«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ իշխանության նախընտրական ցուցակն էական փոփոխություններ չի կրել 18 թվի համեմատ, սակայն եթե ՔՊ-ն վերարտադրվի, պաշտոնները բաշխելիս կտրուկ փոփոխություններ կլինեն։ Օրինակ, չնայած Արարատ Միրզոյանը ցուցակում երկրորդն է, սակայն Փաշինյանը հակված չէ նրան նորից ԱԺ նախագահ դարձնել, կարծում է, որ նա պասիվ է եղել եւ վարչապետի ու թիմի շահերը չի պաշտպանել։
Միրզոյանը կարող է որեւէ երկրում դեսպան նշանակվել։ Նույն դժգոհությունները կան նաեւ Տիգրան Ավինյանից։ Վերջիններս ոչ միայն թիմի կողքին չեն եղել դժվար պահերին, այլեւ «խաղեր են տվել» ընդդիմության հետ։
ԱԺ նախագահի պաշտոնը, ըստ որոշ տեղեկությունների, կարող է բաժին հասնել Սուրեն Պապիկյանին, ով ոչնչով չի գերազանցում մյուսներին, բայց կարողացել է աշխատող, լուրջ մարդու իմիջ ձեւավորել, որը, ըստ ամենայնի, կփլվի նրա՝ ԱԺ նախագահ դառնալուց մի քանի օր անց։ Իսկ առաջիկա խորհրդարանը շատ ավելի բարդ կազմ է ունենալու, եւ Պապիկյանը դժվար թե այդ աշխատանքից գլուխ հանի։ Ինչ վերաբերում է ցուցակ մտած բիզնեսմեններին, ապա նրանց գործադիրում պաշտոններն են հետաքրքրում, եւ ընտրություններից հետո նրանք կհայտնվեն կառավարությունում, իսկ Խաչատուր Սուքիասյանը, հավանաբար՝ Երեւանի քաղաքապետի աթոռին:
ՔՊ ցուցակի անակնկալներից են նաեւ գեներալ Գագիկ Մելքոնյանը, դերասան Գնել Սանոսյանը, մի քանի կուսակցություններ փոխած Վիգեն Խաչատրյանը, նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը, ինչպես նաեւ նախկին նախարար Հակոբ Արշակյանը, ով հեռացվեց լրագրողին ծեծելու պատճառով, եւ Վայոց Ձորի նախկին մարզպետ, ՔՊ աշխատակազմի ղեկավար Տրդատ Սարգսյանը, որը փոխգնդապետի հայտնի ծեծից հետո ազատվեց պաշտոնից։ Գործող պատգամավորներից ցուցակ չեն ընդգրկվել ԱԺ խոսնակի հովանավորյալ Աննա Կարապետյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Արտակ Մանուկյանը եւ այլք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը