«Մինչ կառավարությունը ձեռքեր լվացել, մի կողմ է քաշվել՝ հասարակությանը թողնելով իր հոգսերի հետ, գնաճը Հայաստանում գնալով ահագնանում է: Այն ընդհուպ մոտեցել է նախատեսված թիրախի վերին սահմանին, իսկ սննդամթերքի դեպքում գնաճի ծանրությունը: Ոչինչ, որ մարդիկ ամեն օր առերեսվում են իրենց սոցիալական վիճակի վատացման և աղքատության խորացման փաստի հետ:
Գնաճը գուցե այնքան սարսափելի չլիներ, եթե դա ուղեկցվեր հասարակության եկամուտների ավելացմամբ: Սակայն եկամուտների ավելացման մասին խոսք չկա: Ընդհակառակը՝ ինչպես վկայում են պաշտոնական տվյալները, գնաճը Հայաստանում ուղեկցվում է եկամուտների նվազումով: Նվազել են, մասնավորապես, աշխատավարձերի տեսքով ստացվող եկամուտները:
Հունվարին Հայաստանում միջին աշխատավարձի անկում է գրանցվել, այն էլ բավական շոշափելի 3,8 տոկոսով: Մասնավոր հատվածում կրճատումն ավելի մեծ է եղել, միջին աշխատավարձը նվազել է 5,4 տոկոսով:
Այս երևույթն ուղեկցվել է բարձր գնաճով: Թե դա ինչպիսի ազդեցություն է ունեցել մարդկանց կենսամակարդակի վրա, յուրաքանչյուր քաղաքացի ինքը կարող է ասել: Թանկացումների շղթան բավական ընդգրկուն է՝ սկսած սննդամթերքից, վերջացրած ոչ պարենային ապրանքներով ու ծառայություններով:
Գնաճի ակտիվացումը Հայաստանում նոր չի սկսվել: Այդպես է դեռևս անցած տարվա վերջից: Այսօր էլ գնաճը շարունակում է պահպանվել ու գրոհել ապրանքային շուկաները:
Սկսենք սննդամթերքից, յուղերը և ճարպերն այս տարվա փետրվարին շուրջ 20 տոկոսով ավելի թանկ են եղել, քան անցած տարի էին:
20 տոկոսը, անշուշտ, լուրջ գնաճ է, բայց դա չէ այդ խմբում ընդգրկված ապրանքների թանկացման ամբողջ հմայքը: Թանկացումների ամբողջ հմայքը երևում է առանձին ապրանքատեսակների դեպքում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը