«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ կանոնավոր ուղեւորափոխադրումների սպասարկման իրավունքի հատկացման համար տարեկան պետական տուրքը կփոխարինվի մեկանգամյա տուրքով:
Ավելին՝ պետական տուրքը սահմանված ժամկետում չվճարելը երթուղու սպասարկման իրավունքից զրկման հիմք չի հանդիսանա: Բանն այն է, որ կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղիները սպասարկող կազմակերպությունների ընտրության մրցութային կարգում 2020 թվականին կատարված փոփոխության համաձայն՝ երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների տարիքը սահմանվել է 10 տարի՝ նախկին միկրոավտոբուսների 15 տարվա եւ ավտոբուսների տարիքային սահմանափակում չլինելու փոխարեն, հետեւաբար փոխադրողները պետք է մեծ ծավալի ներդրումներ անեն եւ թարմացնեն տրանսպորտային պարկը։
Այս ամենի արդյունքում կբարձրանան տրանսպորտային միջոցների գույքահարկի մասով ծախսերը։ Փոխադրողների ֆինանսական ծախսերը փոքր-ինչ մեղմելու նպատակով առաջարկվում է պետական տուրքի տարեկան վճարումը փոխարինել մեկանգամյայով: Այս մասին որոշման նախագիծը քննարկման է դրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, որը պետք է վաղուց ներդրած լիներ միասնական երթուղային ցանց:
Ինչպես տեսնում եք, միասնական երթուղային ցանցի մասին արդեն մի քանի տարի է՝ միայն խոսվում է, ոչինչ ավելին. «մահաբեր գազելները» շարունակում են գործել: Հուսանք՝ Սուրեն Պապիկյանի գլխավորած կառույցը ձեւական չի մտահոգվում ուղեւորափոխադրողների մասին:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը