«Հրապարակ»-ը գրում է․ «Մի կողմից դեռ 2018 թվականի մայիսից արդեն պարզ էր, որ մեր երկրի ղեկը վստահել ենք սխալ մարդու։ Նրա յուրաքանչյուր հայտարարությունն ու քայլը գալիս էին ապացուցելու այդ պարզ ճշմարտությունը։ Դրա առաջին ազդակը հասարակության հանդեպ այն արհամարհանքն ու ծաղրն էր, որով Երեւանի նման քաղաքի ղեկավարի պատասխանատու պաշտոնին կարգվեց դերասանը, որը հենց քարոզչության շրջանում իր ընտրողներին բաժանեց սեւերի ու սպիտակների, իսկ երկրի վարչապետը ոչ թե սաստեց նրան, այլ արդարացրեց ու հետագայում էլ կատարելագործեց նրա թեզը։
Այս մարդկանց թվաց, թե հանրության մեջ թիրախներ ստեղծելով, հանրային զայրույթը ինչ-որ խմբի դեմ ուղղորդելով եւ այդ խմբի դեմ քաղաքական-քրեական հետապնդումներ սանձազերծելով՝ կկարողանան երկար վայելել հասարակության սերն ու իշխանական բարիքները։ Նրանց թվաց, թե գտել են հասարակությանը կառավարելու եւ հավերժ իշխելու գաղտնիքը։ Դա էր պատճառը, որ բոլոր գրագետ ու հեռատես մարդկանց խորհուրդներն անտեսվեցին, իսկ չարությունն ու պառակտումը երկրում ծաղկեցին, իրավապահ մարմինները վերածվեցին իշխանությունների շահերը սպասարկող, անհեթեթ քրեական հետապնդումներ իրականացնող մարմինների։ Բայց մենք պատրաստ էինք անգամ այդ պառակտումն ու չարությունը, անիմաստ թիրախավորումներն ու կամայականությունները հանդուրժել։
Եվ 2 տարի շարունակ փորձում էինք արդարացնել կառավարումից չհասկացող երիտասարդներին, նրանց բոլոր քայլերը վերագրում էինք անփորձությանն ու համբերատար սպասում, թե երբ են հասունանալու, սովորելու, կրթվելու։ Պարզվեց՝ սին հույսեր են, այսպես թեթեւամտորեն ու անմտածված էլ այս անփորձները երկիրը տարան կործանման՝ զոհեր ու ավերածություններ, անդառնալի կորուստներ ու անուղղելի հետեւանքներ առաջացնելով մեր երկրի համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը