07 07 2020

Ոստիկանությունը՝ Միքայել Մինասյանի հրապարակման վերաբերյալ կատարված գործողությունների մասին. 168.am

Ոստիկանությունը՝ Միքայել Մինասյանի հրապարակման վերաբերյալ կատարված գործողությունների մասին. 168.am

168.am-ը գրում է․ րՀՀ Ոստիկանությունը հունիսի 19-ին հաղորդագրություն էր տարածել, որով տեղեկացրել էր, որ մայիսի 12-ին Միքայել Մինասյանի` «Կրասնոդար քաղաքում ձերբակալվել է 40 տոննա քաշով հայկական առանց ակցիզ ծխախոտ» հրապարակման վերաբերյալ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում իրականացվել են ստուգողական գործողություններ։ Դրանց շրջանակում Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով հարցում է ուղարկվել Ռուսաստանի Դաշնության ոստիկանություն՝ առգրավված ծխախոտի արտահանող, ստացող կազմակերպությունների, դրանց լիազորված անձանց, տրանսպորտային կազմակերպությունների, ինչպես և ծխախոտի խմբաքանակների և տեսականու վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով։

«Այսպիսով, ստուգումների արդյունքում պարզվել է, որ հրապարակման մեջ վկայակոչված ծխախոտի խմբաքանակի վաճառքը, մատակարարումը և արտահանումը իրականացվել են ՀՀ և միջազգային օրենսդրությունների պահանջների պահպանմամբ և գործարքի շրջանակներում ՀՀ քաղաքացիների, բարձրաստիճան պաշտոնյաների, ՀՀ ԱԺ պատգամավորների կամ նրանց հարազատների կողմից ծխախոտի տվյալ խմբաքանակի արտահանման գործընթացում չարաշահումներ կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել»,- նշված էր հաղորդագրության մեջ։

168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին՝ մասնավորապես հետաքրքրվելով.

«1. Արդյո՞ք այս ստուգողական գործողությունների շրջանակում լսել եք նաև  ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիփան Փաշինյանին և Հրաչյա Հակոբյանին, ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին՝ հաշվի առնելով, որ Միքայել Մինասյանի՝ ձեր կողմից մատնանշած «Կրասնոդար քաղաքում ձերբակալվել է 40 տոննա քաշով հայկական առանց ակցիզ ծխախոտ» հրապարակման մեջ հենց նրանց անուններ են հիշատակվում:

 

«Սիփանը, երբ սկսում է դա կազմակերպել, հասկանում է, որ չի կարող շրջանցել «ամենայն հայոց աներձագին», որովհետև Աննա Հակոբյանն է այն մարդը, որը որոշում է՝ ով և ինչ պետք է անի մաքսային տեսչությունում, որովհետև նա այնտեղ ունի դրածո՝ Շուշաննա Ներսիսյանը, որն ավելի հայտնի է «Նակոլկա Շուշո» մականունով: Եվ ուրեմն, դիմում են Հրաչյա Հակոբյանին, նա համաձայնեցնում է Աննայի հետ, նա զանգահարում է, և կանաչ լույսերը վառվում են․ կարանտինի պայմաններում մի ամբողջ ինքնաթիռ մաքսանենգ ապրանքով մեկնում է ՀՀ-ից»,- ասել էր Միքայել Մինասյանը։

2. Ո՞ւմ եք հարցաքննել սույն ստուգողական գործողությունների շրջանակում»:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից մեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին.

«12.05.2020 թ. Միքայել Մինասյանի՝ «Կրասնոդար քաղաքում ձերբակալվել է 40 տոննա քաշով հայկական առանց ակցիզ ծխախոտ» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների վարչությունում կատարվել են դեպքի իրական հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ բոլոր տեսակի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այդ թվում՝ հարցումների են ենթարկվել դեպքի հետ հնարավոր առնչություն և մասնակցություն ունեցած իրավաբանական ու ֆիզիկական անձինք, որոնց վերաբերյալ տեղեկություն չի կարող տրամադրվել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի հիմքով»։

Նկատենք, որ  «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը սահմանում են, որ՝  «1. Տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա՝ 1) պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք, 2) խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը»:

Հիշեցնենք՝ 168.am ավելի վաղ ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանից հետաքրքրվել էր՝ արդյոք այդ գործողությունների շրջանակում լսե՞լ են նաև իրեն՝ հաշվի առնելով, որ Միքայել Մինասյանի հայտնի հրապարակման մեջ հիշատակվում էր նաև նրա անունը: Ի պատասխան՝ ՊԵԿ փոխնախագահը հայտնել էր. «Ոստիկանությունում իրականացվող՝ Կրասնոդար քաղաքում ձերբակալված ծխախոտի ստուգողական գործողությունների շրջանակը որևէ կերպ չի առնչվել ինձ հետ»։

Հիշեցնենք նաև՝ 168.am-ն ավելի վաղ հրապարակել էր թեմայի վերաբերյալ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիփան Փաշինյանի և Հրաչյա Հակոբյանի մեկնաբանությունները

Հարցում էինք ուղարկել նաև ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին, ստացել «պատասխան», որտեղ, սակայն, չկային կոնկրետ հարցադրումների պատասխանները։

Նկատենք՝ իր ուղիղ եթերներում հենց նրանց անուններն էր հիշատակել Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը: Ի դեպ, «ծխախոտային սկանդալի վերաբերյալ» Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում տարածել էր նաև երկրորդ տեսանյութը «Մաքսանենգ ծխախոտով երկրորդ ինքնաթիռը կալանավորվեց. սրանք իսկականից գիժ են» խորագրով:

Տեղեկացնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը և նրա եղբայրը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, քաղաքացիական հայց են ներկայացրել ընդդեմ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի: Հայցվորները պահանջում են հրապարակայնորեն ներողություն խնդրել, հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները և փոխհատուցել պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառած վնասը: Դատական հայցը մակագրվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին: Հայցվորների ներկայացուցիչ Լիլիթ Ենոքյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ ներկայացված հայցի հիմքը Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութն է, որտեղ Մինասյանը, խոսելով «ծխախոտային սկանդալի» մասին, նշել էր նաև Աննա Հակոբյանի, Հրաչյա Հակոբյանի, ինչպես նաև «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Սիփան Փաշինյանի անունները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ