26 08 2020

Դա ավելին է, քան վարչապետի հրաժարականի պահանջը․ «Հրապարակ»

Դա ավելին է, քան վարչապետի հրաժարականի պահանջը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ղեկավար Իշխան Սաղաթելյանի  հետ


- Ինչո՞վ է զբաղված ՀՅԴ-ն ամռան ամիսներին՝ չհաշված այն, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականն եք պահանջում, Արցախի նախագահի հետ եք հանդիպումներ ունենում, նաեւ իմացանք՝ Լիբանան ուղարկվող օգնություն եք կազմակերպում։

 

- Այս ամառային արձակուրդից, կարելի է ասել, մենք գրեթե չօգտվեցինք, կուսակցությունը՝ իր ամբողջ կառույցներով, աշխատանքային պրոցեսի մեջ է։ Իհարկե, կորոնավիրուսով պայմանավորված՝ շփումներն ու հանդիպումները մարզային կառույցների հետ բավականին պասիվացրել էինք, բայց հիմա մեծ թափով սկսում ենք։ Այսինքն՝ ե՛ւ կազմակերպչական աշխատանք կուսակցության տարածքային կառույցների հետ, ե՛ւ քաղաքական աշխատանք՝ եռյակ քաղաքական ուժերով, ե՛ւ այս օրերին ծանրաբեռնված զբաղվում ենք նաեւ «Օգնի՛ր եղբորդ, Լիբանան» ծրագրով, որով նախատեսում ենք ամսի 1-ին մեկ ինքնաթիռ սննդամթերք օգնություն հասցնել Լիբանանի մեր հայրենակիցներին։

- Ձեր երիտասարդական միությունն այս օրերին նորից ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականն է պահանջում, ի՞նչ նպատակով, ակցիաները շարունակելո՞ւ եք եւ մինչեւ վե՞րջ եք գնալու՝ մինչեւ պահանջի կատարո՞ւմը։

- Մեր երիտասարդական միությունն անցած տարվա նոյեմբերից է սկսել այդ նախարարի հրաժարականին ուղղված գործողությունները։ Համարում ենք, որ այն հարցերը, որոնք ժամանակին բարձրաձայնվել են, եւ շատերը խորությամբ ու ամբողջությամբ չէին կիսում, հիմա շատ-շատերը եկել են այն եզրակացությանը, որ նախարարն անելիք չունի, եւ ոլորտում իրականացվող ամբողջ քաղաքականությունը ձախողված է։ Ավելին, այն ապազգային օրակարգը, որ փորձում է ներմուծել հանրային կրթության ոլորտ, դատապարտված է։ Ու մեր երիտասարդական միությունն առաջիկայում իր գործողություններով եւ պահանջներով ավելի կոնկրետ հանդես կգա։

- Մի անգամ փորձեցիք՝ հրաժարական չտվեց, ձեր երիտասարդները հայտնվեցին ոստիկանական բաժանմունքներում, հիմա ի՞նչ է փոխվել մարտավարության մեջ, ի՞նչ հույս ունեք, որ այս անգամ հաջողության կհասենք։

- Հարցի մանրամասներին, դետալներին եւ գործողություններին ճիշտ կլինի, որ երիտասարդները պատասխանեն։ Ես գիտեմ, որ իրենք ունեն ծրագրավորված աշխատանք եւ առաջիկայում հանդես կգան համապատասխան հայտարարությամբ։

- Կարծում եք՝ իշխանությունը մի կուսակցության երիտասարդական միության պահանջով իր նախարարին կհեռացնի՞։

- Գալու է մի ժամանակ, որ այլընտրանք չունենա, որովհետեւ դա մի կուսակցության պահանջ չէ, դա արդեն հանրային պահանջ է, եւ մտավորական, գիտական, քաղաքական ու հասարակական շրջանակներում այս պահանջը ձեւակերպված է, որովհետեւ շատ-շատերը հասկանում եւ գնահատում են նախարարի եւ նախարարության, ընդհանրապես՝ սխալ ընթացքը։

- Իսկ ձեր օրակարգում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ կա՞ ձեւակերպված։

- Մեր պահանջը շատ հստակ ձեւակերպել ենք, որ երկրում ստեղծված իրավիճակից ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։

- Այդ պահանջը ձեւակերպել եք ԲՀԿ-ի եւ «Հայրենիք» կուսակցության հետ համատեղ, սակայն եռյակն այս պահին պասիվ է, ե՞րբ եք մտադիր նորից քաղաքական ակտիվություն ցուցաբերել։

- Մենք աշխատում ենք շատ ակտիվ, ունենք աշխատանքային խումբ, կարծեմ՝ հենց վաղը նորից աշխատանքային նիստ ունենք, կքննարկենք համատեղ գործողություններ իրականացնելու գաղափարներ, ճանապարհային քարտեզ։ Երբ որ ամեն ինչ վերջնական լինի, կհրապարակենք։ Իսկ էս ընթացքում մի շարք նախաձեռնություններ 3 կուսակցություններով իրականացրել ենք։

- Ձեր եռյակի մաս կազմող ԲՀԿ-ն հնարավո՞ր է հետքայլ անի։ Ոմանք ԲՀԿ-ի պասիվության մեջ նման բան են տեսնում։ 

- Մենք աշխատանքային հարաբերություններ ունենք, եւ էդ հարաբերությունների մեջ հետքայլի կամ հրաժարվելու որեւէ միտում ես չեմ նկատել։ Մնացած հարցերը կարող է պարզաբանել Գագիկ Ծառուկյանը։

- Սերժ Սարգսյանն օրերս հանդես եկավ երկար սպասված ասուլիսով, բայց՝ ապրիլյան պատերազմի թեմայով։ Ձեզ համար կայի՞ն ուշագրավ մեսիջներ, հայտարարություններ նրա խոսքում։

- Տեսեք, մենք մեր գնահատականն ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ հնչեցրել ենք ժամանակին, դրանից հետո շատ հստակ հանդես ենք եկել, երբ որ ստեղծվեց ապրիլյան պատերազմի հարցերով հանձնաժողովը, մոտ 30 էջանոց փաստաթուղթ ենք պատրաստել եւ անդրադարձել այդ հանձնաժողովի՝ ընդհանրապես գոյության նպատակահարմարությանը։ Կարծում եմ, որ այս ուղղությամբ 1 տարի գործող իշխանությունն այս շոուն կազմակերպելու ընթացքի մեջ է։ Այս առումով կարեւոր էր Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ որոշ հարցեր ավելի մանրամասն լուսաբանելու եւ պարզաբանելու իմաստով։ Մեր տեսակետը շատ հստակ է, որ, չնայած որոշ բացթողումներին, մենք ապրիլյան պատերազմում ունեցել ենք հաղթանակ, եւ այսօր այն հարաբերությունները, որ գոյություն ունեն՝ այս ցեխ շպրտելը, ապրիլյան պատերազմը քաղաքական հակառակորդների դեմ օգտագործելը եւ այլն, դա մեզ համար անընդունելի է։ Սա ոչինչ չի տալու ո՛չ մեր պետությանը, ո՛չ մեր բանակին, ո՛չ մեր ժողովրդին։ Սրանով ավելի թուլանալու ենք, պառակտվելու ենք, ջլատվելու ենք։

- Պարոն Սաղաթելյան, չկա՞ մի բան, որը գոհացնում է ձեզ Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատանքում։

- Էսպես ձեւակերպեմ․ եթե խոշորացույցով փնտրենք, դրական բաներ հնարավոր է գտնել։ Բայց համատարած ձախողումների մեջ այդ դրական մեկ-երկու քայլը արձանագրման կամ հատուկ նշելու անհրաժեշտություն չունենք։ Մեզ համար էսօրվա կառավարության իրականացրած քաղաքականությունն ամբողջական ձախողված է բոլոր ոլորտներում, եւ դա ակնհայտ է։

- Դուք ասացիք՝ պետք է գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների, ինչը, կարծես, այնքան էլ վարչապետի հրաժարականի պահանջ չէ։

- Դա մի բան ավելին է, քան վարչապետի հրաժարականի պահանջը։ Մենք գտնում ենք, որ իշխող քաղաքական ուժը, որը ժողովրդի ձեւակերպած պահանջների ֆոնին եկել է իշխանության, ինքը հեռացել է այդ արժեքներից ու պահանջներից, եւ ստեղծված իրավիճակից ելքն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, որտեղ ժողովուրդը՝ ինքը, պետք է կրկին ձեւավորի իր իշխանությունը։

- Իսկ ընտրություններին ՀՅԴ-ն ի՞նչ ձեւաչափով է մասնակցելու, նորից եռյակ դաշինքո՞վ, թե՞ առանձին։

- Մենք բազմիցս ասել ենք, որ այս համագործակցությունը նախընտրական դաշինք չէ, ոչ էլ քաղաքական կուսակցությունների միավորում է։ Սա կոնկրետ հարցի շուրջ միավորում է, ու գլխավոր հարցն արտահերթ ընտրություններն են։

- Իսկ ի՞նչ եք կարծում, Դաշնակցությունը, որ վերջին ընտրություններին շատ ցածր քվե ստացավ, արտահերթի ժամանակ կունենա՞ բավարար ռեյտինգ՝ խորհրդարան անցնելու։

- Ես վստահեցնում եմ՝ ոչ միայն խորհրդարան անցնելու, այլեւ շատ բարձր արդյունքներ գրանցելու շանս եւ հնարավորություն ունի այսօր Դաշնակցությունը։

- Դուք վերջին ընտրություններից առաջ էլ էիք այդպես վստահ խոսում, բայց տեսանք, թե ինչ արդյունք ունեցաք։

- Վերջին ընտրություններին իշխանությունը 73 տոկոս է հավաքել, բայց այսօր դրանից տակն ինչ է մնացել՝ հայտնի չէ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ