«Դեռևս մարտի 25-ին հանդիպում էր տեղի ունեցել Հայաստանի և Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջև: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ի սկզբանե նախագահները որոշել են որևէ հաղորդագրություն այդ մասին չտարածել, որևէ ձևով հանրությանը չտեղեկացնել այդ հանդիպման մասին, սակայն Լևոն Տեր- Պետրոսյանի «թիմը» հաջորդ օրը, բոլորի համար անակնկալ որոշել է նման հաղորդագրություն տարածել, որը նախագահների համար անսպասելի է եղել:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի պատասխանատու Արման Մուսինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Երեկ՝ մարտի 25-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջև, որի ընթացքում քննարկվել են հետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին և հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր»:
Նախագահները, տեսնելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակը միայն տեղեկացրել է, թե հանդիպումը վերաբերել է Արցախի հարցին, որոշել են արդեն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական էջով հայտարարություն տարածել, նշելով, որ հանդիպման ժամանակ Հայաստանին վերաբերող հարցեր ևս քննարկվել են: «Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների՝ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հաստատում է ս.թ. մարտի 25-ին Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպման փաստը: Թե՛ արցախյան վերջին պատերազմի ընթացքում, թե՛ հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախի և Հայաստանի կենսական խնդիրներին վերաբերող առաջնահերթությունները ստեղծում են նման ձևաչափով պարբերական քննարկումների հրամայական»,- նշված էր հաղորդագրությունում:
Այսինքն՝ Սերժ Սարգսյանի թևը հատուկ շեշտել է, որ Հայաստանում առկա խնդիրները ևս քննարկվել են, ու նման ձևաչափով հանդիպումներ առաջիկայում նախատեսվում են:
Մենք տեղեկացանք, որ հանդիպման ժամանակ նախագահները քննարկել են Հայաստանի քաղաքական իրավիճակը, արտահերթ ընտրությունների գնալու տարբերակներն ու ձևաչափը, ինչպես նաև իշխանությունների դեմ պայքարելու ուղիները:
Armlur.am-ը տեղեկացավ նաև, որ նախագահները հանդիպման ժամանակ հույժ գաղտնի որոշում են կայացրել ու միմյանց խոստացել են, որ դրա մասին անգամ իրենց ամենամտերիմներին չեն ասելու: Արդեն քանի օր է՝ մենք փորձում ենք պարզել, թե ինչ որոշման մասին է խոսքը: Փորձեցինք նաև զրուցել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, սակայն վերջինս կտրականապես մեր հեռախոսազանգերին չի արձագանքում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը