«Նախընտրական քարոզարշավի ավարտին շատ քիչ ժամանակ է մնացել։ Քաղաքական ուժերն իրենց բոլոր ջանքերը ներդրում են ամեն կերպ քաղաքացիների վստահության քվեն ստանալու և հանրության աջակցությանն արժանանալու նպատակով։ Սակայն շատ հաճախ անտեսվում է այն հանգամանքը, որ, ի վերջո, խորհրդարանական այս արտահերթ ընտրությունը առանձնանում է նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր ընտրություններից, քանի որ այն աղետալի իրողությունների հետևանք է։ Առաջին հայացքից կարող է տրամաբանական թվալ, որ այս իրադարձություններից հետո պարտության և կապիտուլյացիայի սիմվոլ դարձած իշխանությունները պետք է հրաժարական տային և մի կողմ քաշվեին՝ նույնիսկ համարձակություն չունենալով մասնակցել արտահերթ ընտրություններին։
Սա կլիներ ինչ-որ առումով արժանապատիվ հեռացում, բայց Փաշինյանի դեպքում արժանապատվության մասին խոսակցություններն ուղղակի ո՛չ արժեք ունեն, ո՛չ իմաստ։ Հնարավոր է՝ թույլատրելի ու անթույլատրելի միջոցներով աթոռից կառչելը ինչ-որ առումով պայմանավորված է նրանով, որ վերջինս պատկերացնում է, թե ինչպիսի քաղաքական ապագա է սպասվում իրեն ու իր թիմին։ Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է որքան հնարավոր է երկարացնել իր պաշտոնավարումը և անբովանդակ աղմուկ-աղաղակ բարձրացնելու միջոցով հանրության ուշադրությունը շեղել օրախնդիր հարցերից։ Ընդ որում, Փաշինյանն ամեն ինչ անում է, որ հասարակությունը մոռանա «Նիկոլի անվան կապիտուլյացիան», մեր հայրենիքի տարածքների կորուստը, ադրբեջանական զորքերի ներխուժումը Հայաստանի սուվերեն տարածք, հազարավոր զոհերին ու վիրավորներին և մեր այն տղաներին, ովքեր իշխանությունների ապաշնորհության պատճառով մինչև հիմա տանջվում են Բաքվի բանտերում։
Ուստի պատահական չէ, որ իրեն երկրի ղեկավար հռչակած անձը հանդես է գալիս «մուրճ-մանգաղով», «շինելով», ճչալով-գոռալով, հիստերիաներով, «ձեռքեր կտրելով», ընդդիմադիրների հասցեին բազմապիսի հոխորտանքներով, ընդ որում՝ այդ ճանապարհին նաև իր թիմակիցներին «փուռը տալով», որ անհեթեթություններ դուրս տան և ուշադրությունը գրավեն իրենց վրա։ Այդպիսով, Փաշինյանը ոչ միայն ստանձնել է ատելության քարոզիչի գլխավոր առաքելությունը, այլև փորձում է մինչև վերջ օգտվել իր կարգավիճակի ու պաշտոնի ընձեռած հնարավորություններից, միայն թե հերթական անգամ խաբի հանրության մի հատվածին։
Դրա համար նա պատրաստ է ամեն ինչի, նա տրամադրված է պետական լծակները մինչև վերջ ծառայեցնել իր անձնական շահերին։ Ոչ թիմի, այլ միայն իր անձնական, որովհետև նա թքած ունի նաև թիմի վրա, այդ թիմն այսօր իրեն պետք է, կօգտագործի, վաղը պետք չի լինի, կթողնի: Հիմա նա զբաղված է Հայաստանի մարզերը «գրավելով»: Փաշինյանը, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո իբր թե հեծանիվով էր աշխատանքի գնում և շոուներ կազմակերպում, թե ինքը չի տարբերվում մյուս քաղաքացիներից և հանգիստ կարող է քայլել փողոցով, արդեն տևական ժամանակ խուսափում է քաղաքացիների հետ ինքնաբուխ հանդիպումներից։ Նա մարզեր է այցելում թիկնապահներով ու հազարավոր ոստիկաններով շրջապատված։
Միևնույն ժամանակ, իր հետ շարասյունով շրջիկ խմբեր է տանում այս կամ այն մարզ, որպեսզի տպավորություն ստեղծի, թե ինքը շարունակում է վայելել ժողովրդի աջակցությունը։ Իրականում բոլոր բնակավայրերում էլ ակնհայտ է դարձել, որ մասնակիցները միշտ նույնն են և նույնիսկ ամենախոշոր քաղաքներում տեղացի հազիվ 50-100 մարդ է լինում: Այսպիսի հնարքներով Փաշինյանն ընդամենն ինքնախաբեությամբ է զբաղված, իսկ ավելի կոնկրետ՝ քաղաքական երազախաբությամբ է տառապում, որովհետև ինչքան էլ հատուկ կադրեր որսան, որպեսզի երևա, թե իբր հավաքն անցնում է լեփ-լեցուն դահլիճում կամ հրապարակում, թե իբր շատ մարդ է եկել Փաշինյանի հետ հանդիպման, միևնույնն է՝ երկիրը փոքր է, մարզային բնակավայրերն առավել ևս, և բոլորն էլ տեսնում են, որ շրջիկ խմբերին ու քաղաքացիական հագուստով ոստիկաններին հանում ես, տակը մարդ չի մնում։
Սա ևս վկայում է այն մասին, որ Փաշինյանը վաղուց չունի բավարար հանրային վստահություն: Մենք, իհարկե, այնքան միամիտ չենք, որ մտածենք, թե ընդհանրապես զրոյական վարկանիշ ունի, թե իր ստերին հավատացողներ այլևս չկան, թե հազիվ է հաղթահարելու անցողիկ շեմը: Սակայն, միևնույն ժամանակ ակնհայտ է, որ նման մարդկանց քանակը հազիվ 17-18 տոկոսի սահմաններում է, վարչական ռեսուրսն էլ հաշվենք՝ մաքսիմում 25 տոկոս:
Սակայն այստեղ ամենաէականն այն է, որ յուրաքանչյուր ոք, անկախ իր քաղաքական հայացքներից, իրեն Հայաստանի ոչ միայն տեր զգա, այլև ծառա, որ յուրաքանչյուր ոք, մուտք գործելով ընտրատեղամաս, պարտավոր է հիշել մեր բազմապատկված Եռաբլուրը և Եռաբլուրում ծփացող եռագույն դրոշները, հազարավոր սևազգեստ որդեկորույս մայրերին, ոտքի վրա չորացած հայրերին, իրենց զավակների մասին տեղեկություն չունեցող ընտանիքներին։ Պարզապես հիշենք, թույլ չտանք ինքներս մեզ գեթե մեկ վայրկյան մոռանալ: Նաև հիշենք, թե ինչ նոր ողբերգություններ է պատրաստվում հայ ժողովրդին բերել Նիկոլ Փաշինյանը:
Հ.Գ.- Ի դեպ, հետաքրքիր չէ՞, թե ինչու է Նիկոլն այսքան ծանր տանում այն հանգամանքը, որ ՀՅԴ-ն Թուրքիայի դրոշներն է այրում, և ինչո՞ւ է ցանկանում, որ ՀՅԴ-ի դրոշներն այրված տեսնի։ Գուցե հենց դրա՞ համար․․․»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը