«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ պաշտպանության նախարարության ներսում հետաքրքիր վերադասավորումների շրջան է. պաշտոնատար անձանց փոփոխությունների բուռն ալիք է սպասվում, եւ այդ գործընթացն արդեն մեկնարկել է ու շարունակական է լինելու: Ավելին, մենք տեղեկացանք, որ այդ փոփոխությունները մեծամասամբ պայմանավորված են Պաշտպանության նախարարությունում վերակազմավորումների հետեւանքով ստեղծված վարչություններով, որոնք պետք է նոր աշխատակիցներ ունենան: Եվ այժմ նախարարության ներսում ներքին քննարկումներ են, թե ինչ վերադասավորումների կարելի է սպասել:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ Սերժ Առուշանյանին հեռացրել են աշխատանքից եւ նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակել են Ալիկ Ավետիսյանին, որը եղել է Պաշտպանության նախարարության բարեվարքության բաժնի պետը: Սակայն այսքանով ներքին գործընթացները չեն ավարտվելու, եւ առաջիկայում ականատես կլինենք նոր փոփոխությունների ու վերադասավորումների»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը