26 01 2021

Կադրային «ռեստարտը»՝ իշխանությունը պահելու վերջին փորձ․ «Փաստ»

Կադրային «ռեստարտը»՝ իշխանությունը պահելու վերջին փորձ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հանրության մեծամասնությունն այն կարծիքին է, որ պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանի կառավարման համակարգում պետք է լինեն էական փոփոխություններ, իսկ դա նշանակում է իրեն չարդարացրած իշխանության հեռացում, քանի որ նրանք վաղուց ապացուցել են, որ ոչ մի օգտակար քայլի պիտանի չեն։ Բայց դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանը փորձում է տարբերակներ գտնել իր իշխանությունը երկարաձգելու եւ պահպանելու համար։ Եվ այդ քաղաքականության շրջանակներում է տեղավորվում, որ նա ձգտում է կառավարման համակարգում որոշակի փոփոխություններ անել կադրային տեղաշարժերի տեսքով։

Պատահական չէ, որ վերջերս Փաշինյանը հայտարարեց, թե պետական կառավարման համակարգը ռեստարտի անհրաժեշտություն ունի, որը պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից։ Սակայն հետաքրքրական է, որ կադրային նշանակումները ոչ թե բովանդակային փոփոխության տրամաբանության մեջ են տեղավորվում, այլ ավելի շատ, շախմատային լեզվով ասած, նման են «ռակիրովկաների»։ Բայց... շաշկի խաղացողի ձեռամբ: Այսպես, օրինակ՝ առողջապահական համակարգում համավարակի դեմ պայքարը ձախողած Արսեն Թորոսյանը նշանակվեց վարչապետի աշխատակազմի ղեկավար, իսկ նրա փոխարեն առողջապահության նախարար նշանակվեց Թորոսյանի տեղակալը՝ մասնագիտությամբ իրավաբան Անահիտ Ավանեսյանը։

Եթե Թորոսյանին ազատելու էր այդ պաշտոնից, ապա չկա՞ր առողջապահական ոլորտից գլուխ հանող այլ մասնագետ, որին կարող էր նշանակել։ Բայց խնդիրը միայն առողջապահական համակարգով չի սկսվում եւ ավարտում։ Եվ այս տեսանկյունից առանցքային կարեւորություն ունեն արտաքին քաղաքական գերատեսչության շրջանակում տեղի ունեցող տեղաշարժերը։

Բոլորիս համար էլ հասկանալի է, որ ծանր պարտությունից հետո Հայաստանի շուրջ այնպիսի աշխարհաքաղաքական դասավորություն է ստեղծվել, որ պետք է էականորեն հզորացնել մեր դիվանագիտական ապարատն ու զարկ տալ արտաքին քաղաքականությանը։ Իսկ դա ենթադրում է, որ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ դիվանագետների ունեցած որակները ի սպաս դնել արտաքին քաղաքականության համար։ Փաշինյանն էլ իր կառավարման ընթացքում միշտ ընդգծում էր դեսպանների պաշտոնում կադրային դիվանագետների նշանակման կարեւորությունը։ Վերջինս մասնավորապես հայտարարում էր, որ Հայաստանի դեսպանները իրենց հավատարմագրված երկրներում պետք է ներկայանան ոչ թե որպես փոքր քաղաքական խմբակի կամ իշխող էլիտայի, կամ նույնիսկ անգամ փոքր պետության, այլ որպես համահայկական ներկայացուցիչ։

Իսկ դիվանագիտական աշխատանքի փորձ չունեցող Ռուբեն Ռուբինյանը, որ քաղաքական որոշման արդյունքում հասցրեց որոշ ժամանակ փոխարտգործնախարարի պաշտոնում աշխատել, իր հարցազրույցներում նշում էր, որ չպետք է Հայաստանը նշանակի դեսպաններ մարդկանց թոշակի ուղարկելու կամ մարդկանց հաճելի երկիր ուղարկելու, կամ բիզնես անելու համար։

Բայց սրա հետ մեկտեղ ժամանակ առ ժամանակ շրջանառության մեջ են դրվում իշխանության մեջ Փաշինյանի մերձավորների՝ այս կամ այն երկրում դեսպանի պաշտոնում նշանակվելու մասին տեղեկությունները, որոնց մասին պարբերաբար նաեւ մենք ենք հայտնել։ Այսպես, օրինակ՝ խոսվում է Փաշինյանի նախկին խոսնակ, ԼՏՊ-ական Վլադիմիր Կարապետյանին, սորոսական, ԱԽՔ Արմեն Գրիգորյանին դեսպաններ նշանակելու հնարավորության մասին եւ այսպես շարունակ։ Նախօրեին էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հաստատեց, որ իր՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու վերաբերյալ հարցն օրակարգում է։ Տպավորություն է, թե սրանով Մակունցին թոշակի են ուղարկում ԱՄՆ, քանի որ վերջինս դիվանագիտական աշխատանքի համապատասխան գիտելիքներ եւ փորձ չունի, իսկ նրա կողմից հիշատակվող խորհրդարանական դիվանագիտության մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է։

ԱՄՆ-ն աշխարհում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում ահռելի դերակատարություն ունեցող երկիր է, որի կառավարության հետ Հայաստանի ներկայիս իշխանություններին այդպես էլ չհաջողվեց աշխատելու համապատասխան օրակարգ եւ միջավայր ձեւավորել։ Իսկ հիմա ԱՄՆ-ի նոր վարչակազմը՝ նախագահ Բայդենի գլխավորությամբ, արտաքին քաղաքականության մեջ էական վերաձեւակերպումներ է կատարում, եւ հարց է՝ համապատասխան մասնագիտական ունակություններ չունեցող Մակունցն ընդունա՞կ է աշխատել նոր վարչակազմի հետ, թե՞ վերջինիս ընդամենը ուղարկում են արտերկրյա վոյաժների կամ, ինչպես ընդդիմադիրներն են պնդում, նրան ուղղակի փախցնում են երկրից:

Ինչպես տեսնում ենք, իր խոստումներին հակառակ՝ Փաշինյանը կազմաքանդում է նաեւ պետական կառավարման արտաքին քաղաքական կոմպոնենտը։ Թերեւս պաշտոնների նշանակելով կամ պաշտոններ խոստանալով՝ Փաշինյանը փորձում է սիրաշահել իր թիմակիցներին, որպեսզի նրանք իշխանության համար այս դժվար պահին երես չթեքեն իրենից։ Կա նաեւ հարցի մյուս կողմը. այսպիսով՝ Փաշինյանը ձգտում է ժամանակ շահել ու հանրության ուշադրությունը բուն պարտությունից շեղել նշանակվող անձերի շուրջ ընթացող քննարկումների դաշտ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ