12 03 2021

Շատ վատ է, որ հանրահավաքներին առանց դիմակի են, այդ թվում՝ Փաշինյանի հրավիրած․ առողջապահության նախարար․ «Հրապարակ»

Շատ վատ է, որ հանրահավաքներին առանց դիմակի են, այդ թվում՝ Փաշինյանի հրավիրած․ առողջապահության նախարար․ «Հրապարակ»

«Կառավարության երեկվա նիստին Նիկոլ Փաշինյանը ցավով արձանագրեց, որ բավականին երկար ընդմիջումից հե­տո մենք նոր տիպի կորոնավիրուսի դեպքերի էական աճ ունենք: Ավելի կոնկրետ՝ մեկ օրում 700-ից ավե­լի ախտորոշված ունենք: Առողջա­պահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ մանրամասնեց՝ մեկ օրում իրականացվել է 4 հազար 285 թեստավորում, որից դրական է եղել 748-ը: Եվ սա մտահոգիչ է՝ հիվանդացության թվերն աճում են: Դրան նպաստում է նաև այն, որ կառա­վարությունը թուլացրել է վերահսկո­ղությունն այս հարցում, նախ՝ այլևս չեն տուգանում մարդկանց՝ դիմակ չկրելու համար, հետո՝ բազմամարդ հանրահավաքներ են անցկացվում արդեն մի քանի ամիս շարունակ, ինչն էապես մեծացնում է վարակվե­լու ռիսկը: Եվ այդ հանրահավաքները, բացի ընդդիմությունից, կազմա­կերպում է նաև ինքը՝ այս ամենի թիվ մեկ պատասխանատու Նիկոլ Փաշինյանը, ում կոչով և ում կողմից «բերման ենթարկվելով»՝ հազարավոր քաղաքացիներ են գալիս հավաքվում հրապարակում և առանց դիմակի, իրար քիթ-քթի կանգնած՝ «Նիկոլ, վարչապետ» են գոռում:

 

Երեկ հետաքրքրվեցինք Անահիտ Ավանեսյանից՝ հնարավո՞ր է նորից խստացնեն վերահսկողությունը, դի­մակ չկրելու համար սկսեն տուգանել: «Տեսեք, դա կառավարությունն է որո­շում, Առողջապահության նախարա­րությունը տալիս է վերլուծություն, տալիս է առաջարկներ, միջոցա­ռումների այն ցանկը, որը նախընտրե­լի է, և կառավարությունը միասնա­կան որոշում է կայացնում՝ գնալ ավե­լի մեծ սահմանափակումների, թե՞ չգնալ»,- ասաց նա:

-Այսինքն՝ այս պահին տուգանքի նորմը կա, օրենքով պետք է տուգա­նեն, ճի՞շտ է:

 

-Այո, միանշանակ, Դուք էլ, խնդրում եմ, կրեք: Իսկապես եմ ասում: Դուք՝ լրագրողներդ, էնքան շատ մարդու հետ եք շփվում և անընդհատ տարբեր խմբերում աշխատող մասնագիտության տեր մարդ եք, ու կխնդրեմ, որ կրեք:

-Շատ լավ, նկատի կունենանք Ձեր խնդրանքը: Այսինքն՝ ինչպե՞ս հասկացանք, օրենքով՝ հիմա ինձ էլ պետք է տուգանեն, ինչպես մյուս դիմակ չկրողներին, սակայն բա­րի կամքի դրսևորմամբ կամ այլ պատճառներով չե՞ն տուգանում:

-Այո, և գիտեք, մեր քաղաքակա­նությունը եղել է ոչ թե տուգանելը, այլ տուգանքն այն վերջին կետն է, որը պետք է կիրառվի: Մինչև տուգանքը, կա նախազգուշացում, կա հորդորում, և ես այս շաբաթվա ընթացքում, նաև տեսչական մարմինները անցկացրել են բավականին լայնածավալ աշխա­տանքներ, նախազգուշացնում են տնտեսվարողներին, որ մինչև տուգանելը հնարավորինս վերա­կանգնվի մեր վարքագիծը:

-Բայց մենք տեսնում ենք, որ եթե առաջ շատ դեպքերում ուղղա­կի անհարկի էին տուգանում՝ ամեն քայլափոխի, ապա հիմա անգամ չեն նախազգուշացնում, որ դիմակ կրեն:

-Գիտեք, ամեն ինչ ողջամտության սահմաններում պետք է լինի: Հենց հիմա էլ ես ասում եմ՝ և՛ տեսչական մարմինները, և՛ ոստիկաններն այդ առաջին փուլով փորձում են քաղա­քացիներին զգուշացնել, հորդորել, որ հետո չասեն՝ միանգամից տուգանում են:

-Իսկ Դուք, օրինակ, վարչապե­տին հորդորե՞լ եք լայնածավալ մի­ջոցառումներ, բազմահազարանոց հանրահավաքներ չկազմակերպել, որպեսզի մարդկանց կուտակումներ չլինեն:

-Նայեք, մենք ունենք կարանտի­նի մասին որոշում, որտեղ հստակ սահմանափակում այս պահին հավաքների մասով չի գործում: Եվ ես հորդորում եմ, և իմ խոսքերն էլ պիտի տեղավորվեն առկա կարգավորումնե­րի մեջ: Իմ ասածն է, որ առկա կարգավորումներով դիմակը պարտադիր է, ուրեմն մենք պիտի պարտադիր կրենք դիմակ, ինչպես բոլոր երկրներն են կրում:

-Իհարկե, բազմահազարանոց հանրահավաքներ նաև ընդդի­մությունն է անցկացնում, նույնն իրենց էլ է վերաբերում, բայց քա­նի որ Դուք՝ որպես իշխանություն, հորդորում եք դիմակ կրել, դրա համար հատուկ մատնանշում եմ վարչապետի հրավիրած հանրահավաքները, որտեղ հազարավոր մարդիկ առանց դիմակի են լինում:

-Շատ վատ է, որ առանց դիմակի են:

-Դուք չե՞ք խոսել վարչապետի հետ այդ թեմայով:

-Ես Ձեզ ասացի, որ էն կարգա­վորումները, որ կան, պիտի դրանք պահպանվեն:

-Ստացվում է՝ դուք էլ եք խախտում օրենքը:

-Ես չեմ խախտել:

-Ձեզ նկատի չունեմ, այլ ձեր թի­մին:

-Բայց Դուք ասացիք՝ կարճ հարց ունեք ինձ...»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ