10 02 2021

Պատերազմի ավարտից հետո իշխանական ֆրակցիայի շատ անդամներ պահանջել են ազատել պաշտոնից Գրիգորյանին․ «Ժողովուրդ»

Պատերազմի ավարտից հետո իշխանական ֆրակցիայի շատ անդամներ պահանջել են ազատել պաշտոնից Գրիգորյանին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ ամեն գնով պաշտպանում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան չհեռացնի իր պաշտոնից:

Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո իշխանական ֆրակցիայի շատ անդամներ պահանջել են ազատել պաշտոնից Գրիգորյանին, սակայն նույն ֆրակցիայի դրամաշնորհային անցյալ ունեցող հատվածը կուլիսներում ընդվզել է, որ եթե նման բան լինի, իրենք, ի նշան բողոքի, կլքեն խմբակցությունը:

Որպես դրամաշնորհային անցյալ ունեցող Արմեն Գրիգորյանին սատարողներ նշվում են «Էրատո» ջոկատի անդամ Մերի Գալստյանի, Մարիա Կարապետյանի, Լենա Նազարյանի, Սոս Ավետիսյանի, Թագուհի Ղազարյանի, Սարգիս Խանդանյանի, Արթուր Հովհաննիսյանի, Սուրեն Գրիգորյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Հերիքնազ Տիգրանյանի եւ այլոց անունները:

Ահա այսպես՝ դեմարշի արդյունքում քաղաքական իշխանությունները նահանջել են եւ որեւէ քայլի չեն դիմում: Ի դեպ, իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ այնպիսի տպավորություն է, թե այս պատգամավորները առանձին խմբակցություն են կազմել խմբակցության ներսում. նրանք շատ հարցերում միասնական որոշումներ են կայացնում ու դրանք, որպես վերջնական ելք, ներկայացնում են խմբակցությանը, ու, հետաքրքիր օրինաչափությամբ, բոլոր որոշումները ի կատար են ածվում:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցերի շուրջ զրուցել Սոս Ավետիսյանի եւ Մերի Գալստյանի հետ, սակայն վերջիններս կտրականապես մերժեցին մեր հարցերին պատասխանել: Նախկինում մարդու իրավունքների, խոսքի ազատության եւ այլ արժեքների համար դրամաշնորհներով պայքարողները պատգամավոր դառնալուց հետո գլխիվայր շուռ են եկել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ