06 07 2020

Կառավարությունն առաջարկել է ընդլայնել Արարատ Միրզոյանի լիազորությունները. 168.am

Կառավարությունն առաջարկել է ընդլայնել Արարատ Միրզոյանի լիազորությունները. 168.am

168.am-ը գրում է․ «Կառավարությունը հերթական չզեկուցվող նախագծերից մեկով Ազգային ժողովին առաջարկում է փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում։

 

Նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցու­թա­յին խորհրդում ներկայացուցիչ նշանակի ոչ թե Ազգային ժողովը, այլ Ազգային ժողովի նախագահը, որով ընդլայնվում են, փաստորեն, այս պահին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի լիազորությունները։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ Կառավարության ընդունած որոշման նախագծից պարզ չէ՝ Ազգային ժողովի նախագահը նախքան ներկայացուցիչ նշանակելն արդյոք տվյալ ներկայացուցչի թեկնածության հարցը քննարկմա՞ն է դնելու Ազգային ժողովում, ինչը ենթադրում է, որ խորհրդարանական բոլոր խմբակցություններն էլ կկարողանան իրենց տեսակետն արտահայտել այս կամ այն թեկնածուի վերաբերյալ։

 

«Կառավարության ընդունած նախագծից պարզ չէ նաև, թե ԱԺ նախագահն այդ ի՞նչ ընթացակարգով է ներկայացնելու այդ թեկնածուին՝ միանձնյա՞, առանց քննարկելո՞ւ, թե՞ թեկնածությունը ներկայացվելու է խորհրդարանին։ Իհա՛րկե, անկախ ամեն ինչից՝ թեկնածուն ընտրվելու է մեծամասնության կողմից, պարզ է, որ, ի վերջո, իրենք են ընտրելու, խնդիրն այստեղ թեկնածության քննարկման մեջ է։ Ես միակ խնդիրն այս նախագծում տեսնում եմ դրանում. գոնե քննարկում լինի, որ իմանանք՝ ով է։ Քննարկումը կլինի ժողովրդավար մոտեցում։ Նշեմ, որ այս որոշման նախագծով՝ փաստորեն, ունենում ենք  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի լիազորությունների ավելացում»,- ասաց Հոկտանյանը։

Ինչ վերաբերում է նման որոշումը որպես Կառավարության օրակարգի չզեկուցվող հարց ներկայացնելուն՝ Վարուժան Հոկտանյանն ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ չափանիշերով են առաջնորդվում այս կամ այն հարցը զեկուցվող կամ չզեկուցվող համարելու մասին որոշում կայացնելիս։

«Այս դեպքում ստացվում է՝ մենք գործ ունենք շոուի հետ։ Իրականում, երբ նախկիում ծավալվեցին այդ քննարկումները, ես կողմ էի, որ նիստերը փակ լինեն՝ պայմանով, որ դրա ավարտից հետո օրակարգի հարցերի վերաբերյալ տրվեր ասուլիս, թե չէ այսպես զեկուցվող ու չզեկուցվող այս հարցերը դարձել են շատ լուրջ խնդիր»,- ասաց Վարուժան Հոկտանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ