07 07 2020

ՄԻԵԴ-ի ապտակը՝ իշխանություններին. ովքեր պետք է պատասխան տան․ «Ժողովուրդ»

ՄԻԵԴ-ի ապտակը՝ իշխանություններին. ովքեր պետք է պատասխան տան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Դեռևս հունիսի 29-ին հայտնի դարձավ, որ ԱԺ-ի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխություններից հետո ՍԴ երեք արդեն նախկին դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Սահմանադրական դատարանի արդեն նախկին նախագահ Հրայր Թովմասյանը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

 

Եվ, ահա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավականին օպերատիվ կերպով ՀՀ կառավարությանը հարցաշար է ուղարկել դատավորների մասին: Սա, համաձայնեք, ինչ-որ չափով ապտակ է ՄԻԵԴ-ի կողմից ՀՀ իշխանությունների իրավաբանական թևին: Ու եթե ՄԻԵԴ-ը որոշի ընդունել հայցի ապահովման միջնորդությունը և կասեցնել ՍԴ երեք դատավորների պաշտոնանկության ու նախագահի գահընկեցության գործընթացը, ապա առնվազն երեք անձինք՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ինչպես նաև ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պետք է հրաժեշտ տան իրենց պաշտոններին:

Ինչո՞ւ. որովհետև հենց նրանք էին պարտավոր ապահովել միջազգային հանրության հետ համագործակցությունն ու հասկացվածությունը, անխոցելի նախագիծ մշակել, ինչը, ըստ էության, չի արվել:

 

Նկատենք, որ ՄԻԵԴ-ի նման օպերատիվ գործելաոճի հարցում մեծ դերակատարում ունի նաև Վենետիկի հանձնաժողովի նկատմամբ մեր երկրի վերաբերմունքը: Որքան էլ աներկբա լինի այն, որ ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի եզրակացություններն ունեն խորհրդատվական բնույթ, այնուամենայնիվ, ՀՀ իշխանությունները չեն կարող նսեմացնել կառույցի դերը և չհետևել տրված խորհուրդներին:

Ի վերջո, ՄԱԿ-ի որոշումներն էլ ունեն խորհրդատվական բնույթ, բայց դրանց պարտադիրության մասին բոլորը մշտապես գիտեն: Եվ այս պարզ իրողությունը հաշվի առնելով՝ ԵԽԽՎ-ն չէր կարող թույլ տալ, որ անտեսվի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը` ԵԽԽՎ-ն արժեզրկելով բոլոր 47 անդամ երկրների համար:

Իսկ ինչ վերաբերում է ՍԴ դատավորների ճակատագրին, ապա եթե ՄԻԵԴ-ը հայցի ապահովման միջոց կիրառի, նշանակում է կասեցնել դատավորների պաշտոնանկության գործընթացը, մինչև բուն գանգատը կքննվի, ինչը կարող է տարիներ տևել: Եթե առաջիկա օրերին նման զարգացում լինի, ապա Հրայր Թովմասյանը պետք է շարունակի կատարել ՍԴ նախագահի պարտականությունները, իսկ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը պետք է մնան դատավորներ, մինչև ՄԻԵԴ-ը վերջնական որոշումը կայացնի:

Իհարկե, ՀՀ իշխանությունները կարող են նաև չկատարել ՄԻԵԴ կայացրած որոշումը հայցի ապահովման մասով, ինչը կունենա արդեն կոնկրետ քաղաքական հետևանքներ ԵԽ նախարարների կոմիտեում` առավել բարդ հեռանկարներով: Հաշվի առնելով վերը բերվածը՝ կարելի է եզրակացնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահելի իրավաբանական թևը հերթական անգամ անհարմար դրության մեջ դրեց կառավարությանը` խորապես չհաշվարկելով իրավաբանական հետևանքները»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ