«168.am-ի հարցազրույցը՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:
– ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «դեռևս 1990-ականներից կան մարտական դիրքեր, որոնք գտնվում են ՀՀ տարածքում»: Մենք գիտենք, որ 30 տարվա ընթացքում դիրքային լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, այսինքն՝ մենք ենք առաջ եկել, իրենք են առաջ եկել, և այսօրվա միջդիրքային տարածքը 90-ականների միջդիրքային տարածքը չէ, իր, այսպես ասած, մասշտաբով: Այս դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում սահմանների ճշգրտումը, երբ Տավուշից տարածքների հանձնման դեպքում մարտական դիրքեր ենք կորցնելու Նոյեմբերյանից, Շամշադինից:
– Եվս մեկ անգամ ուզում եմ փաստել ոչ միայն իմ, այլ մեր հանրության քիչ թե շատ մեր հայրենիքին նվիրված մարդկանց այն տեսակետը, որ այս իրավիճակում սահմանային որևիցե փոփոխություն անթույլատրելի է, որովհետև այս իշխանությունները պարտությունից հետո անընդհատ ճնշման տակ են գտնվում: Եվ նրանց ինչ փաստաթուղթ էլ ներկայացնում են, կոպիտ ասած՝ ինչ դեմ են տալիս, նրանք համաձայնում են, ընդ որում՝ անգրագետ կերպով, առանց իմանալու մեր աշխարհագրությունը, տարածքները, ստեղծված ընդհանուր անվտանգային միջավայրը, ռազմաքաղաքական միջավայրը: Որպեսզի մենք կարողանանք մեր սահմաններում ճշտումներ կատարել, առաջին ամենաանհրաժեշտ պայմանը հարևան կամ հակառակորդ պետության հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է: Իսկ այսօր ինչի՞ մասին խոսք կարող է լինել, եթե հակառակորդը ներխուժում է մեր սահմաններ, և նույնիսկ ՀԱՊԿ-ին դիմելուց հետո նրանք չեն ուզում դուրս գալ ՀՀ սահմաններից: Երկրորդ՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո պիտի լուրջ ուսումնասիրություն լինի՝ ի՞նչ փաստաթղթով և ի՞նչ քարտեզներով ենք մենք ճշտումներ իրականացնելու: Միշտ էլ հարց է եղել՝ ինչպիսի՞ն է եղել իրավիճակը մինչև Հայաստանի և Ադրբեջանի՝ Խորհրդային Միության մեջ մտնելը:
Մենք հո գիտե՞նք, որ նաև Խորհրդային Միության ժամանակ մաս-մաս, քայլ առ քայլ մեր պատմական շատ կամ ինչ-որ տարածքներ անցել են Ադրբեջանին, որոնք ենթակա են ճշտման: Երրորդ. որպեսզի իրական սահմանազատում և սահմանագծում լինի՝ դելիմիտացիա և դեմարկացիա, պետք է հարևան պետությունների հետ խառը կառավարական հանձնաժողով լինի, որն այդ գործընթացն ամբողջությամբ կիրականացնի: Այսինքն, դելիմիտացիա՝ երբ աշխատում են քարտեզների վրա, և դեմարկացիա՝ երբ աշխատում են տեղում:
Եվ դեմարկացիայից հետո այդ սահմանն ամբողջությամբ պիտի կահավորվի սահմանային համապատասխան պարագաներով: Հիմա, եթե այս ամենը չկա, ի՞նչ խոսք կարող է լինել՝ իրենց դիրքերը մեր տարածքներում կամ մեր դիրքերն նրանց տարածքներում լինել-չլինելու մասին: Ես գտնում եմ, որ այս պարագայում որևիցե շարժ անելն անթույլատրելի է, որովհետև վաղը եթե իրական դելիմիտացիա և դեմարկացիա լինի, և պետք լինի ադրբեջանցիներին ասել՝ դուրս եկեք, սա մեր իրական տարածքն է, շատ դժվար է լինելու նրանց հանել մեր տարածքներից: Պատերազմական գործողությունները նոր են ավարտվել, և առանց թույլտվության Ադրբեջանը «տարածքների պոկման» քաղաքականություն է վարում, անընդհատ մխրճվում են ՀՀ սահմանի տարբեր տեղեր, և հետագայում իրենք փորձելու են հիմնավորել, որ դա իրենցն է, կամ էլ այս ամենն անում են տարբեր տեղերում փոխանակումների պատրվակով:
Կրկնում եմ՝ ներկա իրավիճակում որևէ դիրքի, տարածքի կամ դրանք հետ տալու մասին խոսելն անթույլատրելի է, մանավանդ, որ այդ խոսակցությունները վերաբերում են այն դիրքերին, սահմաններին, որոնք մեր տարածքի ամենանեղն են, «հարևան» են Սյունիքին: Գիտեք, որ կոմունիկացիաների բացման, ապաշրջափակման նրանց հիմնական նպատակը Նախիջևանից Սյունիքի վրայով դեպի Ադրբեջանի հիմնական տարածք միջանցքի բացումն է:
Հեռանկարային առումով ոչ ոք դեմ չէ, որ կոմունիկացիաները բացվեն, բայց այս վիճակում, երբ մեր իշխանություններն անընդհատ ճնշման, հակառակորդի կողմից պարտադրանքի տակ են, ապաշրջափակումը բերելու է ՀՀ-ի և Արցախի խոր շրջափակման: Ավելին, առանց խաղաղության պայմանագրի սահմանազատումը, սահմանների գծումը, ընդհանուր առմամբ, Արցախյան հարցը դուրս է մղելու մեր բանակցային գործընթացից: Եթե մենք Ադրբեջանի հետ այս վիճակում սահմանների ճշգրտման գնանք, ապա նաև Արցախի հարցին լուրջ վնաս կհասցնենք:
– Վերջերս հաճախ է բարձրացվում այն հարցը, երբեմն՝ մեղադրանքը, թե ինչո՞ւ Արցախյան առաջին պատերազմից որոշակի տարիներ հետո, երբ արդեն ունեինք մարտունակ բանակ, չենք զբաղվել սահմանների ճշգրտման հարցով, այս դեպքում գուցե ա՞յլ իրավիճակ ունենայինք:
– Ես դրա անմիջական պատասխանատուն չեմ, բանակցային գործընթացում ես մի փոքր մաս եմ ունեցել՝ ռազմական դիվանագիտության առումով: Բանակցային գործընթացն այս 27 տարիների ընթացքում եղել է հետևյալի շուրջ՝ պետք է նախ լուծվի Արցախի կարգավիճակի հարցը: Տարբեր փաստաթղթեր են եղել, որոնցով բանակցությունները պետք է այս հարցի շուրջ ընթանային: Այսինքն՝ պայմաններն այլ են եղել. մենք այն ժամանակ պարտվողի դերում չենք եղել, որ մեզ ինչ-որ բան պարտադրեին: Եվ այս բանակցային զգալի ներուժի ոտնահարման և քանդման արդյունքում է, որ պատերազմ եղավ, և այսօր գործող իշխանությունները գտնվում են Ադրբեջանի պարտադրանքի տակ: Այն ժամանակ այդպիսի բան չկար, ընթանում էր բանակցային լիարժեք գործընթաց՝ իրավահավասար պայմաններում, ավելին, շատ դեպքերում առաջնագծում, շփման գծում մենք էինք պարտադրողի և պատժողի դերում:
– Դուք եղել եք ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, ՀՀ պաշտպանության նախարար, եթե այդ ժամանակ Ադրբեջանը ներխուժեր ՀՀ պետական սահման, արդյոք հրամանատարները կամ ԶՈՒ ղեկավարությունն ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք կունենայի՞ն կամ ունեցե՞լ են՝ համապատասխան գործողությունների դիմելու առումով:
– Նախ՝ պետք է ստեղծել պայմաններ, որ նրանք չկարողանան ներխուժել ՀՀ պետական սահման՝ առանց որևէ արգելքի: Պատերազմի ավարտից հետո 6 ամիս է անցել, եղել են սահմանային փոփոխություններ Արցախում, նաև ՀՀ հատվածում, հատկապես Սյունիքի և Գեղարքունիքի ուղղությամբ ու սահմաններին, և այս ընթացքում պարտավոր էր ռազմական կառույցի ղեկավարությունը որոշում ընդունել իր մասով, իսկ ԱԱԾ սահմանապահ զորքերն էլ իրենց մասով՝ մեր սահմաններն ամբողջությամբ փակելու համար: Յուրաքանչյուր զորամիավորման կամ զորամասի հրամանատար, երբ նոր տեղում անցնում է պաշտպանության կամ խնդիր կատարելու, ժամերի ընթացքում պետք է որոշում ընդունի, որը պետք է զեկուցի վերադասին, իսկ վերադասը պարտավոր է աջակցել հրամանատարներին, որ այդ որոշումը համակողմանի իրականացնեն: Այս պարագայում, կարելի է ասել, որ մի քանի ժամվա ընթացքում պետք է այդ որոշումներն ընդունվեին, մի քանի օրվա ընթացքում դրանք ճշտվեին և լուծվեր մոբիլիզացիայի խնդիրը՝ ամբողջ սահմանը փակելու համար: Բոլոր նրանք, ովքեր թերացել են այս հարցերում, պետք է պատասխանատվություն կրեն: Ես հիմա չեմ կարող ասել, թե ովքե՞ր են թերացողները, բայց վերահսկողը ՀՀ կառավարությունն է, Անվտանգության խորհուրդը, ԱԺ-ն՝ իրենց լիազորությունների շրջանակում, ՊՆ-ն և ԳՇ-ն, ընդ որում՝ վերջինները ոչ միայն վերահսկելու, այլ այդ ամենը կազմակերպելու պարտականություն ունեն:
Ի դեպ, պաշտպանության անցնելու համար մեծ ժամանակ պետք չէ: Այսինքն, պետք էր անձնակազմի համալրում կատարել, գոնե՝ հասարակ խրամատավորում իրականացվեր և արագ կերպով տեսադիտարկման սարքեր տեղադրվեին: Ես գտնում եմ, որ այսօր մենք բավական քանակությամբ տեսադիտարկման սարքեր ունենք: Եթե նվազագույն խրամատավորում լիներ, և մենք գծեինք սահմանը, բոլոր կարևոր ռազմավարական բարձունքները, ճանապարհները զբաղեցված լինեին, և տեսադիտարկման սարքեր լինեին, մենք ամբողջությամբ կդիտարկեինք մեր առաջին գիծը, իսկ գետնատնակները, բլինդաժները ժամանակի ընթացքում կկառուցվեին: Ոչ ոք չի ասում, որ միանգամից ամբողջությամբ առաջին գիծը պետք է կահավորել, բայց նվազագույնը, որ սահմանային գիծն ընդգծվի և ծառայություն իրականացվի, մենք պարտավոր ենք ժամերի, օրերի ընթացքում կատարել:
– Ադրբեջանցի աղբյուրները տարածել էին Գեղարքունիքի մարզի արևելյան սահմանագծի հատվածից մի քանի տեսանյութեր, ըստ «Ռազմինֆոյի»՝ այն արվել էր Կութ գյուղից շուրջ 6կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթին, որի գագաթով նախկինում անցել է Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների միջև սահմանը։ Տելեգրամյան ալիքները «Ռազմինֆոյի» «մեկնաբանած» տեսանյութերի մասով գրեցին, թե «Սևանա լճից ուղիղ գծով 5 կմ հեռավորության վրա թշնամին բարձունք է գրավել», ՊՆ-ն հերքեց՝ թշնամին Սևանից ուղիղ գծով 30 կմ հեռավորության վրա է գտնվում: Մի կողմ թողնենք, թե ո՞վ է հեռավորության առումով ճիշտ, հստակ է մի բան՝ եթե հայկական կողմից ժամանակին բարձրանային և այդ գագաթում ամրանային, ադրբեջանցիները բարձրանալ չէին կարողանա։
– Եթե չեն արել, ուրեմն դա մեր մեղավորությունն է, ես նկատի ունեմ՝ թե ՛ ՊՆ-ի, թե՛ ԱԱԾ-ի զորքերի, որոնք պետք է սահմանային այդ հատվածում պաշտպանություն իրականացնեին: Մյուս կողմից, տեսեք, թե մեզ մոտ ինչ է կատարվում. զգալի քանակությամբ ներքին և այլ զորքեր ենք կուտակել, բայց պետության ղեկավարությունը չի մտածել, որ այդ զորքերի մի մասը տանի առաջին գիծ և մեր սահմանը պաշտպանի: Մի քանի անգամ ասել եմ և այսօր էլ կրկնում եմ՝ այսօրվա իշխանությունը ասֆալտի, փողոցների վրա քայլելու, միտինգներ կազմակերպելու և Եռաբլուրում զոհվածների շիրիմներին կեղծ դերասանական խոնարհում իրականացնելու իշխանություն է: Այսինքն՝ իրենց հատուկ «ասֆալտի ֆիդայիներ» են, ոչ թե առաջին գծում մեր երկիրը, մեր պաշտպանությունն ամրապնդող ղեկավարություն:
– Բանակային կորպուսների ղեկավարները որքանո՞վ կարող են սահմանային ճշգրտումների հետ կապված իրավիճակը զսպել, քանի որ այս դեպքում մարտական դիրքերի կորուստ է լինելու: Օրինակ, շատերի կարծիքով, այդ թվում՝ զինվորականների, քանի դեռ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը Գրիգորի Խաչատուրովն է, Տավուշի հատվածում որևէ դիրքային կորուստ կամ 1 սանտիմետր տարածքի, թույլ չի տրվելու:
– Ես չգիտեմ, թե զորամիավորման հրամանատարությանն ինչ խնդիր է տրված, բայց եթե տվյալ դիրքերը գտնվում են տվյալ զորամիավորման պաշտպանության գոտում, ապա տեղի հրամանատարության խնդիրն է արագ պաշտպանություն կազմակերպելը, միջոցներ ձեռնարկելը, ռազմավարական կետերն ու բարձունքները զբաղեցնելը, որոնք թույլ կտան մյուս ուղղություններում կանգնեցնել մեր պետության խորքը մխրճվելը:
– Պարզապես հիմա նման հարցերը, այսպես ասած, քաղաքական և դիվանագիտական հարթությունում է որոշվում, և հնարավոր են «բախումներ» զորամիավորումների հրամանատարության և իշխանությունների միջև: Այսինքն, երկրի ղեկավարությունը թույլ չտա, որ կորպուսի հրամանատարներն անեն այն, ինչ ուզում է և կարող է անել:
– Դա պետք է արդեն ՊՆ և ԳՇ ղեկավարությանը հարցնել՝ ինչ խնդիր է դրված զորամիավորման հրամանատարի առաջ: Եվ ինչպես վերևում ասացի՝ երկրի ղեկավարությունը պետք է ապահովի այդ խնդրի համակողմանի կատարումը՝ համալրում, նոր մշտական տեղակայման վայրերի նախանշում և այդտեղ բնակավորման խնդիրների լուծում: Այս հարցերի նորմալ կազմակերպման դեպքում պետական միջոցներից բացի, կգտնվեն բարերարներ, որոնք իրենց ծառայությունը կմատուցեն՝ ապրապնդելու երկրի սահմանները:
– Դուք «Հայաստան» դաշինքի հետ եք համագործակցում, ըստ մամուլի, այս քաղաքական ուժի ցուցակում եք ընտրություններին մասնակցելու, հետաքրքիր է՝ երկրի անվտանգության, բանակի ապագայի հետ կապված դաշինքի տեսլականը, ծրագիրը, ինչի վրա եք այս առումով շեշտը դնելու:
– Ծրագիրը կներկայացվի, ես այսօր չեմ ուզում այն ներկայացնել: Բայց այնտեղ նշված է ԶՈւ զարգացման, սպառազինության հետ կապված հարցերը: Ծրագրի մեջ ներառված են նաև տարածքի պաշտպանության, օպերատիվ կահավորման, բնակավորման և առաջին գծի ինժեներական համադրված, միասնական համակարգի ձևավորումը, ինչպես նաև՝ ԶՈՒ պատրաստության և բարոյահոգեբանական մակարդակի բարձրացումը: Օրինակ, ներքին զորքերի մասով լուրջ ուշադրություն է դարձվում ավելի շուտ երկրի բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացման հարցին, քան թե ոստիկանական զորքերի քանակի ավելացմանը՝ երկրի ղեկավարների աթոռները պահելու համար: Լուրջ ուշադրություն է դարձվելու ԱԱԾ սահմանային ծառայության ամրապնդմանը, երկրի ներսում հակառակորդի կամ այլ երկրների հատուկ ծառայության ներգործության տակ գտնվող անձանց հայտնաբերմանը: Այսինքն, հակառակորդի հատուկ ծառայությունների դեմ պայքարի հարցերին:
– Ի՞նչ կասեք կադրերի, կադրային քաղաքականության մասին, մասնավորապես՝ պաշտպանական ոլորտի: Ավելի կոնկրետ՝ «Հայաստան» դաշինքի ներսում որոշվե՞լ են արդեն ԳՇ պետի, պաշտպանության նախարարի թեկնածուները Ձեր հաղթանակի դեպքում:
– Շեշտը բացառապես դրվելու է պրոֆեսիոնալիզմի, անցած զինվորական և մարտական փորձի, հրամանատարների համարձակության և նախաձեռնողական որոշումներ ընդունելու կարողության վրա: Իսկ ԳՇ պետի և ՊՆ նախարարի թեկնածուների մասին դաշինքի ղեկավարությունը կասի:
– Ըստ Ձեզ՝ ովքե՞ր են եղել ՀՀ ԶՈՒ ԳՇ պատմության մեջ լավագույն պետերը:
– ԳՇ լավագույն պետ եղել է գեներալ Գուրգեն Դալիբալթայանը, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Շտաբի լավագույն պետ է եղել Մովսես Հակոբյանը: Իսկ երկար տարիներ զորամիավորման լավագույն հրամանատար է եղել գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը