03 03 2021

«Իսկանդերը» կիրառվել է Շուշիի ուղղությամբ. Կարեն Վրթանեսյան. «Իրավունք»

«Իսկանդերը» կիրառվել է Շուշիի ուղղությամբ. Կարեն Վրթանեսյան. «Իրավունք»

«Այսպիսով, կարծես թե Նիկոլը դեռ չի պատրաստվում հրաժարվել «իսկանդերային խաղից»: Սկզբում հայտարարելով, թե «Իսկանդերը» պայթել է 10 տոկոսով, նա, ըստ էության, փորձեց հարվածել ռուսներին: Հետո, թեև լացակումած հրաժարվեց ասածնե­րից՝ պնդելով, թե ռուսական զենքը լավագույնն է աշխար­հում, սակայն շտապեց մեղադրել սեփական երկրի զինվո­րականությանը, թե՝ իրեն խաբել են: Իսկ ահա նախօրեի հանրահավաքում սկսեց «բոչկա գլորել» ամենաանցանկալի անձ դարձած ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղ­ղությամբ՝ բացահայտ ակնարկելով, թե նա է իրեն «Իսկանդերի» կրակել-չկրակելու հարցում մոլորու­թյան մեջ է գցել:

 

Շուշիի գրավումը շատ տհաճ հարցերի մի շարան է առաջացնում

Այսքանի հետ մեկտեղ կան մասնագի­տական պնդումներ, որ «Իսկանդերը», այնուամենայնիվ, արձակվել է: Մեզ հետ զրույցում նույնը պնդեց նաև ռազմա­կան փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ ընդգծելով.

 

- Ես ևս պնդում եմ, որ «Իսկանդերը» օգ­տագործվել է Արցախյան պատերազմի ընթացքում: Այդ պնդումն անում է ոչ միայն Մովսես Հակոբյանը, այլ նաև շատ ու­րիշ մարդիկ, որոնց անունները լիազորված չեմ բարձրաձայնել: Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, ապա այն ինձ համար լրիվ անտրամաբանական է և որևէ քննադատության չի դիմանում՝ ո՛չ մասնագի­տական, ո՛չ էլ այլ կոնտեքստում: «Իսկանդե­րը» կիրառվել է, և դա փաստ է:

- Ո՞ր ուղղության վրա է կիրառվել։

- Կիրառվել է Շուշիի ուղղությամբ: Ավե­լին՝ այն աշխատել է անխափան, այնպես, ինչպես պետք է աշխատեր: Որևէ խնդիր «Իսկանդերի» հրթիռների հետ չի եղել: Ավե­լին ասեմ՝ եթե ուշադրություն դարձնեք, Փաշինյանը ևս այդ «10 տոկոս պայթելը» պնդման ձևով չի ձևակերպել: Եվ դա պատահական չէ:

-Եթե Շուշիին է հարվածել, այդ դեպքում ինչո՞ւ մենք չտեսանք այն ավերածություննե­րը, որոնք ենթադրվում էին «Իսկանդերի» գործարկման արդյունքում:

-«Իսկանդերով» հարվածել են այլևս թշնամու վերահսկողության տակ անցած հատվածին: «Իսկանդերը» կիրառվում է կոնկրետ ենթակառուցվածքներին հարվածելու կամ զորքի կուտակումներին:

-Այս դեպքում ենթակառուցվածքի՞ է հարվածել, թե՞ զորքի:

-Զորքի: Այն հատվածում, որտեղ զորք է կուտակվել, խփել են, ինքն աշխատել է: Թե ինչքանով է հաջող եղել ընտրված հատվածը, դժվար է ասել ինձ: Առհասա­րակ, Շուշիի գրավում շատ տհաճ հարցե­րի մի շարան է առաջացնում:

-Մանրամասնեք, խնդրեմ:

-Թշնամին երկու շաբաթից ավել կարո­ղացել է Շուշի զորք բերել, սպառազինու­թյուն բերել այն ճանապարհներով, որտեղ նրանց դեմն առնելը շատ հեշտ էր անգամ փոքր ռեսուրսներով:

-Մե՞նք ենք նրանց առաջ ճանապարհ բացել դեպի Շուշի:

-Ես չեմ կարող նման պնդում հիմա անել: Բայց հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող էր նեղ, լեռնային, անտառային կա­ծաններով այդ քանակի զորք բերվել: Ավելին՝ լրիվ անհասկանալի է, թե ով էր ղեկա­վարում Շուշիի պաշտպանությունը, ով էր ղեկավարում Հադրութի, Ջաբրայիլի պաշտպանությունը, ով էր, ի վերջո, Լելե Թեփեի աղետալի հակահարձակման հե­ղինակը: Այսօր չկան այս հարցերի պատասխանատուները, էլ ուր մնաց «Իսկան­դերի» մասին պատշաճ ձևակերպումներ տան:

- Ո՞ր օրն է գործարկվել «Իսկանդերը»:

-Կոնկրետ օրը կդժվարանամ ասել, բայց վստահ կարող եմ ասել, որ դա եղել է պատերազմի վերջին օրերին: Այն դեպ­քում, երբ պետք էր օգտագործել պատե­րազմի երրորդ-չորրորդ օրը:

Մեծ է գայթակղությունը՝ կրկին դիմել ռազմական ավանտյուրայի

-Այսօր նոր պատերազմի վտանգ տեսնո՞ւմ եք հայ-ադրբեջանական սահմանին: Հաշվի առնելով, որ Ալիևը շարունակում է հոխորտալ և հաթա­թաներ տալ, որին հայաստանյան որևէ գե­րատեսչություն, ըստ էության, չի պատաս­խանում:

- Թշնամին տրամադրված չէ, այո, շարու­նակել խաղաղ ապրել: Հակառակը՝ էլ ավելի ագրեսիվ հայտարարություններ են հնչեց­վում: Դրան գումարած՝ օր օրի նրանց բանա­կը վերազինվում է, իսկ մենք ի՞նչ ենք անում: Ակնհայտ է, որ թշնամու համար ստեղծվել է հարյուրամյակի շանսը՝ տեսնել նման կերպ թուլացած Հայաստան: Նման պայմաննե­րում շատ մեծ է գայթակղությունը ինչ-ինչ պատրվակով կրկին դիմել ռազմական ավանտյուրայի: Եվ ՀՀ-ում պահպանվող ան­կայուն իրավիճակը հենց այն հաճելի նվերն է, որը ցանկանում են տեսնել և օգտվել մեր թշնամիները: Իսկ ստեղծված իրավիճակի պատասխանատուները առկա իշխանու­թյուններն են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ