«Առավոտ»-ը գրում է․ «Հոկտեմբերի 21-ի՝ ՀՀ կառավարության որոշմամբ, այս տարվա դեկտեմբերի 31-ից 6 ամսով արգելվել է թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան: Կառավարության այդ որոշումդ դեռևս չի չեղարկվել, սակայն նոյեմբերի 26-ին էկոնոմիկայի նախարար նշանակված Վահագն Քերոբյանը պաշտոնավարման առաջին իսկ օրերից սկսել է խոսել Թուրքիայի և Ադրբեջանի հետ առևտրային հարաբերությունների աշխուժացման մասին: Թե այս հակասական մոտեցումներից ո՞րն է ճիշտ, իսկ որը՝ սխալ, քննարկելու հարց է: Խոսքն այլ բանի մասին է. պետությունը չի կարող ղեկավարվել միայն «շոուներով», քաղաքական գովազդով և պոպուլիզմով:
Հանուն արդարության պետք է ասել, որ շոու-բիզնեսի տարրերը հասարակական և քաղաքական կյանքի մեջ ներմուծելը զուտ հայաստանյան երևույթ չէ. համացանցի և, մասնավորապես, սոցցանցերի միջոցով աշխարհում ձևավորվում է այն, ինչ Արևմուտքում ընդունված է անվանել post-truth՝ «հետ-ճշմարտություն», երբ մանիպուլյացիայի հատուկ մեթոդներով լայն զանգվածների համար ստեղծվում է վիրտուալ իրականություն, որն էապես տարբերվում է բուն իրականությունից: Բայց որքան էլ այլ երկրներում իշխանության գլխին լինեն Թրամփի կամ Զելենսկու նման շոումենները, համակարգը նրանց ստիպում է հանդես գալ նաև որպես պետական գործիչներ: Մեզանում այդ սահմանափակումը չկա, և 2,5 տարվա ընթացքում զարգացող ստի, ապակողմնորոշման, «ֆեյքի» ինդուստրիան մեզ բերեց աղետալի իրավիճակի:
Դատարանները կամ Ազգային ժողովը շրջափակելու և «դըմփ-դըմփ-հու» գոռալու շոուների մասին շատ է գրվել: Իսկ ես վերջերս հիշեցի ավելի «մանր» դրվագներ: Օրինակ, երբ վարչապետը հարձակվեց մաքսավորի վրա, որն, իբր, «սխալ տեղ» է դրել պետական դրոշը: Կամ՝ երբ կրթության և գիտության նախարարը մտավ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ ու սկսեց փոշիներ սրբել [դա, ի դեպ, ուղիղ փոխառություն էր ռուսաստանյան հեռուստաալիքներից մեկի «Ռևիզոր» շոու-ծրագրից]: Հիմա այդ միջադեպերը իսկապես շատ մանր և անկարևոր են թվում, բայց դուք հիշեք, թե ինչ փոթորիկ էին դրանք բարձրացրել ֆեյսբուքում և քանի օր էին քննարկվում:
Իսկ հիմա դա համեմատեք Կապանի բարձունքների վրա հայկական դիրքերի ապամոնտաժման և դրանք թշնամուն հանձնելու հետ: Դա «շոու» չէ, դա աղետալի իրականության է, բայց պոպուլիզմից բժժած հասարակությանը, դա, ըստ ամենայնի, առանձնապես չի հետաքրքրում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը