«Սոցիոլոգիական ընկերություններից մեկը 2018 թվականի ամռանը հարցում էր անցկացրել և արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը 98 տոկոս է։ Դրանից ընդամենը երկուսուկես տարի անց 98 տոկոսից միայն հուշերն են մնացել, լավագույն դեպքում՝ 28-30 տոկոսի տեսքով։ Պատմաբաններն ապագայում, կարծում եմ, կուսումնասիրեն Նիկոլ Փաշինյանի ֆենոմենը և կփորձեն հասկանալ, թե ինչպես կարելի է երկու տարում այդ անսահման սերն ու վստահությունը փոշիացնել, երկիրն ու հասարակությունը հասցնել այս վիճակին։ Կփորձեն հասկանալ, թե այդ որ քայլերն ու արարքներն էին պատճառը, որ ժողովրդի կողմից իշխանության բերված անձը նման անձնական անկում գրանցեց՝ բոլոր ասպարեզներում ևս անկում ու անթույլատրելի հետընթաց ապահովելով։
Սակայն անգամ անկումն էլ կարևոր չէ, այլ այն փակուղին, որի մեջ հայտնվել է մեր երկիրը 2018 թվականից հետո իշխանության եկած թիմի պատճառով։ Իհարկե, առաջին հերթին փակուղում է հայտնվել հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը․ ո՛չ կարողանում է հրաժարական տալ ու հեռանալ, ո՛չ էլ կառավարել երկիրը։ Նրան մերժում են ներսում և դրսում։ Նա չի տիրապետում պետության ղեկավարի լծակները, չի կարողանում որոշումներ կայացնել, իրադարձությունների ընթացքը տնօրինել, հանրային համերաշխությունը վերականգնել, արտաքին ու ներքին վտանգները կանխել և այլն։ Բայց նաև չի կարողանում հրաժարական տալ ու հեռանալ։ Այս պարագայում հեռանալը՝ նրա աչքին, կյանքից, ապրելուց հրաժարվելուն համազոր բան է։ Ընդ որում՝ ոչ միայն իր, այլ նաև իր ընտանիքի համար։ Եվ դրանում նաև ընդդիմության, հասարակության մեղքը կա՝ սպառնալիքների տարափի տակ վարչապետի կյանքն ու աթոռը նույնացան և ստիպեցին, որ նա իր վերջին ուժերով կառչի այդ աթոռից։ Այս շղթան հարկավոր է կտրել, հարց է՝ ինչպես»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը