«Կառավարության երեկվա նիստին Նիկոլ Փաշինյանը ցավով արձանագրեց, որ բավականին երկար ընդմիջումից հետո մենք նոր տիպի կորոնավիրուսի դեպքերի էական աճ ունենք: Ավելի կոնկրետ՝ մեկ օրում 700-ից ավելի ախտորոշված ունենք: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ մանրամասնեց՝ մեկ օրում իրականացվել է 4 հազար 285 թեստավորում, որից դրական է եղել 748-ը: Եվ սա մտահոգիչ է՝ հիվանդացության թվերն աճում են: Դրան նպաստում է նաև այն, որ կառավարությունը թուլացրել է վերահսկողությունն այս հարցում, նախ՝ այլևս չեն տուգանում մարդկանց՝ դիմակ չկրելու համար, հետո՝ բազմամարդ հանրահավաքներ են անցկացվում արդեն մի քանի ամիս շարունակ, ինչն էապես մեծացնում է վարակվելու ռիսկը: Եվ այդ հանրահավաքները, բացի ընդդիմությունից, կազմակերպում է նաև ինքը՝ այս ամենի թիվ մեկ պատասխանատու Նիկոլ Փաշինյանը, ում կոչով և ում կողմից «բերման ենթարկվելով»՝ հազարավոր քաղաքացիներ են գալիս հավաքվում հրապարակում և առանց դիմակի, իրար քիթ-քթի կանգնած՝ «Նիկոլ, վարչապետ» են գոռում:
Երեկ հետաքրքրվեցինք Անահիտ Ավանեսյանից՝ հնարավո՞ր է նորից խստացնեն վերահսկողությունը, դիմակ չկրելու համար սկսեն տուգանել: «Տեսեք, դա կառավարությունն է որոշում, Առողջապահության նախարարությունը տալիս է վերլուծություն, տալիս է առաջարկներ, միջոցառումների այն ցանկը, որը նախընտրելի է, և կառավարությունը միասնական որոշում է կայացնում՝ գնալ ավելի մեծ սահմանափակումների, թե՞ չգնալ»,- ասաց նա:
-Այսինքն՝ այս պահին տուգանքի նորմը կա, օրենքով պետք է տուգանեն, ճի՞շտ է:
-Այո, միանշանակ, Դուք էլ, խնդրում եմ, կրեք: Իսկապես եմ ասում: Դուք՝ լրագրողներդ, էնքան շատ մարդու հետ եք շփվում և անընդհատ տարբեր խմբերում աշխատող մասնագիտության տեր մարդ եք, ու կխնդրեմ, որ կրեք:
-Շատ լավ, նկատի կունենանք Ձեր խնդրանքը: Այսինքն՝ ինչպե՞ս հասկացանք, օրենքով՝ հիմա ինձ էլ պետք է տուգանեն, ինչպես մյուս դիմակ չկրողներին, սակայն բարի կամքի դրսևորմամբ կամ այլ պատճառներով չե՞ն տուգանում:
-Այո, և գիտեք, մեր քաղաքականությունը եղել է ոչ թե տուգանելը, այլ տուգանքն այն վերջին կետն է, որը պետք է կիրառվի: Մինչև տուգանքը, կա նախազգուշացում, կա հորդորում, և ես այս շաբաթվա ընթացքում, նաև տեսչական մարմինները անցկացրել են բավականին լայնածավալ աշխատանքներ, նախազգուշացնում են տնտեսվարողներին, որ մինչև տուգանելը հնարավորինս վերականգնվի մեր վարքագիծը:
-Բայց մենք տեսնում ենք, որ եթե առաջ շատ դեպքերում ուղղակի անհարկի էին տուգանում՝ ամեն քայլափոխի, ապա հիմա անգամ չեն նախազգուշացնում, որ դիմակ կրեն:
-Գիտեք, ամեն ինչ ողջամտության սահմաններում պետք է լինի: Հենց հիմա էլ ես ասում եմ՝ և՛ տեսչական մարմինները, և՛ ոստիկաններն այդ առաջին փուլով փորձում են քաղաքացիներին զգուշացնել, հորդորել, որ հետո չասեն՝ միանգամից տուգանում են:
-Իսկ Դուք, օրինակ, վարչապետին հորդորե՞լ եք լայնածավալ միջոցառումներ, բազմահազարանոց հանրահավաքներ չկազմակերպել, որպեսզի մարդկանց կուտակումներ չլինեն:
-Նայեք, մենք ունենք կարանտինի մասին որոշում, որտեղ հստակ սահմանափակում այս պահին հավաքների մասով չի գործում: Եվ ես հորդորում եմ, և իմ խոսքերն էլ պիտի տեղավորվեն առկա կարգավորումների մեջ: Իմ ասածն է, որ առկա կարգավորումներով դիմակը պարտադիր է, ուրեմն մենք պիտի պարտադիր կրենք դիմակ, ինչպես բոլոր երկրներն են կրում:
-Իհարկե, բազմահազարանոց հանրահավաքներ նաև ընդդիմությունն է անցկացնում, նույնն իրենց էլ է վերաբերում, բայց քանի որ Դուք՝ որպես իշխանություն, հորդորում եք դիմակ կրել, դրա համար հատուկ մատնանշում եմ վարչապետի հրավիրած հանրահավաքները, որտեղ հազարավոր մարդիկ առանց դիմակի են լինում:
-Շատ վատ է, որ առանց դիմակի են:
-Դուք չե՞ք խոսել վարչապետի հետ այդ թեմայով:
-Ես Ձեզ ասացի, որ էն կարգավորումները, որ կան, պիտի դրանք պահպանվեն:
-Ստացվում է՝ դուք էլ եք խախտում օրենքը:
-Ես չեմ խախտել:
-Ձեզ նկատի չունեմ, այլ ձեր թիմին:
-Բայց Դուք ասացիք՝ կարճ հարց ունեք ինձ...»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը