«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 3 նոր վարույթ է հարուցել, այս անգամ՝ ԲԴԽ անդամների նկատմամբ․ կարգապահական վարույթ է հարուցվել Անի Մխիթարյանի, Վիգեն Քոչարյանի և Ռուբեն Վարդազարյանի (ԲԴԽ նախագահի լիազորությունները ժամանակավոր կասեցված են) դեմ։
Ըստ տեղեկությունների՝ Վարդազարյանի դեմ կարգապահական վարույթ հարուցվել է նույն հիմքով, ինչով այժմ քրեական գործ է հարուցված, և որի շրջանակներում հարցաքննվել է Վարդազարյանի կինը։ Այս ձևով իշխանությունը փորձում է ճնշել Վարդազարյանին՝ ստիպելով հրաժարական տալ։ Ռուբեն Վարդազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր կարգապահականի վերաբերյալ ԲԴԽ-ում վերջին նիստը հետաձգվել է․ «Նյութերին ծանոթանալու համար է հետաձգվել, ես ներկա չեմ եղել»։
Ասաց, որ չի կարող ներկայացնել վարույթի հիմքը․ «Մի քանի էջանոց փաստաթուղթ է, համառոտ էլ հնարավոր չէ բացատրել, հիմա հեչ դրա ժամանակը չէ, դա լուրջ իրավաբանություն է, ես դրա ժամանակը չունեմ»։
Ընդգծեց՝ սա ճնշում է իր նկատմամբ, սակայն ինքը հրաժարական չի ներկայացնելու։
Վիգեն Քոչարյանն էլ մեզ փոխանցեց, որ իր վարույթի վերաբերյալ որոշում չկա, ավելին՝ այդ նիստը սկսվելուց հետո իր և Անի Մխիթարյանի վարույթներից հրաժարվելու միջնորդություն է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչը․ «Շարունակում է քննվել, և հիմա ԲԴԽ-ն պետք է որոշում կայացնի, ես և Մխիթարյանը որոշակի պարզաբանումներ ենք տվել։ ԲԴԽ-ն համապատասխան որոշում կկայացնի, կտեսնենք»։
Խոսելով հարուցված վարույթի հիմքերի մասին՝ նշեց․ «Հայտարարագրի մեջ որոշակի տեխնիկական վրիպակ կար, որը վերաբերում էր բանկային հաշվին առկա 200 հազար դրամին։ Հայտարարագրի լրացման կարգն է փոխվել, մի հայտարարագրում պահանջվում էր ընդհանուր գումարը նշել, մյուս տարում տարանջատում կար՝ կապված կանխիկ և անկանխիկ գումարի հետ, տեխնիկական վրիպակ էր տեղի ունեցել։ Ինձ թվում է՝ տիկին Մխիթարյանի դեպքում էլ նույն բնույթի տեխնիկական վրիպակի հետ էր կապված»։
Նշենք, որ Անի Մխիթարյանը ժամանակին դեմ էր քվեարկել թե՛ Վարդազարյանի լիազորությունների կասեցման միջնորդությանը, թե՛ դատավոր Կարինե Պետրոսյանին պատասխանատվության ենթարկելու հարցին։ Դատավորին պատժելու պատճառը, ամենայն հավանականությամբ, «ընդդիմադիր» լինելու մեջ է, իսկ իշխանությանը պաշտպանող Վիգեն Քոչարյանին «պատժելն» անհայտ նպատակներ ունի։ Գուցե՝ ընդամենը ցույց տալու, որ անաչառ են, բոլորին հավասարապես են պատժում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը