13 01 2021

Նիկոլ Փաշինյանի ստորագրած «ապաշրջափակման» փաստաթղթի 5 վտանգները

Նիկոլ Փաշինյանի ստորագրած «ապաշրջափակման» փաստաթղթի 5 վտանգները

Հայաստանը շարունակում է կորցնել և ստորանալ։ Ասվածի հերթական ապացույցներից էր Նիկոլի Փաշինյանի ողորմելի կեցվածքը Մոսկվայում և նրա ստորագրած հայտարարությունները։ Մեր գերիների հետ վերադարձի հարցում ձախողումը ծածկելու և մոռացության տալու համար իշխանական քարոզչամեքենան փորձ է անում ճանապարհների ապաշրջափակման մասին ստորագրված փաստաթուղթը ներկայացնել որպես Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստող լուրջ քայլ։ Իրականում այն լի է վտանգներով։

1․ Երկաթուղային հաղորդակցության վերակագնումը Ադրբեջանի և Թուրքիայի միջև նրանց, այլ ոչ թե Հայաստանի վաղեմի երազանքն է։ Հետխորհդային շրջանում ո’չ քաղաքական գործիչների, ո’չ գործարարների կողմից չի եղել նման ցանկություն։ Եղել է ցանկություն վերագործարկելու վրաց-աբխազական երկաթուղին։ Բոլորն էլ հասկացել են, որ Ադրբեջանի տարածքով բեռներ տեղափոխելը ինքնասպանության նման մի բան է։ Ոչ ոք, ոչ մի միջազգային կամ այլ երաշխիքներ չեն գործելու այդ բեռների անվտանգ և ժամանակին փոխադրելու համար։ Առավել ևս հիմա՝, երբ Ադրբեջանը որպես հաղթող իրեն ավելի սանձարձակ է պահում, իսկ Հայաստանը դրան ոչինչ չի կարող հակադրել։ Ուղևորափոխադրումների մասին խոսլն իսկ անիմաստ է՝ ոչ ոք չի ցանկանա գնացքով անցնել Ադրբեջանով և համալրել այնտեղ պահվող գերիների թիվը։    

2․ Եթե հանկարծ սկսենք օգտվել հայ-ադրբեջանական երկաթուղուց թեկուզ միայն Արարատի մարզից Մեղրի բեռներ փոխադրելու համար, ապա դա բացասաբար կազդի Սյունիքի տնտեսական ակտիվության վրա։ Հայտնի է, որ Սյունքով անցնող ճանապարհների  մի շարք հատվածներ անցնում են ադրբեջանական տարածքով, ինչի հետ կապված վերջերս շատ է խոսվել։ Այսինքն, ստանում ենք մի պատկեր, երբ Հայաստանի ներսով բեռնափոխադրումները մղում ենք դեպի Ադրբեջանի տարածքով փոխադրումների։ Տրամաբանություն այսպիսին է ՝ Հայաստանի ճանապարհները վտանգավոր են, եկեք Նախիջեանով։ Սա նշանակում է Սյունիքը թուլացնել և ընդհանրապես՝ աքցանի մեջ մեզ առնել, հարմար առիթին ճզմելու համար։  

3․ Իրանի հետ մեր տնտեսական կապերը ևս լրջորեն վտանգվում են։ Նույն պատճառով Իրանի բեռնափոխադրողներին առաջարկվելու է շրջանցել Հայաստանը և Նախիջևանի տարածքով անցնող երկաթուղով կատարել բեռանփոխադրումները։ Բնականաբար, իրանցի վարորդներին դրանում «համոզելու» համար մեր ճանապարհի ադրբեջանական հատվածներում ամեն տեսակի խոչընդոտներ կստեղծվեն։ Այս ամենի արդյունքում․ Իրանի հետ մեր երկկողմ կապերը՝ սկսած էներգետիկ ոլորտից մինչև առևտուր լրջորեն կտուժեն և անկում կունենան։ Ընդ որում, Իրանը նույնպես բացասաբար է ընդունում ադրբեջանաթուրքական տրանզիտը Հայաստանի տարածքով, որը հակասում է իր տնտեսական և քաղաքական շահերին։

4․ Անհայտ է, թե մեր տարածքով բեռնափոխադրումներ անելու համար ինչ որ տարանցիկ վճար կտան, թե՞ ոչ։ Կարելի է ասել անհավանական է, եթե նկատի ունենանք, որ անգամ մեր գերիներին Ադրբեջանը չի վերադարձնում։ Այսինքն, անգամ չնչին տնտեսական օգուտի ակնկալիք չենք կարող ունենալ։

5․ Եվս մեկ վտանգ, որի մասին չի խոսվում․ Նախիջևանը, տվյալ դեպքում Ջուլֆա կայարանը, դառնալու է տարանցիկ հանգուց՝ մեզ համար դրանից բխող սպառնալիքներով։ Ավելին, արդեն քննարկվում է Նախիջևանից Հայաստան մտնող երկաթուղին շրջանցելու տարբերակը։ Միանգամից Նախիջևանը Թուրքիային միացնող նեղ հատվածող երկաթուղու կառուցումը, հետագայում այն դեպի Կարս շարունակելու համար։ Սա իրականացնելը, իհարկե տարիներ կտևի, բայց կդառնա ևս մեկ քայլ թուրքական աշխարհի՝ առայժմ տնտեսապես միավորվելու համար։ Նրան կմնա միայն Մեղրիի հատվածը վերջնականապես կլանելը։

Ինչպես տեսնում ենք, ոչ միայն տնտեսական օգուտներ չենք կարող ակնկալել, այլև մի շարք սպառնալիքների առջև ենք կանգնելու։ Ի՞նչ կարող ենք և պետք է անենք, ինչպե՞ս կարող ենք հակադրվել այս ամենին, կանդրադառանք հաջորդ հրապարակմամբ։

Արա Մարտիրոսյան    

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ