03 06 2021

Մուրադովն այսօր կգա Հայաստան. «Ժողովուրդ»

Մուրադովն այսօր կգա Հայաստան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Մոսկվայում տեղի են ունեցել եռակողմ բանակցություններ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ՝ գերեվարված զինծառայողների հարցով: Սակայն երեկ՝ ուշ գիշերվա դրությամբ, դեռ որեւէ դրական տեղաշարժի կամ նորության մասին հայտնի չէ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր Երեւանում կլինի Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը, ում գլխավորությամբ էլ անցկացվում էին բանակցությունները, եւ ով մի քանի օր ՌԴ-ում էր՝ հանդիպումը կազմակերպելու նպատակով: Հայկական կողմից բանակցություններին մասնակցել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանը եւ սահմանապահ զորքերի շտաբի պետ Արման Գասպարյանը:

Ադրբեջանական կողմը ներկայացրել է արտաքին հետախուզության ղեկավար Օրխան Սուլթանովը, դե իսկ ՌԴ-ից էլ՝ Մուրադովը, որն էլ, այսօր գալով Երեւան, մանրամասներ կհայտնի իրավիճակից: Նկատենք, որ բանակցությունները ռազմագերիների վերադարձի հարցին էին վերաբերում, սակայն առանցքում հատկապես այն վեց գերիների հարցն էր, որոնք գերեվարվել են ՀՀ ՊՆ զորամասի պահպանության տարածքից, եւ ՀՀ պահանջներից մեկը եղել է այն, որ վերջիններս անհապաղ վերադարձվեն ՀՀ: Թե ինչ է որոշվել բանակցությունների արդյունքում, դեռ պարզ չէ, սակայն երեկվա դրությամբ դրական լուրի մասին տեղեկություններ դեռ չկային»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ