«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Եկամտահարկի վերադարձի դադարեցման վերաբերյալ նախագիծն արդեն հասցրել է լուրջ մտահոգություններ առաջացանել ոչ միայն կառուցապատողների, երիտասարդ ընտանիքների, այլև առևտրային բանկերի մոտ: Քանի որ հենց այս ծրագրի շնորհիվ բազմաթիվ երիտասարդներ բնակարանատեր դարձան, ինչից շահեցին նաև բանկերը:
Բայց սա դեռ ամենը չէ. օգոստոսի 12-ին կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել եկամտահարկի վերադարձի գործընթացը Երևանում, որից հետո միայն այդ որոշման նախագիծը հայտնվել է e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքէջում: Բայց նկատենք, որ այն պետք է նշված կայքէջում տեղադրվեր ավելի վաղ, որով ներկայացվելու էր հանրային քննարկման:
Թե ինչու է այս հարցում ֆինանսների նախարարությունը թերացել, թերևս զարմանալի չէ, քանի որ այս նախարարությունում կադրային փոփոխություն է տեղի ունեցել. Ատոմ Ջանջուղազյանին փոխարինել է Տիգրան Խաչատրյանը: Հավանաբար, բոլորը սրտատրոփ սպասելով կադրային փոփոխություններին՝ մոռացել են նախագիծը ժամանակին ներկայացնել հանրային քննարկման:
Հիշեցնենք՝ օգոստոսի 12-ին ՀՀ կառավարության նիստին որոշում կայացվեց աստիճանաբար դադարեցնել Երեւանում հիփոթեքային վարկով գնվող բնակարանների համար եկամտահարկի վերադարձը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը