20 05 2021

Նոր ձևաչափ՝ ԱԺ մտնելու համար․ «Հրապարակ»

Նոր ձևաչափ՝ ԱԺ մտնելու համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 20-ին տեղի ունենալիք ԱԺ արտահերթ ընտրությունները խոստանում են լինել աննախադեպ լարված: Քաղաքական հիմնական ուժերը սկսել են դիրքավորվել ու հնարավորինս ամրացնել իրենց ցուցակներն ու թիմերը: Բանը հասել է նրան, որ ընդդիմադիրները փորձում են լեզու գտնել «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամների հետ, ովքեր, ըստ որոշ սոցհարցումների, համեմատաբար բարձր վարկանիշ ունեն իրենց տարածքներում, սակայն չեն ցանկանում նորից մտնել ԱԺ՝ Նիկոլ Փաշինյանի թիմի հետ։ Այսինքն, պետք է որեւէ կուսակցության կամ դաշինքի կազմում հանդես գան:

Մեր աղբյուրները հաղորդում են, որ ընդդիմադիր ուժերն առանձին-առանձին քննարկումներ են ունենում այդ պատգամավորների հետ, ոմանց առաջարկում են միանալ իրենց, հանդես գալ անցողիկ տեղերում եւ ԱԺ մտնելուց հետո գործել փաստացի անկախ կարգավիճակում՝ շարունակելով զբաղվել իրենց տարածքի ժողովրդի հարցերով։ «Մայր» կուսակցությանը սույն անձն իր «պարտքը» կտա միայն իր տարածքից նրա օգտին բերած ձայներով: Այս մոդելի աշխատելու պարագայում գոհ կլինեն բոլորը. մարդիկ ԱԺ-ում կշարունակեն ունենալ իրենց մարդուն, դրա դիմաց ձայն կտան, օրինակ, «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներին կամ ԲՀԿ-ին, մյուս կուսակցություններին եւ կունենան փաստացի անկախ պատգամավոր՝ կուսակցության կամ դաշինքի ֆորմալ քողի տակ:

Մեզ տեղեկացրին նաեւ, որ պատգամավորներից ոմանք արդեն իսկ հանդիպումներ են ունենում իրենց ընտրողների, համայնքապետերի ու կոլեկտիվների հետ` քննարկելով այս ձեւաչափը։ Թերեւս բոլորն էլ կողմ են այս տարբերակին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ