16 09 2020

Ինչո՞ւ էին իշխանությունները դեմ կորոնավիրուսի պայքարը քննող հանձնաժողովի ստեղծմանը. «Փաստ»

Ինչո՞ւ էին իշխանությունները դեմ կորոնավիրուսի պայքարը քննող հանձնաժողովի ստեղծմանը. «Փաստ»

 

«Փաստ» թերթը գրում է.

«Երեկ Ազգային ժողովում քննարկվում էր կորոնավիրուսի դեմ պայքարի՝ կառավարության և պարետատան գործողություններն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշումը: Այս հանձնաժողովը ձևավորվել է պատգամավորների մեկ քառորդի նախաձեռնությամբ։ Սույն հանգամանքը բավականին բուռն արձագանք ստացավ իշխանական պատգամավորների կողմից, որոնք հնարավոր բոլոր տարբերակներով փորձեցին թիրախավորել խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությունը, այդ թվում՝ արդեն սովորական դարձած հեգնանքի միջոցով։

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները դեռևս մայիսից, երբ ընդդիմությունը սկսել էր այս հանձնաժողովը ձևավորելու գաղափարը կյանքի կոչել, բավական անհանգիստ են ու լարված, քանի որ, ըստ տարբեր փորձագետների գնահատականների, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ համավարակի դեմ պայքարում հարթ և օրենքի տառին համապատասխան է արված, և այդ գործընթացում, ըստ էության, առկա են զգալի խնդիրներ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, հենց նման խնդիրների պատճառով է, որ իշխանության ներկայացուցիչները քննիչ հանձնաժողով ձևավորելու հարցում վերապահումներ ունեին և քննադատական մոտեցում էին ցուցաբերում։

Ինչպես ցույց տվեցին քննարկումները, քանզի հանձնաժողովն արդեն ստեղծված է, իշխանությունները փորձելու են կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողման պատասխանատվությունը գցել ընդդիմության վրա, թե իբր նրանք «խանգարել են» և անլուրջ վերաբերմունք են ձևավորել հանրության մեջ: Պատահական չէր, որ ընդդիմադիրներն էլ երեկ հիշեցնում էին իշխանությունների հակասական հայտարարությունները, վարակի նկատմամբ անլուրջ վերաբերմունքը և այլն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ