանքները։ Ու դարձյալ ափսոսում ես, որ երկիրն այս վիճակում՝ դու լսում ես նման ելույթներ։ Շատ ավելի ճիշտ կլիներ, եթե լիներ բովանդակային բանավեճ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը